×


Սերժ Թանգյանը` ամուսնական կյանքի, դուդուկի եւ Տիգրան Համասյանի մասին :)

Աշխարհահռչակ ռոքեր Սերժ Թանգյանն իր երաժշտական փիլիսոփայության, նախասիրությունների, ալբոմների, ընտանիքի եւ առաջիկա պլանների մասին է պատմել Iconicinterview կայքին` տեղեկացնելով, որ հուլիսին եւ օգոստոսին շրջագայելու է հարազատ “System of a Down” խմբի հետ, հետո էլ եվրոպական երկրներում ներկայացնելու է իր սիմֆոնիան:

Սերժ Թանգյանը


Սիմֆոնիա գրելու մասին

Հայտնագործություն էր. հանկարծակի ստացվեց: Աշխատում էի “Imperfect Harmonies” ալբոմի վրա, դաշնամուրային երկար սոլոներ գրեցի, հասկացա, որ վոկալի կարիք չկա եւ որոշեցի այդ հատվածները տեղադրել ձայնագրության վերջում` որպես գործիքային կատարումներ: Այդ ժամանակ Նոր Զելանդիայում էի, ընկերոջս հետ գարեջուր էինք խմում ու գործս լսում, եւ նա ասաց.“Ախպերս, սրանք քո սիմֆոնիայի առաջին երկու գործողություններն են”: 

2012-ին թողարկած ձայնասկավառակների եւ համերգների մասին

Երեք ալբոմից երկուսը մոտ մեկուկես տարվա ընթացքում եմ ավարտել: Վերջին տարիներին հասցնում եմ աշխատել նաեւ ջազ ստեղծագործությունների վրա: Չգիտեմ` ինչպես եմ հասցնում այդ ամենը: Հավանաբար, միակ բացատրությունն այն է, որ արագ եմ աշխատում: Երբ միաժամանակ աշխատում էի “Harakiri”, “Orca” եւ “Jazz-iz Christ” ալբոմների վրա, ամբողջ օրն անցկացնում էի ստուդիայում:

Սերժ Թանգյանը


“Orca”-ում հնչող “մարդկային ձայնի” մասին 

Դա հայկական ազգային երաժշտական գործիք դուդուկն է, որի հնչյունները հաջողությամբ փոխանցում են հայ ժողովրդի 600 տարվա կիսաստրկական վիճակը Օսմանյան կայսրության իշխանության ներքո: Այժմ դուդուկը շատ ճանաչված գործիք է, հաստատ լսած կլինեք “Գլադիատոր” ֆիլմում: Ես որոշեցի օգտագործել դուդուկի հնչողությունը նաեւ ոչ ավանդական ձեւով: Նրա ձայնը ուղեկցվում է այլ էթնիկ գործիքների հնչյուններով: Կենդանի կատարման ընթացքում Հայաստանից մեզ է միացել դուդուկահար Վարդան Գրիգորյանը:

Սերժ Թանգյանը


“Jazz-iz Christ” ալբոմի մասին 

“Jazz-iz Christ”-ը ժանրային ամենամեծ ինտերպրիտացիան է. այն իր մեջ ներառում է պրոգրեսիվ, էլեկտրոնային, դասական, լիրիկական եւ ոչ լիրիկական ջազի հնչյունները: Չգիտեմ` ինչ եմ անում. ուղղակի ստեղծում եմ երաժշտություն: Ժանրն էական չէ, այն արտահայտվում է այնպես, ինչպես ուզում է:

Փորձում էի հասկանալ` ինչ է հիշեցնում ինձ յուրաքանչյուր  թրեքը: Օրինակ` մեկն անվանել եմ “Երեւանից Փարիզ”, որովհետեւ այն լի է փարիզյան ջազով, նաեւ հրաշալի հայկական մեղեդիով, որը նվագում են դաշնակահար Տիգրան Համասյանն ու ֆլեյտահար Վալերի Տոլստովը:

Տիգրան Համասյանի մասին

Տիգրանը hրաշալի երաժիշտ է: Նա նրբորեն է վերաբերվում ստեղներին: Երեք կամ չորս ձայնասկավառակ է թողարկել, որոնք հրաշալի են: Լավ ճաշակ ունի: Ռիթմիկ հիասքանչ էլեմենտներ է ավելացրել ստեղծագործություններին: Կոմիտասի “Գարուն ա” երգն իր կատարմամբ հիասքանչ է:

Սերժ Թանգյանը կնոջ` Անժելա Մադաթյանի հետ


Ամուսնական կյանքի մասին

Ամեն ինչ շատ լավ է, շատ հանգիստ: Երկար ժամանակ է` միասին ենք: Երջանիկ եմ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` iconicinterview.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին