×


\"Քույրը\" սերիալից Շողեր Գրիգորյանը 25-ամյակն անցկացրել է միայնակ` լողավազանում :)

Շողեր Գրիգորյանը հուլիսի 4-ին դարձել է 25 տարեկան: Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է Հ1-ի “Քույրը” սերիալում, 22-ամյակն անցկացրել է Փարիզում, 23-ամյակը` Մարսելում, 24-ամյակը` Արցախում, սակայն մի շտապեք եզրակացնել, թե նա ճամփորդում է ծննդյան տարեդարձի առթիվ, հակառակը` փախչում է հեռու` օրը միայնակ անցկացնելու եւ նվերներից խուսափելու համար:):

Շողեր Գրիգորյանը


“Նախորդ տարի շատ ուշ, բայց հասել եմ Գանձասար` իմ երազանքների եկեղեցին: Իսկ երբ Մարսելում էի, բարեկամներիս հետ ողջ օրը Միջերկական ծովի ափին ենք եղել, բայց չենք նշել. նրանք միայն հաջորդ օրն իմացան այդ մասին:): Այս օրը միայն իմն եմ համարում, գիտեմ, որ ընկերներիս ուրախությունն էլ է, կարող է չափազանցնում եմ, բայց չեմ ուզում նրանց նեղություն տալ”,-ասել է հոբելյարը:

Շողեր Գրիգորյանը, որի ներկայացումներին ու մարմնավորած կերպարներին BRAVO.am-ն արդեն անդրադարձել է, մեզ հետ զրույցում խոստովանել է, որ իր ծննդյան տարեդարձին շատ փիլիսոփայորեն է վերաբերվում, 25-ամյակի գիշերը մտածմունքների պատճառով չի կարողացել քնել, իսկ երեկոն անցկացրել է միայնակ` երեւանյան բացօթյա լողավազաններից մեկում:

Շողեր Գրիգորյանը Գանձասարում


“Տարօրինակ է, բայց այդ օրը միշտ փախչում եմ: Մտքերիս հետ ջրում լողում էի… Այս տարբերակը դեռեւս ինձ դուր է գալիս: Իհարկե, օրվա ընթացքում մտերիմ ընկերներիս մի քանիսին հանդիպեցի, որքան էլ խուսափեցի, այնուամենայնիվ, ստացա նվերներ, իսկ ես չեմ սիրում, որ ինձ համար ժամանակ են ծախսում ու նվեր փնտրում, բայց շատ եմ սիրում, երբ ես եմ նվիրում”,-ասել է նա:

Դերասանուհու համար հուլիսի 4-ը սթրեսային է անցնում.“Երբեւէ քեֆ-խնջույքներ չեմ արել: Հստակ չգիտեմ` ինչու եմ խուսափում, մանավանդ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն եմ ծնվել: Միգուցե տարեդարձս այնքան եմ կարեւորում, այդ պատճառով էլ խուսափում եմ: Երեւի նաեւ վախենում եմ պատասխանատվությունից եւ ուզում եմ մեծանալս մոռացության տալ, բայց մնացած առումներով ուրախ եմ, որ ծնվել եմ”:

Շողեր Գրիգորյանը Մարսելում


Իսկ տարվա մյուս օրերին Շողերը չի խուսափում լինել մարդկանց ուշադրության կենտրոնում եւ ուրախությամբ է մասնակցում իր մտերիմների խնջույքներին. “Սովորաբար, ե՛ւ պարում եմ, ե՛ւ երգում, ես ակտիվ քեֆ անողներից եմ ու մեծ հաճույքով եմ մասնակցում մյուսների ուրախություններին:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին