×


Նորա Գրիգորյանը՝ երկվորյակների խնամքի եւ սթրեսը հաղթահարելու մասին

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-դերասաններ Նորա Գրիգորյանն ու Էրվին Ամիրյանն իրենց երկվորյակների՝ Լիանայի եւ Կոնստանտինի հետ նոր ֆոտոշարք ունեն։ Երիտասարդ ընտանիքին լուսանկարել է նրանց մտերիմ լուսանկարիչ Հովիկ Կարապետյանը, որի առաջարկով էլ այն իրականացրել են Երեւանից դուրս՝ Ապարան տանող ճանապարհին։

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը՝ երկվորյակների հետ


Նորան BRAVO.am-ին է տրամադրել 10 ամսական երկվորյակների լուսանկարները եւ պատմել իր առօրյայի եւ երեխաների խնամքի բարդությունների մասին.«Առաջին անգամ էինք միասին Երեւանից դուրս գնում, փոքրիկներս ավտոմեքենայում երջանկությունից ծափ էին տալիս։ Տղաս ատամներ հանելու պատճառով անհանգիստ էր, իսկ աղջիկս հաճույքով լուսանկարվում էր։ Նա դեռ ատամներ չունի, սպասում ենք, որ միասին նշենք ատամհատիկի արարողությունը»։

Նորա Գրիգորյանը՝ որդու հետ


Նորան թատրոնում մանկական նոր ներկայացում է բեմադրում՝ դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի հիման վրա։ Փոքրիկներին մեկ անգամ թատրոն տարել է, բայց այժմ չի ցանկանում աշխատանքի վայր տանել.«Այդ օրը Էրվինը մանկական ներկայացում էր խաղում, կուլիսներում երեխաները դերասանների գրիմից վախեցան, Էրվինին էլ չճանաչեցին։ Օրական երկու-երեք ժամ թատրոնում զբաղվում եմ փորձերով, այդ ընթացքում տանը նրանց խնամում են սկեսուրս, մայրս կամ դայակը։ Կոծիկն ու Լյալյան արդեն սովորել են, որ տնից բացակայում եմ, բայց երեկոյան ժամերին պարտադիր զբոսնում ենք, առանց ինձ չեն քնում։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ սովորել են եղանակային փոփոխություններին, նույնիսկ օդափոխիչի առկայությամբ քնում են, քամու դեպքում էլ թեթեւ հագուստ են կրում. ինչպես սովորեցնեմ, այդպես էլ կմեծանան»։

Նրա այժմյան հանդիսականները երկվորյակներն են, որոնց համար «մոնոներկայացումներ» է խաղում, երգում ու պարում. «Նրանց համար միացնում եմ իմ մանկության ռուսական մուլտֆիլմերը, հատկապես սիրում են «Բրեմենյան երաժիշտներ»-ն ու «Անտոշկա»-ն, իսկ երբ հոգնում են, մենք ենք պարում ու երգում:)»։

Էրվին Ամիրյանը՝ որդու հետ


Նորան անկեղծորեն պատմում է, որ հետծննդաբերական շրջանում ֆիզիկապես ու հոգեպես բարդ փուլեր է հաղթահարել.«Վախեր ունեի, քանի որ նորածին երեխաների հետ բոլորովին չէի առնչվել. առանձնապես երեխաների հանդեպ սեր չեմ ունեցել։ Շատ դժվար էր, միաժամանակ այնպես էին ճչում ու լաց լինում, որ չէի դիմանում։ Կարեւորն ընտանիքի անդամների աջակցությունն է, առաջին հերթին  մայրս օգնեց, որ սթրեսային իրավիճակից դուրս գամ։ Հղիության շրջանում բարդույթավորվում էի իմ գիրությունից, մայրանալուց հետո էլ բեմ բարձրանալիս ինձ ծանր էի զգում, մեջքի ու ոտքի ցավի պատճառով ինձ վատ էի զգում։ Հասկացա, որ շտապ պիտի նիհարեմ։ Ուժերս հավաքեցի ու կենտրոնացա չուտելու վրա, ինձ զրկում եմ համեղ ուտեստերից։ Մինչ հիմա չէի կարողանում օրակարգս դասավորել, բայց որոշել եմ ամուսնուս հետ նաեւ մարզասրահ հաճախել»։

BRAVO.am
Լուսանկարները` Հովիկ Կարապետյանի եւ «Կետիկյան» ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին