×


Նոննա եւ Վահագն. երբ ամուսնանում են պարողն ու դերասանուհին:)

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհին եւ “Բարեկամություն” անսամբլի պարողն առաջին անգամ միմյանց հանդիպել են երեք տարի առաջ՝ միջոցառումներից մեկի ժամանակ, երբ դերասանուհին իր թատրոնի կազմի հետ ներկայացում է խաղացել, իսկ ապագա ամուսինը՝ անսամբլի հետ պարել: Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանն ամուսնացել են մոտ երկու ամիս առաջ:

Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը


“Մեր ծանոթությունից հետո, երբ արդեն իմ ընկերն էր, հետո՝  նշանածս, պարբերաբար գալիս էր թատրոն, պարային բեմադրություններ էր անում: Մեր թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի առաջարկով այժմ աշխատում է մեզ մոտ՝ որպես պարուսույց”, - BRAVO.am-ին պատմել է Նոննան:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում. “Առ այսօր խոսում ենք հարսանիքի մասին ու ծիծաղելի պահեր հիշում, որովհետեւ սովորական քեֆի փոխարեն թատրոնի ու պարի խմբով շոու էինք կազմակերպել. նույնիսկ մարդիկ կողքից մտածում էին՝ ոչ թե հարսանիք է, այլ դերասանների մասնակցությամբ նկարահանում:)”:

Նոննայի եւ Վահագնի պսակադրությանը


Նրանց հարսանեկան արարողությանը ներկա է եղել թատրոնի անձնակազմը՝ դերասանները, պարի անսամբլի պարողները, ազգականները եւ այլք: “Հումոր, պարային համարներ, երաժշտական դուետներ, նույնիսկ ես չդիմացա եւ երգեցի…:) Ավանդական տանգոյի ու վալսի փոխարեն ամուսնուս հետ լատինո ու բաչատա էինք պարում: Մեր հարսանիքին երեւի 10 րոպե հազիվ նստած լինենք, անընդհատ պարում էինք, մեր ընկերներն էլ շքեղացնում էին հարսանիքը”, - իր հարսանեկան տպավորություններով կիսվել է Նոննա Գրիգորյանը:

24-ամյա դերասանուհին մոտ 6 տարի աշխատում է Կամերային թատրոնում, խաղում է  “Կաբարե”, “Կառավարական համերգ”, “Անտեր Ground”, “Ի զեն” եւ այլ ներկայացումներում: Թատրոնին զուգահեռ՝ նկարահանվել է մի քանի սերիալներում ու հեռուստատեսային նախագծերում. “Մոտ մեկ տարի նկարվում էի  “Ընտանեկան պատմություններ” ծրագրում, դրանից հետո ավելի շատ մարդիկ սկսեցին ճանաչել ինձ, չնայած ավելի լավ եմ զգում, երբ ճանաչում են որպես թատրոնի դերասան, ինչը կրկնակի հաճելի է”:

Նորապսակները Արա Երնջակյանի հետ


Նոննա Գրիգորյանը սովորել է “Հայֆիլմ”-ի կինոդերասանի ստուդիայում, նաեւ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, այժմ Մանկավարժական համալսարանի ուսանող է. “Հիմա մասնագիտանում եմ խմբավարական արվեստում: Մասնագիտություններս համատեղում եմ՝ դերասան եմ, որը նաեւ ջութակահար է եւ վոկալիստ”:

Վահագնը, որը կնոջից մեծ է 4 տարով, նրան խրախուսում է աշխատանքում, թեեւ Նոննայի խոսքերով՝ երբեմն էլ քննադատում է, հատկապես երբ կինը բեմում լավ չի պարում:). “Քանի որ միասին ենք աշխատում, որոշ դեպքերում խանգարում է. օրինակ՝ աշխատանքային քննարկում ենք ունենում, վիճում ենք, հետո անձնականին անցնելով, հասկանում, որ աշխատանքի պատճառով լարված ենք: Բայց ինձ համար շատ հաճելի է, որ նույն ոլորտում ենք աշխատում. բեմական կյանքը դրանից միայն շահում է”:

Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը


Ամուսնությունից հետո նրանք ապրում են Վահագնի մայրիկի հետ. “Սկեսուրս ինձ շատ օգնում է, ժամանակին տան հոգսերով զբաղվել է, հիմա իմ հերթն է: Տանը փորձում եմ կենցաղային գործերը հասցնել, պատասխանատվությունն ավելացել է: Հիմա ավելի ինքնուրույն ու հասուն եմ ինձ զգում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նոննայի եւ Վահագնի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW