×


Ռուբեն Էլբակյանն` իր համերգի, ընտանիքի եւ վերջերս ստացած բացառիկ նվերի մասին

Հունիսի 14-ին Փարիզում կկայանա մի համերգ, որն առանձնահատուկ նշանակություն ունի բազմաթիվ մեծ բեմերում ելույթ ունեցած ֆրանսաբնակ հայ տենոր Ռուբեն Էլբակյանի համար: Հանրաճանաչ երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այն բարեգործական է` հօգուտ “Abbé Pierre” հիմնադրամի, ինչպես նաեւ պատմել է իր ստեղծագործական, անձնական կյանքից եւ նախասիրություններից։

Ռուբեն Էլբակյանը


“Շատ ցանկալի ծրագիր է ինձ համար, որովհետեւ միայն հոգեւոր երաժշտություն է հնչելու, միայն “Ավե Մարիա”, այսինքն` այս ստեղծագործության բացառիկ, ունկնդրի կողմից դեռ չճանաչված տարբերակներ, որ ես պետք է ներկայացնեմ, եւ ինձ համար կարծես տոն լինի։  Հատկանշական է նաեւ այն, որ կոմերցիոն նպատակ չհետապնդող համերգ է, իսկ Տրինիտե եկեղեցին, որտեղ էլ ելույթ եմ ունենալու, աննկարագրելի գեղեցիկ է”,-նշել է նա։

Ռուբեն Էլբակյանը բարեգործական միջոցառումների հաճախ է մասնակցում, վերջին անգամ հայրենիքում ունեցած համերգը եւս այդպիսին է եղել։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա 2007-ին է համերգ ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Վ. Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին։

Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգ կտա Փարիզի Տրինիտե եկեղեցում


Ի դեպ, գուցե այս տարի եւս երգիչը ելույթ ունենա հայրենիքում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը նրան հրավիրում է բարեգործական համերգի` ի շահ մանկատան երեխաների։ Միտքն, իհարկե, նրան շատ է դուր գալիս, ասում է, որ հաճույքով հանդես կգա, սակայն առայժմ մտորում է կազմակերպչական հարցերի շուրջ։

Տարին արվեստագետի համար ելույթներով լեցուն չի լինի, բայց նրա երկրպագուներին նվեր կմատուցվի ձայնագրությունների տեսքով։ “Մինչեւ Սուրբ ծնունդ երկու նախագիծ կա` Իտալիայից եւ Մայամիից հրավերներ ունեմ, այլ համերգներ չեմ պատրաստում. հիմա ավելի շատ պետք է կենտրոնանամ ձայնագրություններիս վրա”,-շեշտել է Ռուբեն Էլբակյանը։ Երկու նոր ձայնասկավառակի շնորհիվ երկրպագուներն իրենց սիրելի երգչին կարող են լսել նեապոլյան երգերի կատարմամբ եւ նաեւ իսպանական ոճում։

Ռուբեն Էլբակյանը կնոջ` Արմինե Ազիզյանի հետ


“Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ” կոչմանն արժանացած տենորին այս տարվա դեկտեմբերի 5-ին կհանձնվի իր պատկերով շքանշան: Արարողությունը տեղի կունենա Լուվրում, որտեղ նա մենահամերգով հանդես կգա: Նման պատվի արժանացել են ընդամենը վեց հոգի, որոնցից Ռուբեն Էլբակյանն առաջին հայն է։

Ռուբեն Էլբակյանը BRAVO.am-ին պատմել է բոլորովին վերջերս իրեն արված հաճելի անակնկալի մասին. նա իտալացի ճանաչված նկարչից իր դիմանկարն է նվեր ստացել։ Ջիաննի Բելլինին առանց ճանաչելու հայ տենորին, նրա երգը լսելով, պատկերել է նրան եւ գովասանքի խոսքեր գրել իր “ֆեյսբուքյան” էջում. “Մեծ հուզմունքով եմ նկարել Ռուբեն Էլբակյանի դիմանկարը` հարգանքի տուրք մատուցելու իր աստվածային ձայնին, որը մխրճվում է ուղիղ սրտիդ մեջ։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող թափանցել հոգու մեջ այնքան խոր,  որքան Ռուբենի ձայնը: Ավելի ուժգին, քան նույնիսկ սեր կոչվող զգացմունքը։ Եվ ինչպիսի ակնառու խարիզմա”։ “Սա արտասովոր նվեր է, քանի որ օպերային ժանրում անգերազանցելի այս ազգի ներկայացուցչի կողմից է, սա ինձ համար իսկապես մեծ պատիվ է”,-ասել է երգիչը։

Ջիաննի Բելլինին առանց ճանաչելու հայ տենորին, նրա երգը լսելով, պատկերել է նրան


“Ոսկե ձայն” կոչմանն արժանացած մեր հայրենակցը, արվեստի մթնոլորտում մեծանալով, սկզբում իրեն այլ բնագավառներում է պատկերացրել, սակայն ճակատագրի բերումով հենց երաժշտությունն է դարձել նրա աշխարհը։ Իսկ Եվրոպայում կատարելագործվելու խորհուրդը երգչի համար Փարիզում հիմնվելու եւ նաեւ գեղեցիկ ընտանիք ստեղծելու առիթ է դարձել։ Արմինե Ազիզյանի հետ իրենց ծանոթությունն ու սերը վերածվել է ամուսնության եւ այժմ նրանք տասը տարեկան Դավիթի ծնողներն են։ Հայրիկի խոսքով` որդին աչքի է ընկնում պարի եւ նկարչության բնագավառներում, սակայն ընտանիքում երկրորդ արվեստագետ ունենալ չեն ցանկանում։ “Դժվար է այս ասպարեզում լինելը, ավելի լավ է թող այլ մասնագիտություն ընտրի”,-նշել են ծնողները։

Ռուբեն Էլբակյանը կնոջ` Արմինե Ազիզյանի հետ


Ռուբեն Էլբակյանը սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գոհար Գասպարյանի դասարանում: 1998 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է երգարվեստի ուղին: Նա ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգյան, Կաննի փառատոնների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում: 2010-ի ապրիլի 24-ին Փարիզի Հաղթանակի կամարի ներքո կատարել է Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները` Ազգային ոստիկանության նվագախմբի ուղեկցությամբ:

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Վիկտոր Տոնելլիի,  Ալեն Դելփիի, Էմանուել Վանիի



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին