×


Որքա՞ն գումար է ստացել Անահիտ Շահբազյանը գլխավոր մրցանակի համար

Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում կայացած “Морской узел-2013” միջազգային մրցույթում դարձել է գլխավոր մրցանակակիր եւ իր հետ Հայաստան բերել Գրան պրին:

Անահիտ Շահբազյանը` “Морской узел-2013”-ի գլխավոր մրցանակակիր


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին նշել է, որ երկու փուլից բաղկացած մրցույթը տեւել է մեկ օր. կեսօրին տեղի է ունեցել առաջին փուլը, որի ժամանակ կատարել է սեւամորթների հոգեւոր երաժշտություն, իսկ երեկոյան` երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել բացօթյա դահլիճում, նա երգել է Արթուր Գրիգորյանի “Ծովը”:

“Քանի որ միշտ ուշ ժամերին եմ երգում, ինձ համար անսպասելի եւ մեծ փորձություն էր, որ ցերեկը բավական բարդ երգ պիտի երգեմ: Մրցույթի թեման ծովային էր, ես էլ կատարեցի “Ծովը””,-պատմել է Անահիտը եւ հավելել, որ նույն երգը կատարել է  նաեւ  2010-ին` “Սլավոնական շուկա” մրցույթի ժամանակ, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը:

Անահիտ Շահբազյանը` “Морской узел-2013”-ի գլխավոր մրցանակակիր


Մրցույթին մասնակցելու հրավերը երգչուհին ստացել է Սամվել Գրիգորյանի կողմից` մոտ 6 ամիս առաջ, շոումենի քույրն էլ` Արմինե Գրիգորյանը, եղել է ժյուրիի կազմում, իսկ ժյուրին գլխավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, “Տուրեցկու նվագախմբի” հիմնադիր Միխայիլ Տուրեցկին:

12-րդ անգամ անցկացվող երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ Արմինե Գրիգորյանն ընդգծել է, որ Անահիտի ելույթով հիացել են ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ ժյուրիի անդամները, ե՛ւ մասնակիցները.“Առաջին անգամ չէի ժյուրիի կարգավիճակում, գիտեմ` քո երկրի մասնակցի համար պետք է կռիվ տաս, որ լավ տեղ գրավի, բայց սա այն դեպքն էր, որ նրանք շատ էին հավանել, չեմ վախենա ասել, Անահիտի մեգա հզոր տաղանդը, ես էլ հանգիստ նստած վայելում էի եւ կռիվ տալու կարիք չկար”:

Բացի դիպլոմից եւ ոսկեպատ արձանիկից, որպես պարգեւ երգչուհին ստացել է 3000 դոլար.“Բայց  30 տոկոսը պահում են, տակը բան չի մնում: Օրենքով կիսում են ժյուրիի հետ, բայց ես չեմ վերցրել, հատկապես, որ որպես ժյուրիի անդամ հոնորար ստացել եմ:)”,-կատակել է Արմինե Գրիգորյանը:

Անահիտ Շահբազյանը եւ Արմինե Գրիգորյանը


“Морской узел-2013” միջազգային մրցույթին մասնակցել են երգիչներ Լիտվայից, Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից: Ի դեպ, Հայաստանից նաեւ մասնակցել է գյումրեցի Ռոման Մելիքյանը: Նախորդ տարիներին այս մրցույթին Հայաստանը ներկայացրել են Աննա Խաչատրյանը, Ռազմիկ Ամյանը, Անուշիկ Ալավերդյանը, Էրիկ Կարապետյանը, Արա Մարտիրոսյանը, որը 11 տարի առաջ կրկին շահել է Գրան պրի: 

Ջազ-էստրադային ոճում հանդես եկող 27-ամյա Անահիտ Շահբազյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու “Նոր ալիք” եւ “Եվրատեսիլ” մրցույթներին.“Երբ անցյալ տարի Մոսկվայում մասնակցում էի կիսաեզրափակչին, ռեժիսոր Ռեւզինն ասաց, որ միայն լավ վոկալը բավական չէ, իրեն հարկավոր է շոու: Ժամանակին նաեւ Մոսկվայում մյուզիքլներում աշխատելու առաջարկներ եմ ստացել, բայց Երգի թատրոնում արդեն անցել էի այդ ուղին, չէի ուզում ստվերային երգչուհի լինել, չնայած, որ կարող էի այդպես շատ գումար աշխատել”:

Նա առաջիկայում նախատեսում է ժողովրդական երգեցողության դասերի հաճախել եւ երգել գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին