×


Նորա Գրիգորյանի երկվորյակները՝ BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում :)

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-դերասաններ Էրվին Ամիրյանի եւ Նորա Գրիգորյանի համար այս Ամանորն առանձնահատուկ է. 2017 թվականը զույգը կդիմավորի 3,5 ամսական երկվորյակների հետ։ BRAVO.am-ը հյուրընկալվել է Նորայի հոր՝ Ալեքսանդր Գրիգորյանի տանը եւ լուսանկարել նրանց ընտանիքին։

Նորա Գրիգորյանը եւ Էրվին Ամիրյանը՝ երկվորյակների հետ


Սեպտեմբերի 15-ին լույս աշխարհ եկած Լիանային ու Կոնստանտինին վերջին շրջանում ավելի շատ խնամում է Նորայի մայրը.«Նոր ներկայացման փորձերի ընթացքում ծնողներիս տանն եմ մնում, որ մայրս օգնի խնամել։ Այս ընթացքում Էրվինը մեր տան համար մեծ ու գեղեցիկ տոնածառ էր գնել, ինքնուրույն ձեւավորել, երբ վերադարձանք, անակնկալի եկա նրա հաճելի քայլից»։

Երկվորյակների մայրիկը նշել է, որ երեխաները բնավորությամբ տարբեր են.«Տղաս խիստ ու լուրջ է, բոլորին չի ժպտում, միայն իրեն ծանոթ դեմքերի հետ է շփվում, իսկ աղջիկս ժպտերես ու նուրբ է։ Քաշով Կոնստանտինն ավելի ծանր է, շատ է ուտում։ Արդեն բլբլում են, երկուսն էլ շատ են սիրում երաժշտություն, «Անաստասիա» մուլտֆիլմի վալսը սիրելիներից մեկն է, միշտ միացնում եմ»։

Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի երկվորյակները


Դերասանների ընտանիքը տոներն անցկացնում է ավանդական տարբերակով, այս տարի էլ ծնողների հետ կդիմավորեն.«Չգիտեմ՝ ուրախալի է, թե՝ տխուր, մենք մեծ Նոր տարի ենք նշում։ Ծնողներս թատրոնի ոլորտից բազմաթիվ հյուրեր են ունենում, մամաս միշտ շքեղ տոնական սեղան է պատրաստում։ Իհարկե, շատ է չարչարվում, բայց հետո հաճոյախոսություններ է լսում հյուրերից:)։ Նրա պատրաստած թոքի պաշտետը «ֆիրմային» ուտեստ է դարձել, ծանոթներս գալիս են այդ պաշտետը փորձելու։ Ասում են՝ ինձ մոտ էլ խոզի բուդն է համով ստացվում, ապացույցը, որ մի կտորի փոխարեն մի քանի կտոր են ուտում։ Դե, մայրիկիս բաղադրատոմսերով եմ պատրաստում, այնպես որ, իմ տան պաշտետն էլ համով է»։

Ռուսական թատրոնում ամուսինները միասին բեմադրել են ամանորյա մանկական ներկայացում՝ «Կարմիր գլխարկը». «Ես հեքիաթն ավելի թատերական եմ դարձել, Էրվինն էլ երաժշտական լավ ճաշակ ունի, շատ հարցերում ինձ օգնում է, որովհետեւ երեխաների հետ խառն եմ, թերություններն ու մանրուքներ չեմ նկատում։ Միասին երկրորդ անգամ ենք ներկայացում բեմադրում։ Մեր թատրոնի երիտասարդ դերասանների մեծ մասը զբաղված են, նաեւ դեբյուտային դերով խաղում է ուսանողուհիս՝ Շուշաննան»։

Ալեքսանդր Գրիգորյանը՝ թոռնուհու հետ


Էրվին Ամիրյանը 3-րդ տարին անընդմեջ ռուսական թատրոնի Ձմեռ պապն է.«Քանի որ մեր բալիկները դեռ փոքր են, հաջորդ տարի եղբայրս՝ Սաշը, Ձմեռ պապի հագուստով հյուր կգա մեզ։ Նա այնպես է լեզու գտնում նրանց հետ, որ նկարելիս միշտ իր հեռախոսի ֆոտոխցիկին են նայում։ Մեր ծնողները շատ են կապվել երեխաների հետ, Նոր տարին էլ անպայման միասին կնշենք»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին