×


Ջերմուկ՝ լեգենդներ, բուժիչ ջրեր, էքստրիմ ու գունավոր պարեր

Լեգենդներ, պատմամշակութային հուշարձաններ, արկածային տուրիզմի համար հրաշալի պայմաններ(քարանձավներ, ժայռեր, ձորեր). խորհրդային տարիներից հայտնի առողջարանային զբոսաշրջության կենտրոն Ջերմուկը երիտասարդներին գրավելու եւ նրանց երկար պահելու շատ միջոցներ ունի:

Հնավայրերով, սրբավայրերով եւ քարանձավներով հարուստ Ջերմուկում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ բնության եւ մարդու ստեղծած հրաշալի կոթողներին ու լսել տեղի անհավանական եւ հետաքրքիր ավանդազրույցները:

Առողջարանային քաղաքի բուժիչ ջրերի մասին ամենահայտնի լեգենդը պատմում է, թե ինչպես է վիրավոր եղնիկը որսորդներից փախչելիս հասնում հանքային ջրի ավազանին եւ ուժասպառ նետվում պղպջակների մեջ: Քիչ անց հրաշք է կատարվում. եղնիկն ապաքինված դուրս է գալիս ավազանից եւ անհետանում անտառում:


Արփա գետով աջ եւ ձախ մասերի բաժանված քաղաքը, սակայն, իր ողջ հմայքով ճանաչված չէ երիտասարդների շրջանում, այստեղ ավելի հաճախ գալիս են հանգստանալու առողջական խնդիրներ ունեցող զբոսաշրջիկները կամ դեռեւս խորհրդային տարիներին Ջերմուկը բացահայտած մարդիկ:

Զբոսավար Անահիտ Եղիազարյանի խոսքով, վերջին տարիներին զբոսաշրջիկներին գրավելու առավել պրոֆեսիոնալ քայլեր են արվում, կազմակերպվում են տարբեր տուրեր, որոնք հարուստ են թե՛ պասիվ, թե՛ էքստրեմալ հանգստի ծրագրերով: Կազմակերպիչները հատուկ զբոսավարների են հրավիրում, ինչն այցելություններն առավել հագեցած է դարձնում տեղեկատվական առումով:

«Ջերմուկի այժմյան բացթողումն այն է, որ այցելուները բուժման կուրսերից եւ հյուրանոցի ներսում եղած զբաղմունքներից դուրս անելիք չեն ունենում: Քաղաքում չկան զվարճանքի եւ հանգստի վայրեր»,- ասում է նա:


«Rope Jumping» եւ «Color party»

Երիտասարդ զբոսաշրջիկներին գրավելու եւ Ջերմուկ բերելու լավագույն միջոցներից մեկն էքստրեմալ հանգիստն է, որն էլ այժմ Ջերմուկում փորձում են ակտիվացնել: Այսպիսի նախաձեռնություններով պարբերաբար հանդես են գալիս առողջարանները, հյուրանոցներն ու զբոսաշրջային գործակալությունները:

Զբոսաշրջային այդպիսի տուրեր է կազմակերպում «Armenia Wellness & SPA Hotel»-ը՝ զբոսաշրջիկներին առաջարկելով բացի ավանդական վայրեր այցերից, զբաղվել էքստրեմալ սպորտով:

«Rope Jumping» եւ գունային երեկույթ (Color party) ներառող հերթական տուրին մասնակցել է նաեւ BRAVO.am-ը: Ջերմուկի կամրջից կապված պարաններով ներքեւ ցատկելուց հետո հյուրերը հնարավորություն ունեին միանալ DJ-ների նվագակցությամբ կազմակերպված գույնզգույն երեկույթին: Հյուրանոցի բակում ժամեր շարունակ տեղացիներն ու զբոսաշրջիկները միմյանց ներկել են վառ գույներով, պարել եւ զվարճացել:


Նախաձեռնության հեղինակ «Armenia Wellness & SPA Hotel»-ի տնօրեն Հայկ Հարությունյանն ասում է, որ Ջերմուկը զբոսաշրջիկների պակաս չունի, այն ավանդական, բժշկական տուրիզմի կենտրոն է, եւ այժմ իրենց առաջ խնդիր են դրել դեպի Ջերմուկ տուրիզմի մեջ ներգրավել երիտասարդներին:

«Մեր հյուրանոցը սպորտային, երաժշտական, էքստրեմալ զբոսաշրջային միջոցառումներ է նախաձեռնում, որոնք կլինեն պարբերական: Մոտակա ժամանակներում զվարճանքի մշտական կենտրոններ կունենանք, ինչը Ջերմուկում մեծ խնդիր է: Երիտասարդներն այստեղ երկու-երեք օր անց զբաղմունք չեն ունենում, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանց հանգիստն ավելի երկարատեւ լինի: Այսպիսի նախաձեռնություններով լայնացնում ենք Ջերմուկի զբոսաշրջության շրջանակը: Շեշտը դնում ենք որակյալ ծառայությունների վրա եւ աշխատում ենք միջազգային ժամանակակից ստանդարտներով: Գաղտնիք բացեմ՝ շուտով մեր հյուրանոցի տարածքում Ջերմուկում առաջին կինոթատրոնը կգործի»,- ասում է նա:

Հայկ Հարությունյանը հորդորում է չվախենալ Ջերմուկի հեռավորությունից, գալ եւ հանգիստն անցկացնել հրաշալի բնության գրկում.«Կոչ ենք անում բոլորին գալ Ջերմուկ: Կհամոզվեն, որ ջանքերը, որ ներդրել են, ապարդյուն չէին»:


«Ջրահարսի վարսերը»

Առաջին վայրը, ուր ձեզ կտանեն Ջերմուկում, հայտնի «Ջրահարսի վարսերն» են: Սա Ջերմուկի խորհրդանիշ ջրվեժն է, որի ջրերը աղջկա թափվող վարսեր են հիշեցնում:

Լեգենդի համաձայն, այդ վայրում ժամանակին իշխանի ամրոց է եղել: Իշխանի գեղեցկուհի դուստրը, ում ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սիրահարված էր հովվի որդուն: Նա ամեն երեկո պարան էր նետում ձորը, որով տղան խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Իշխանը, իմանալով այս մասին, բարկանում է եւ անիծում դստերը, որ եթե կրկին հանդիպի հովվի որդու հետ, ջրահարս դառնա եւ ջրից երբեք չկարողանա դուրս գալ: Սիրեցյալներին իշխանի անեծքը չի կանգնեցնում, եւ հերթական հանդիպման համար գեղեցկուհին իր պատուհանից պարանի փոխարեն վարսերն է կախում, որպեսզի հովվի որդին դրանցով բարձրանա: Այդ պահին էլ կատարվում է իշխանի անեծքը եւ աղջիկը ջրահարսի է վերածվում, իսկ 70 մետր բարձրությունից կիրճ թափվող վարսերը դառնում են գեղեցիկ ջրվեժ:

Ջրվեժի ճանապարհին կարելի է զբոսնել նաեւ գեղեցիկ կածանով, հիանալ Ջերմուկի բնությամբ եւ դուրս գալ դեպի քաղաքի կամուրջ, որը կապում է Ջերմուկի երկու մասերը:


Հանքային ջրերի սյունազարդ ցուցասրահը

Սյունազարդ տաղավարը կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ գալերեան զբոսաշրջիկներին ներկայացնում է Ջերմուկի հանքային ջուրը՝ տարբեր ջերմաստիճաններում՝ 30-50-ի սահմաններում: Առանձին աղբյուրներից հոսում են տարբեր ջերմաստիճանների հանքային ջրեր:


Գալերեայի հարեւանությամբ Ջերմուկի անտառային կածանն է: Այստեղ զբոսնելով՝ դուք կտեսնեք հայ ֆիդայիների արձանները: Քանդակների հեղինակը Հովհաննես Մուրադյանն է:


Ջերմուկի ճոպանուղին եւ Մարգարտածաղիկը

Ջերմուկ քաղաքն իր ողջ գեղեցկությամբ բացվում է զբոսաշրջիկի առաջ 2480մ բարձրությունից: Սա Ջերմուկի ճոպանուղու ամենաբարձր կետն է: Արդեն 10 տարեկան ճոպանուղին քաղաքի սկզբնամասում է, ունի 1000 մետր երկարություն:


Եթե դուք որոշեք ձմռանը հանգստանալ Ջերմուկում, ապա ճոպանուղու հարեւանությամբ կարող եք վարձել սահատախտակներ եւ դահուկներ:


Ճոպանուղու բարձունքից եւ ապա նաեւ մոտիկից կարելի է վայելել Կեչուտի ջրամբարի գեղեցկությունը: 23 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարին տեղացիները նաեւ Մարգարտածաղիկ են անվանում ջրաթափի պատճառով, որը ծաղկանման կառույց է:


Այն հատկապես գեղեցիկ է գարնան ամիսներին, երբ ջուրը բարձրանում է եւ պտույտ կատարում դրա մեջ:


Հին ավազանը

Ջերմուկի տեսարժան վայրերի շարքում չի կարելի բաց թողնել միջնադարում կառուցված լողավազանը, որը ժամանակի ընթացքում թեեւ շատ փոքրացել է, բայց վստահաբար անտարբեր չի թողնի ոչ մի այցելուի: Այստեղ կարելի է լոգանք եւ բնական ջրային մերսում ընդունել: 

Միջնադարից մեր օրեր հասած ավազանը վերականգնվել են 1860-ականներին՝ ցարական պրիստավ Գեւորգ Խանաղյանի կողմից, ինչից հետո տեղի բնակչությունն ավազանն անվանում է նաեւ «Պրիստավի գյոլ»։


Ջերմուկի շրջակայքում եւս կան բազմաթիվ ճարտարապետական եւ բնական հուշարձաններ, որոնք անտարբեր չեն թողնում զբոսաշրջիկներին: Եթե դուք հանգստանում եք Ջերմուկում, ապա ձեզ կառաջարկեն այցելել քարանձավ, որտեղից հիմք է դրվել այս բնակավարին, տեսնել Վայոց ձորի զարդ համարվող 10-րդ դարի Գնդեվանքը, Արփա-Սեւան թունելը, Վարդանի քարը, Գլաձորի միջնադարյան համալսարանը, Նորավանքը եւ այլ վայրեր:

Տեքստը՝ Մարի Թարյանի/Bravo.am/
Լուսանկարները Մարի Թարյանի եւ Կարեն Եփրեմյանի/Սպուտնիկ Արմենիա/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport