×


Շուշաննա Թովմասյանը նոր «փորձություն» է հաղթահարել :)

Ձմռան երկարուձիգ ամիսներից հետո վերջապես զգացվում է գարնան շունչը, իսկ մարտի 8-ը, առավել, քան մյուս օրերը, լցված է ծաղիկների բույրով:): Տոնի առթիվ BRAVO.am-ն ինքնատիպ «փորձություն» է առաջարկել Շուշաննա Թովմասյանին: Դերասանուհին սիրով եւ ոգեւորությամբ պատրաստել է գեղեցիկ ծաղկեփունջ ու զուգահեռ պատասխանել մեր հարցերին:

Շուշաննա Թովմասյանը


Գարնանամուտ 

Գարունն ինձ համար նոր շունչ է, երկրորդ շնչառություն: Տարվա իմ եղանակներից է: Այն ինձ համար սկսվում է առաջին ձնծաղիկը ստանալուն պես: Իհարկե, արդեն ստացել եմ:): Գարնան գալուն պես թարմացնում եմ զգեստապահարանս:

Ծաղիկների լեզուն

Սիրում եմ ծաղիկներ նվիրել եւ ստանալ: Այն ինձ միշտ ժպիտ եւ տրամադրություն է պարգեւում: Ե՛վ նվիրելիս, ե՛ւ ստանալիս ուրախանում եմ: Տոնական մեկամսյակին, սովորաբար, ավելի շատ եմ ստանում: Սիրում եմ փոքրիկ եւ բնական ծաղիկներից պատրաստված ծաղկեփունջ: Մեծ, քիմիական ներկերով գունավորած, արհեստական թվացող ծաղկեփնջերն ինձ համար չեն: Դրանք սառն են ու չեն ջերմացնում հոգին:

Շուշաննա Թովմասյանը


Փոքր-ինչ հասկանում եմ ծաղիկների լեզուն: Ասում են` ալ կարմիր վարդը կիրք է խորհրդանշում, դեղինը` դավաճանություն, սպիտակը` մաքրություն, բայց ես այլ կերպ եմ ընկալում: Կարծում եմ` դեղինն ու սպիտակն ավելի նուրբ են, հետեւաբար, երիտասարդ կանանց եւ աղջիկներին կարելի է հենց այդ ծաղիկներից կազմված ծաղկեփունջ նվիրել: Իսկ ալ վարդեր նախընտրելի է նվիրել ավելի հասուն կանանց:

Անկեղծ ասած` դաշտային ծաղիկներն ինձ ավելի են գրավում. ավելի բուրավետ են, բնական ու նուրբ: Դժվար է առանձնացնել սիրելի ծաղիկը: Բոլորն էլ գեղեցիկ են, յուրօրինակ ու հաճելի, բայց գուցե շուշանը`անվանս հետ ասոցացնելով:

Առաջինը

Երբեք ծաղկեփունջ չեմ պատրաստել: Ավելին` նման մտադրություն, ցանկություն երբեւ չի եղել: Սիրով համաձայնեցի առաջարկին ու ոգեւորությամբ կազմեցի իմ ծաղկեփունջը, որը գուցե փոքր-ինչ արտացոլի այն, ինչ իմ հոգում է, մտքում: Մինչ սրահ գալը որոշել էի կարմիր վարդերից որեւէ փունջ կազմել, սակայն սրահում մտափոխվեցի: Արեւի պակաս զգալով` անմիջապես որոշեցի, որ այն անպայման  դեղին վարդերից պետք է լինի: Երեւակայությանս ազատություն տվեցի:

Շուշաննա Թովմասյանը


Դեղին վարդեր եւ սպիտակ գիպսաֆիլաներ: Կարծում եմ` հրաշալի համադրություն է` պարզ, գեղեցիկ ու խորհրդանշական: Այն արեւի է նման` ջերմ ու տաքացնող: Այս ջերմությունն ու գարնանային տրամադրությունը փոխանցում եմ BRAVO.am-ի ընթերցողներին:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումներն իրականացվել է Mia Dea ծաղկի խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին