×


“Սինեմա Սթար” կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները :)

Հաճելի, ուրախ եւ հարմարավետ ժամանցի սիրահարներին Երեւանի ճանապարհներն այսուհետ կտանեն “Դալմա Գարդեն Մոլ” առեւտրի կենտրոն, որտեղ երեկ` նոյեմբերի 17-ին, պաշտոնապես բացվել է “Cinema Star” զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնը:):

“Սինեմա Սթար” կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները


“Սինեմա Սթար”-ն իր ձեւաչափով առաջին կինոթատրոնն է Հայաստանում եւ առաջարկում է ժամանցային ոլորտի նկատմամբ նոր մոտեցում: Բացի կինոդահլիճներից, այստեղ գործում է “Play Lab” խաղային գոտին, որտեղ առկա են բոուլինգ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, ավտոդրոմ եւ այլն: Կինոդիտումների տոմսերի արժեքը սովորական դահլիճներում սկսվում է 1000 դրամից մինչեւ 6000 դրամ` VIP սրահի համար:

Նախքան պաշտոնական ծրագրի մեկնարկը, “Սինեմա Սթար Դալմա Գարդեն” կինոթատրոնի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին եւ շրջայցի ընթացքում պատմել կինոթատրոնի առանձնահատկությունների մասին:

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ “Տաշիր” ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը


“Սինեմա Սթար”-ը “Տաշիր” ընկերությունների խմբի կողմից Ռուսաստանում հիմնադրված կինոթատրոնների ցանց է, որի առաջին կինոթատրոնը սկսել է գործել 2005 թվականին` Կալուգայում, իսկ Երեւանի կինոթատրոնը թվով 21-րդն է: Ինչպես հայտնել է “Սինեմա Սթար” ցանցի գործադիր տնօրեն Կարինա Աղաջանովան, Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների ցանկում “Սինեմա Սթար”-ը յոթերորդ տեղում է.“Հայաստանում խորհրդային ժամանակաշրջանում բազմաթիվ կինոթատրոններ են գործել ու դրա պահանջարկը եղել է, կարծում եմ` հիմա էլ կլինի, մանավանդ` փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիլմ կդիտեն, այլեւ իրենց ընկերական կամ ընտանեկան ժամանցը կանցկացնեն”:

“Սինեմա Սթար” կինոթատրոնը պաշտոնապես բացեց իր դռները


“Տաշիր” ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը նշել է, որ 6 կինոդահլիճ ունենալը թույլ է տալիս միաժամանակ կազմակերպել ամենատարբեր ժանրերի ֆիլմերի դիտումներ, որոնք ցուցադրվում են ինչպես հայերեն ու ռուսերեն, այնպես էլ բնօրինակ լեզվով.“Հայաստանը մեզ համար ռազմավարական կարեւոր շուկա է, որտեղ մուտք գործելը միայն հաջող բիզնես-նախագիծ չէ: Մենք հավատում ենք, որ կինոբիզնեսը կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նաեւ նոր մակարդակի կբարձրացնի կինոթատրոն գնալու փիլիսոփայությունը: Ներդնելու ենք կինոցուցադրության առաջադեմ թվային տեխնոլոգիաներ, նաեւ հաշվի ենք առնելու մեր այցելուների ցանկություններն ու նկատողությունները”,-նշել է նա` հավելելով, որ ֆիլմադարանը կընդլայնվի տարբեր ժանրերի կինոնկարներով, նաեւ աշխարհի լավագույն մարզական հանդիպումների ցուցադրություններով:

Կարեն Ջանիբեկյանն ու Աշոտ Ղազարյանն` իրենց տիկնանց հետ


“Սինեմա Սթար”-ի հանդիսավոր բացմանը Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտները հնչեցրել են հոլիվուդյան ֆիլմերից հայտնի ստեղծագործություններ, որին հաջորդել է խորհրդանշական կարմիր ժապավենի կտրման արարողությունը: “Տաշիր” ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը հյուրերին, որոնց թվում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի կինը` Գոհար Սագսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, դերասաններ Կարեն Ջանիբեկյանն ու Աշոտ Ղազարյանն` իրենց տիկնանց հետ, երգահան Մարինե Ալեսը եւ այլք, հրավիրել է կինոդահլիճ` ֆիլմի դիտմանը: 

“Մեծ կինոն քաղաքում” կարգախոսով կինոթատրոնի բացման համար ընտրվել էր վերջերս մեծ էկրան բարձրացած գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի “Դիանա” ֆիլմը, որում արքայադուստր Դիանային մարմնավորում է Նաոմի Ուոթսը:

“Սինեմա Սթար” զվարճանքի կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները


Երեւանյան “Սինեմա Սթար”-ի տնօրեն Հրաչյա Արշակյանը նշել է, որ հայ կինոսերները կարող են դիտել ինչպես հայկական ամենաթարմ ֆիլմերն, այնպես էլ համաշխարհային պրեմիերաները.“Մենք ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ լավագույն մասնագետների օգնությամբ ստացել ենք միջազգային ստանդարտներին համապատասխան կինոթատրոն, որտեղ այցելուները կարող են գտնել իրենց նախընտրած ժանրերը` մուլտֆիլմից մինչեւ բարձր որակի 2D, 3D ֆիլմերի ցուցադրություններ”:

Ի դեպ, ժամանցի կենտրոնի առանձնահատկություններից մեկը հարմարավետ կինոբարն է, շուտով կբացվի նաեւ դասական ոճի ռեստորան` հատուկ դիզայնով եւ Արարատ լեռան համայնապատկերով:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ “Տաշիր” ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը


“Դալմա Գարդեն Մոլի” երկրորդ հարկում տեղակայված “Սինեմա Սթար”-ի կինոսեանսների մասին տեղեկություններ կարող եք ստանալ կինոթատրոնի ֆեյսբուքյան էջից կամ զանգահարելով 060 466-450 հեռախոսահամարով:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին