×


Շառլ Ազնավուրը` Նարեկ Մակարյանի երջանկության արցունքների պատճառ :)

“Հայաստանի ձայնը” երաժշտական հեռուստանախագծի մասնակից Նարեկ Մակարյանն իր մարզիչ Սոֆի Մխեյանի հետ մի քանի երգի տարբերակ է քննարկել, ընտրել Շառլ Ազնավուրի “Une Vie D’amour” երգն ու կատարել հերթական գալա համերգի ժամանակ: Նարեկի այս ելույթի տեսագրությունն երեկ հետեւյալ մեկնաբանությամբ տեղադրվել է աշխարհահռչակ շանսոնյեի “ֆեյսբուքյան” էջում.“Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգիչ Նարեկ Մակարյանին: “Հայաստան”-ի ձայնի թեկնածուներից է ու Ազնավուր է երգում”:

Նարեկ Մակարյանի ելույթի տեսագրությունը տեղադրվել է Շառլ Ազնավուրի "ֆեյսբուքյան" էջում


BRAVO.am-ի հետ զրույցում Նարեկը նշել է, որ ինքն էլ գրառման տակ ընկերների օգնությամբ մեկնաբանել է ֆրանսերենով, քանի որ այս լեզվին դեռ լավ չի տիրապետում.“Գրել էի, որ շնորհակալություն եմ հայտնում մեծն մաեստրո Շառլ Ազնավուրին, որ ուշադրության եմ արժանացել: Սա ինձ համար մեծագույն պատիվ է”:

Նարեկ Մակարյանը


20-ամյա երգիչն այս արձագանքն արդեն հաղթանակ է համարում. “Ընկերներիցս մեկն ինձնից ավելի շուտ նկատեց եւ ուղարկեց: Նայեցի ու չեմ թաքցնի, որ աչքերիցս երջանկության արցունքներ եկան: Առաջին պահին իրոք շոկային վիճակում էի: Նախորդ ելույթիս համար էլ Սիրուշոյի “Հավատում եմ” երգն էի վերցրել, նա էլ իր “ֆեյսբուքյան” էջում էր ելույթս տեղադրել: Ինձ համար շատ հաճելի է, որ կատարումներս նրանց հավանությանն են արժանացել”:

Սոֆի Մխեյանը


Սոֆի Մխեյանն էլ, որը նախագծում Նարեկի մարզիչն է, BRAVO.am-ին հայտնել է` շատ գոհ է նրա այս ելույթից, ոգեւորվել ու հպարտացել է` Շառլ Ազնավուրի “ֆեյսբուքյան” էջում տեսնելով հղումը. “Սքանչելի երգ է, լավ իմաստով` վտանգավոր, քանի որ հայտնի կատարումից հետո դժվար է նորից երգել, բայց Նարեկն այս ոճի մեջ լիարժեք է: Եթե կատարումն արժանի չլիներ, վստահաբար, լեգենդի “ֆեյսբուքյան” էջում տեղ չէր գտնի: Ես սա համարում եմ Նարեկի ու իմ հաղթանակը, մեզ շատ ոգեւորել է ու հպարտանալու առիթ տվել”:

Սոֆի Մխեյանը եւ Նարեկ Մակարյանը


Նշենք, որ Նարեկ Մակարյանն այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի մագիստրատուրայի առաջին  կուրսում, այս հունվարին ներկայացրել  է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանված է կոմպոզիտոր  Արամ Սաթյանի “Անձրեւ” երգի հիման վրա:

BRAVO.am
Լուսանկարները` “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին