×


Նորաձեւ իրարանցում Փարիզում :)

Փարիզում իրարանցում է. Chanel, Luis Vuitton, Nina Ricci, Valentino, Issey Miyake, Elie Saab, Christian Dior, Stella McCartney եւ տասնյակ այլ հանրահայտ անունների prêt-à-porter աշուն-ձմեռ 2016/2017 հավաքածուներն արդեն Ֆրանսիայի մայրաքաղաքում են: Սովորաբար նորաձեւության շաբաթվա շրջանակում կազմակերպված ցուցադրություններն անց են կացվում արվեստի օջախներում, ինչպես, օրինակ` Լուվրում, Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոնում, «Պալե դե Տոկիո»-ում կամ Գեղարվեստի դպրոցի սրահներում, բայց այս տարի դրանց անցկացման վայրն ու ժամը մնաց գաղտնիք, եւ միայն նորաձեւության աշխարհի հետ սերտ կապ ունեցող հաջողակները կարողացան մասնակցել դեֆիլեներին:

«Iris in Paris» ցուցահանդեսին


Սակայն Փարիզում տխրելու ժամանակ չկա, քանի որ «Iris in Paris» ցուցահանդեսն արդեն հյուրընկալում է հազարավոր այցելուների:    Նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ այս տիկինը` նյույորքաբնակ Այրիս Ափֆելը, այս տարի նշում է իր 94-ամյակը: Նա կարող է պատմել Միացյալ Նահանգների ինը նախագահների օրոք Սպիտակ տան ինտերիերային փոփոխությունների մասին, քանզի եղել է դրանց հեղինակը:

Նա ատում է չափանիշներն ու կրկնօրինակումները, առօրյա միապաղաղ ոճն ու ժամանակակից անգույն երիտասարդությանը.«Ամենակարեւորը հարուստ երեւակայությունն է,-ասում է Ափֆելը,- նորաձեւությունը կարելի է ձեռք բերել, ոճը` ոչ»:

«Iris in Paris» ցուցահանդեսին


Օգտվելով իր անձնական հավաքածուի զգեստներից` Այրիս Ափֆելը ցուցահանդեսի շրջանակում առաջարկում է ֆրանսուհիներին տասը կերպար տասը տարբեր առիթների համար (օպերա, սրճարան, զբոսանք եւ այլն), որոնք զուգորդվում են հեղինակի մեկնաբանություններով եւ կարճ ֆիլմերով` նկարահանված իր շքեղ տանը՝  Նյու Յորքում: Հատուկ «Iris in Paris» ցուցահանդեսի համար նորաձեւության այս խորհրդանիշը ստեղծել է նաեւ մի շարք աքսեսուարներ, որոնք կարելի է գնել ցուցադրության ընթացքում:

Կարմիր արեւային ակնոցներ, մեծ զարդեր, աննկարագրելի գույներ եւ անհամադրելի ոճերի համադրություններ` այս ամենը վկայությունն է, որ տիկին Այրիս Ափֆելը Փարիզում է:

Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport