×


Նուռի ընտանիքը՝ Ֆլորենցիայի բիենալեին

Նուռը սեր քարոզող ճանճերին բերում է Երեւան

Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Նուռը Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում ստացել է Մեդիչիի  «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։

Հոկտեմերի 6-ից 15-ը կայացած բիենալեի «Ոսկերչության արվեստ» անվանակարգում Նուռը դարձել է գլխավոր մրցանակակիր: Նա ներկայացրել է մեծ ու փոքր ճանճեր, որոնցից մեծը 3 մ բարձրությամբ,  350 կգ քաշով բրոնզաձույլ արձան է։

Նուռն արժանացել է Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալի


Իտալիայում գտնվող քանդակագործը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր նպատակն է այլաբանորեն փոխել մարդկանց վերաբերմունքն ատելության նկատմամբ։ Փոքր ճանճը պատմում է սիրո մասին, քարոզում է սեր ու ներողամտություն.«Որպեսզի կարողանաս սիրել, ինչն ատում ես, պետք է աշխարհը տեսնես իր աչքերով։ Օրինակ՝ ճանճն իր տեսանկյունից ամենալավն ու բարին է, ինչպես մեր կողմից ատելի ցանկացած կերպար։ Եթե մենք մտնենք նրա «մարմնի» մեջ ու աշխարհը տեսնենք ճանճի աչքերով, միգուցե կարողանանք նրան սիրել։ Աշխարհն այսօր ներելու, հասկանալու ու սիրելու կարիք ունի»։

Մեծ ճանճը կշռում է 350 կգ, համարվում է ոսկերչական աշխատանք, պատրաստված է բրոնզից, կիսաթանկարժեք քարերից եւ ոսկուց.«Մեծը փոքրի հակադիր բեւեռն է, որը դարձել է ծանր, գրավում է ավելի մեծ տարածքներ, ինչպես մարդկանց պարագայում է լինում։ Մեծանալու հետեւանքով կորցնում են հայացքի մաքրությունը, աշխարհը տեսնում են ավելի ագրեսիվ գույների մեջ, ավելի ընդհանրացված, այլեւս չեն նկատում մանրուքների կարեւորությունն ու կորցնում են կապը բնության հետ։ Մեծ ու ծանր քաշով աշխատանքն արել եմ այն նպատակով, որ մարդիկ ձգտեն փոքրին, նկատեն մանրուքները»։

Երկու տարին մեկ անցկացվող բիենալեին այս անգամ առկա էր 12 անվանակարգ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, լուսանկարչություն եւ այլն։ Մասնակցել է 417 արվեստագետ 74 երկրից, որոնք ներկայացրել են 1000-ից ավելի աշխատանք։ Հայաստանը ներկայացրել է նաեւ գեղանկարչուհի Մարգարիտա Ներսիսյանը, որն ապրում է Հունաստանում։

Նուռի ընտանիքը՝ Ֆլորենցիայում


Նուռը մեկնել է ընտանիքի հետ, արդեն 15 օր է՝ Իտալիայում է, այսօր կվերադառնան Հայաստան.«Ամեն օր տեղի էին ունենում միջոցառումներ ու դասընթացներ։ Իմ թեմայով անցկացնում էի հանդիպումներ, որոնք պետք է շարունակեմ այլ վայրերում. այս աշխատանքը պետք է ցուցադրեմ հնարավորինս շատ երկրներում։ Կինս ու  աղջիկներս ամեն հարցում ինձ օգնում ու քաջալերում են։ Քանդակներն ինքնաթիռով տեղափոխելը դժվար է, հենց այս պահին քանդակը մասերի ենք բաժանում ու փաթեթավորում, որ վերադառնա Հայաստան։ Մեծ ու փոքր ճանճերը դեռ կճամփորդեն»։

Խոսելով մրցանակի մասին՝ նա նշել է, որ հաղթողները դրամական պարգեւ չեն ստանում.«Այս մրցանակը ցանկացած նկարչի համար այնքան կարեւոր է, որ գումարն այստեղ անէական է։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ ընտանիքս ու ընկերներս՝  Հասմիկ Թորոսյանը, Վիգեն Ավետիսը, ինձ հետ կիսում են ուրախությունս։ Օրեր առաջ միասին նաեւ նշեցինք ծննդյանս օրը, իսկ երեկ արդեն՝ հաղթանակը։ Երեւանում էլ կնշենք առիթը, կարոտով եւ մեծ ուրախությամբ վերադառնում եմ»։

BRAVO.am    
Լուսանկարները` Նուռի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին