×


Պատրիկ Մալաքյանը 66 հայ պարողի հյուրընկալել է Ֆրանսիայում

Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ Անրի Վերնոյի որդին` կինոգործիչ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը, “Նարեկ” անսամբլին հրավիրել էր Ֆրանսիա։ Օրեր առաջ հայ պարողները համերգ-ներկայացմամբ ելույթ են ունեցել Մարսել եւ Կասիս քաղաքներում։

Պատրիկ Մալաքյանը 66 հայ պարողի հյուրընկալել է Ֆրանսիայում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան անսամբլի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանն այս այցի մասին BRAVO.am-ին հայտնել էր դեռ մեկ տարի առաջ։ Նախորդ տարի Պատրիկ Մալաքյանը ներկա է եղել խմբի երեւանյան ելույթին, հավանել է եւ ցանկություն հայտնել նրանց հրավիրել Ֆրանսիա.“Հենց Պատրիկի մտահղացմամբ մշակվեց սցենարը, ես զբաղվեցի խորեոգրաֆիայով, բեմադրիչն էլ Դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն է։ Սյուժեն այնպես էինք կառուցել, որ պարերը փոխկապակցված շարունակվում էին առանց ընդմիջման”։ 

“Նարեկ” անսամբլը ելույթ է ունեցել Ֆրանսիայում


Խոսելով ներկայացման մասին` Արմանն ասել է, որ այն անվանել են “Հավերժություն”.“Թեման հայերի հավերժության հարցն է, թե հայն ով է, ինչ արհավիրքների միջով է անցել եւ ուր է հասել։ Միախառնել էինք ամենատարբեր ժանրեր՝ դասական, ազգագրական, լատինո, քանթրի, արգենտինական տանգո, նաեւ մասնակցում էին Նորքի հայորդաց տան կրկեսային դպրոցի սաները եւ “Գեղարդ” երգչախմբի մենակատար Լուիզա Երեմյանը։ Հանդիսատեսի շարքում կային նաեւ ֆրանասիացիներ, շվեյցարիացիներ եւ այլազգիներ։ Հրաշալի ընդունելություն ու մթնոլորտ էր, նույնիսկ առաջարկեցին հաջորդ տարի մեկնել Լիոն, Փարիզ, Ժնեւ եւ Միլան”։

Գրիգոր Խաչատրյանը եւ Արման Ջուլհակյանը


26 տարի առաջ ստեղծված անսամբլն այսօր ունի 200-ից ավելի պարող, սակայն Ֆրանսիա մեկնել են 66 հոգով, այդ թվում սաների հետ եղել են Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը, կրկեսային դպրոցի ղեկավար Ավետիս Գինոսյանը, Գայանե Գրիգորյանը, նաեւ պարուսույցներ Մելինե Առաքելյանն ու Գեորգի Բաբայանը։

Արմանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ նախատեսում են նույն ծրագրով մարտին ներկայանալ Երեւանում, այնուհետեւ կրկին մեկնել եվրոպական քաղաքներ` հյուրախաղերի. “Պատրիկը մեր խմբի հետ նաեւ 2017 թվականի համար պլաններ ունի, հուսանք՝ իրականություն կդարձնենք”։

BRAVO.am
Լուսանկարները՝ անսամբլի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին