×


Շուշան Երիցյան.«Սա առավելագույնն է, որ կարող էի ինձ թույլ տալ»

Շուշան Երիցյանը BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքի համար ընտրել է Ձյունանուշի կերպարը: Նախկին մոդելը, ով իրեն փորձում է կինոյի եւ հեռուստատեսության ասպարեզում,  մեզ հետ զրույցում պատմել է, թե իր կյանքում ինչով է աչքի  ընկել անցնող տարին, հայտնել է առաջիկա պլանների մասին եւ ոչ միայն:

Շուշան Երիցյանը


Գայթակղիչ լինելու մասին


Առաջին անգամ էի լուսանկարվում Ձյունանուշի կերպարում, եւ նախատոնական հաճելի մթնոլորտում ամեն ինչ լավ անցավ: Կարծում եմ` յուրաքանչյուր կին գրավիչ ու գայթակղիչ է, եւ, ինչու ոչ, Ձյունանուշն էլ կարող է լինել այդպիսին: Մերկ կամ լողազգեստով լուսանկարներ չունեմ, եւ բաց հագուստի առումով սա առավելագույնն էր, որ կարող էի ինձ թույլ տալ: Կարճ զգեստով Ձյունանուշ եմ, ով ոչինչ ավելին չի բացահայտում:):

Ձեռքբերումներ


Իմ կյանքում ամեն անցնող տարին գերազանցում է նախորդին: 2015 թվականը ձեռքբերումների, նպատակների իրականացման տարի էր: Երկրորդ անգամ նկարահանվեցի սերիալում, ինչը փորձառություն էր եւ նոր էտապի հաղթահարում: Ընդունվեցի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի անվան ստուդիան եւ ապագայում հանդես կգամ որպես թատրոնի դերասանուհի: 2016-ին փոքրիկ դեր կունենամ «Պեպո» ներկայացման մեջ` խաղալով հայտնի շատ դերասանների հետ: Որպես հաղորդավարուհի սկսել եմ աշխատել ուղիղ եթերում, ինչը փորձ չունեցողի համար շատ պատասխանատու է: Եվ, ի վերջո, իմ ուժերով գնել եմ առաջին ավտոմեքենաս, բիզնես պայմանագիր եմ ստորագրել եւ գալիք մարտին Երեւանում կբացեմ բրենդային խանութ:

Շուշան Երիցյանը


Ակնկալիքներ

Ասեմ, որ շատ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, բախտավոր մարդ եմ ու 2016-ից ակնկալում եմ միանգամայն այլ սանդղակի հաջողություններ: Կուզեմ կայանալ իմ բիզնեսում եւ հաջողություններ գրանցել. մտադիր եմ դասընթացների հաճախել` կառավարման հմտություններ ձեռք բերելու համար: Ցանկանում եմ հմտանալ նաեւ դերասանական արվեստում եւ հանդիսատեսին ներկայանալ գլխավոր դերերով:

Ճարպիկ եւ կյանքով լի


Աստղագուշական տեսություններ կարդում եմ ու, առհասարակ, հավատում եմ տիեզերքի ուժին: Շատ ուրախ եմ, որ Կապիկի տարում եմ ծնվել, նրանից շատ հատկանիշներ եմ ձեռք բերել: Իզուր չէ, որ ասում են` մարդը կապիկից է առաջացել, այսինքն` մարդուն ամենամոտ կանգնած կենդանին է: Կապիկներն ավելի խելացի են, քան թվում է, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին` հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ, շատ ճարպիկ են, միշտ շարժման մեջ ու կյանքով լի:

«Ցանկություններս ծնողներիս եմ հայտնում»

Շուշան Երիցյանը


Ամանորի գիշերը միշտ երեք երազանք եմ մտապահում, որոնք կատարվում են: Հայտնի մեթոդով ցանկություններս գրում եմ թղթի վրա, այրում եմ ու, մոխիրը շամպայնի մեջ լցնելով, խմում: Հավատում եմ հեքիաթների, հրաշքների: Սիրում եմ Նոր տարին, քանի որ տոնական օրերին, ի վերջո, կարողանում ենք հանգստանալ:
Փոքրուց բացահայտել եմ Ձմեռ պապիկին. իմ ցանկությունները միշտ ծնողներիս եմ հայտնում: Այժմ էլ նրանք ինձ համար նվերներ են պատրաստում ու դնում սենյակումս:): Ի դեպ, ծնողներս արվեստի հետ կապ չունեն. մայրս ռուսերենի մասնագետ է, իսկ հայրս` անհատ ձեռներեց: Ունեմ եղբայր, ով այժմ ծառայում է բանակում: Մեր տանը միշտ տեսել եմ միայն սեր, խաղաղություն, ջերմություն, իսկ մայրիկս իմ ամենամոտ ընկերուհին է:

Շուշան Երիցյանը


«Գուցե ընդունեմ առաջարկը»

Նոր տարվա գիշերը գուցե հանդիսավար լինեմ. բանակցությունների մեջ ենք: Բազմիցս առաջարկներ ստացել եմ, բայց քանի որ փորձ չունեի, չեմ համաձայնել: Հիմա, կարծում եմ, կարող եմ ընդունել, քանի որ արդեն հանդես եմ գալիս որպես հաղորդավարուհի:

Ցանկանում եմ, որ 2016-ին մեր զինվորները խաղաղությամբ ծառայեն ու անփորձանք վերադառնան իրենց տուն: Ուզում եմ, որ մարդիկ բարի լինեն, հանդուրժող, սիրեն միմյանց ու բազմաթիվ ձեռքբերումներ ունենան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Any Rose» խանութ-սրահում
Դիմահարդարումը` Աննա Մկրտչյանի
Վարսահարդարումը` Ռուզաննա Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին