×


Շառլ Ազնավուրը կոչ է արել քվեարկել Նառա Նոյանի օգտին :)

Մայիսյան այս տոնական օրերին մեր հայրենակիցները փորձում են մեր ազգին հաղթանակ նվիրել իրենց տաղանդով։ “Եվրատեսիլ”-ի համացանցային տարբերակ համարվող “EuroMusic Contest 2014”-ին մասնակցում է բելգիաբնակ հեղինակ-կատարող Նառա Նոյանը: Այսօր քվեարկության վերջին օրն է եւ յուրաքանչյուր քվեն կարող է երգչուհու հաղթանակի ճանապարհը հարթել։

Նառա Նոյանը


Նառա Նոյանը մինչ վերջին երկու օրը առաջին տեղն էր զբաղեցնում, սակայն այսօր երկրորդում է հայտնվել։ Նրա օգտին քվեարկելու համար կարող եք այցելել հետեւյալ հղմամբ` http://euromusiccontest.com/www-nara-noian-com: Նշենք, որ իր “ֆեյսբուքյան” պաշտոնական էջում Նառային սատարելու կոչով է հանդես եկել նաեւ Շառ Ազնավուրը: 

BRAVO.am-ի հետ զրույցում արտիստուհին նշել է, որ մրցույթին ներկայացրել է իր հեղինակային կատարումը` ֆրանսերեն լեզվով։ “Et si seulement”/“Եվ եթե միայն/ երգով նա ներկայացնում է Բելգիան, սակայն նշում է` իր մասնակցությունն այլ խորհուրդ ունի.“Կարծում եմ` հիանալի կլինի, եթե հաղթանակը մերը լինի եւ ստացվի, որ հենց հայազգի երաժիշտ է ներկայացրել այդ երկիրը։ Իսկ ես մշտապես կրկնում եմ իմ հայ լինելու մասին եւ սա եւս ազգիս պատիվը բարձրացնելու առիթ է ինձ համար”։

Նառա Նոյանը


Նրա խոսքով` սա դեռ առաջին փուլն է, հաջորդը հաղթահարելու դեպքում կհայտնվի հաղթողների ցանկում եւ կմասնակցի Փարիզում կայանալիք մեծ համերգին, որտեղ էլ բազմաթիվ երկրների օգտատերեր կընտրեն լավագույնին` կրկին համացանցային քվեարկությամբ։

Սա համացանցային երաժշտական ամենամեծ մրցույթն է Եվրոպայում` հիմնված նորարարական տեխնոլոգիաների վրա, որը բաց է եվրոպական բոլոր երաժիշտների համար եւ համագործակցելու հնարավորություն է ընձեռում սոցիալական ցանցերի միջոցով։ Առաջին անգամ “EuroMusic Contest”-ը կազմակերպվել է 2011-ին` 28 երկրում, իսկ այս տարի արդեն 40 երկիր է մասնակցում։

Նառա Նոյանը


Նառա Նոյանի “դերերը” 

Նառա Նոյանի ստեղծագործական կյանքը լի է “դերերով”. սկզբում հանդես է եկել որպես դաշնակահարուհի, հետո արդեն նաեւ դերասանուհի, երգչուհի, երգահան եւ սերունդներ կրթող։ Բազմաթիվ են այն պաշարները, որոնցով կարողացել է հարստանալ նրա արվեստը երեք երկրում, եւ որոնք դրոշմվել են իր կենսագրության մեջ.“Հայաստանում ծնվել եմ, կրթվել, հենց այստեղ եմ կերտվել, Ֆրանսիայում եղած տարիներին լցվել եմ ամենատարբեր էմոցիաներով` թե լավ, թե վատ, այստեղ նաեւ շարունակել եմ ուսումս։ Հիմա ապրում եմ Բելգիայում, հենց այստեղ եմ սկսել արդեն հանդես գալ եւ ներկայացնել այն, ինչ ստեղծագործում էի առաջ եւ հիմա”։

Նա արդեն 6 ձայնասկավառակ է թողարկել, հանդես է գալիս ամենատարբեր ոճերում։ Ասում է` որեւէ ոճ չի ընտրում ստեղծագործելիս, պարզապես գրում է այն երաժշտությունը, որն իրեն ի վերուստ է տրվում։ Նառա Նոյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում, նրա ոչ բեմական անունն է Աննա Նաիրա Մնոյան։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Նառա Նոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին