×


Շախմատիստ Գաբրիել Սարգսյանն այսօր ամուսնացավ :)

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամեր առաջ տեղի է ունեցել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի եւ նրա ընտրյալի` Լիանա Ավոյանի պսակադրությունը, որի ֆոտոշարքը ներկայացնում է BRAVO.am-ը:

Լիանա Ավոյանը եւ Գաբրիել Սարգսյանն ամուսնացել են


Հարսանեկան արարողությանը ներկա են ինչպես նրանց հարազատներն ու բարեկամները, այնպես էլ շախմատի օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը: Գաբրիելի փոխանցմամբ` շախմատիստ-ընկերներից ներկա չէ միայն Վլադիմիր Հակոբյանը, քանի որ ընտանիքի հետ մեկնել է արտերկիր:

Լեւոն Արոնյանը սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ


Զույգի կնքահայրը ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է: BRAVO.am-ի հետ զրույցում հարսանիքից առաջ շախմատիստը նշել է` իր ամենամեծ ցանկությունն է, որ հյուրերի տրամադրությունը բարձր լինի եւ ավելորդ լարվածություն չլինի.“Այնպես ենք կազմակերպել, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցնի: Իսկ հարսանեկան նվերների հետ կապված հատուկ ցանկություն չունեմ. ինձ համար այդքան էական չէ, թե ինչ կնվիրեն”:

Գաբրիելի եւ Լիանայի հարսանեկան խնջույքը տեղի կունենա “Օջախ” ռեստորանում, որին հրավիրված է մոտ 320 հոգի.“Հատուկ հարսանիքի համար արտերկրից շատ մտերիմ մարդիկ են եկել` Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը: Խաչեղբայրս էլ ժամանել է Ամերիկայից”:

Գաբրիել Սարգսյանի եւ Լիանա Ավոյանի պսակադրությանը


29-ամյա շախմատիստը կնոջից մեծ է 9-ը տարով: Լիանան սովորում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, ապագա տնտեսագետ է.“Դեռ ուսանող է եւ իր ձգտումներից ու ցանկությունից է կախված, թե որտեղ կաշխատի. ես միայն կօգնեմ, որ հաջող կարիերա ունենա”,-նշել է Գաբրիելը:

Նրանք ծանոթացել են 2012 թվականի հունվարին` “Շախմատի տանը”, իսկ նշանադրությունը կայացել է այս տարվա ապրիլի 30-ին.“Ծնողների հետ ծանոթությունն էլ, նշանադրությունն էլ եղել է ավանդական տարբերակով: Բայց, ի տարբերություն հարսանիքի, մեր նշանադրությունը տանն ենք արել` ընտանեկան միջավայրում”,-պատմել է Գաբրիելը Սարգսյանը, որը 2000 եւ 2003 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 2006, 2008, 2012 թվականներին` Օլիմպիական չեմպիոն:

Զույգի կնքահայրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է


Գրոսմայստերն իր կյանքի կարեւորագույն օրերից մեկը նշում է հայկական տարբերակով` պահպանելով հնարավորինս շատ ավանդույթներ: Նորապսակները հարսանիքից մոտ 1 շաբաթ հետո կմեկնեն Մալազիա` վայելելու մեղրամիսը. երկուսն էլ առաջին անգամ են լինելու ասիական այս երկրում.“Քանի որ հիմնականում եվրոպական երկրներում եմ մրցաշարերի մասնակցում, որոշեցինք այնպիսի երկիր ընտրել, որտեղ երկուսս էլ չենք եղել: Երեւի թե երկու շաբաթ կմնանք ու կվերադառնանք: Բնակվելու ենք իմ հայրական տանը` ծնողներիս հետ”:

BRAVO.am-ը շնորհավորում է Գաբրիել Սարգսյանին եւ Լիանա Ավոյանին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին