×


Ո՞ր երգերը կկատարի Մաշա Մնջոյանը “Նոր ալիք 2013”-ում

Հուլիսի 23-ից 28-ը Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք 2013” երգի միջազգային մրցույթում, ինչպես հայտնի է, մեր երկիրը կներկայացնի “Հայաստանի ձայնը” նախագծի հաղթող Մերի Մնջոյանը: 18-ամյա երգչուհին BRAVO.am-ին ասել է, որ իր համար անակնկալ է եղել “Նոր ալիք”-ի կիսաեզրափակչին մասնակցելու հնարավորությունը:

Մաշա Մնջոյանը


“Պատրաստվելու շատ քիչ ժամանակ ունեի, բայց փորձեցինք ամեն ինչ անել` հավուր պատշաճի ներկայանալու համար: Հայաստանից կիսաեզրափակչին մասնակցում էր 8 կատարող, եզրափակիչ անցանք ես եւ Իվետա Մուկուչյանը, որից հետո ժյուրիի անդամներն ընտրեցին ինձ”,-պատմել է Մաշան:

Մաշա Մնջոյանը


Հայաստանի ներկայացուցիչը, խոսելով, այն ստեղծագործությունների մասին, որոնք կհնչեցնի մրցույթի շրջանակում, նշել է հետեւյալը.“Որպես միջազգային հիթ կկատարեմ Սելին Դիոնի “All By Myself” երգը, երկրի հիթի համար կա երկու երգ` Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” եւ Սոնայի ու Մանոլոյի “Luna”-ն, որոնցից մեկը կընտրվի հենց Յուրմալայում: Իսկ իմ երգն արդեն պատրաստ է, կոչվում է “Ես ու միայն դու”. երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Ռուբեն Մխիթարյանը: Շատ գեղեցիկ եւ ռիթմիկ գործ է”:

Մաշան նաեւ տեղեկացրել է, որ մրցույթի նոր կանոնների համաձայն` երկրի հիթը յուրաքանչյուր մասնակից կատարելու է նախորդ տարիներին իր երկիրը ներկայացրած մասնակիցներից որեւէ մեկի հետ.“Ես դուետ կերգեմ Էրկի հետ”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Մաշա Մնջոյանը


Անդրադառնալով “Հայաստանի ձայն”-ին` Մերի Մնջոյանը նշել է, որ նախագծում ձեռք բերած մեծ փորձի շնորհիվ է կարողացել ավելի վստահ քայլերով բարձրանալ “Նոր ալիքի”-ի բեմ.“Չնայած` արդեն երկրորդ անգամ էի մասնակցում այս մրցույթի նախընտրական փուլին: Նախորդ տարի եւս անցել էի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ընտրեցին Սուրեն Առուստամյանին”:

Երգչուհու խոսքով` “Նոր ալիք 2013”-ում Հայաստանի ներկայացուցիչ լինելն իր համար շատ պատասխանատու կարգավիճակ է.“Այժմ մտածում եմ միայն լավ ելույթի եւ մեր երկիրը լավ ներկայացնելու մասին”:

Զրուցեց` Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին