×


Սոնա Հովհաննիսյան.«Ինչ էլ լինի, ես եւ Միշոն երբեք...»

2015-ին Միշոն լքեց ցանկալի փեսացուների շարքն՝ ամուսնանալով ամերիկաբնակ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ: Ռեփերի կինը BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում պատմել է իր ընտանիքի, աշխատանքում ունեցած հաջողությունների, Լարի Քինգի հետ համագործակցության, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպիսի ամուսին է Միշոն: Նշենք, որ Սոնայի հետ շփվել ենք իրեն հարազատ անգլերենով:

Սոնա Հովհաննիսյանը


-Որո՞նք էին Միացյալ Նահանգներում հաստատվելու Ձեր շարժառիթները:

-Փոքր երեխա էի, երբ տեղափոխվեցինք Լոս Անջելես, այսպիսով, որոշումն իմը չէր: Ծնողներս նկարիչներ են, ԱՄՆ-ում իրենց համար ավելի մեծ հնարավորություններ կային: Վերջին տարիներին Հայաստան հաճախ ենք գալիս` մեր հարազատներին, ընկերներին տեսնելու, եւ բացի այդ, մենք հայաստանյան շատ նախագծերում ենք ներգրավված: Հայրս է հանդիսանում հորեղբորս` «Ոսկեվազ» գինու գործարանի զբոսաշրջային համալիրի նախագծի հեղինակը, մայրս «The Simpsons»-ի անիմատոր է եւ այս ամառ հրավիրված է «Թումո»-ում վարպետության դաս անցկացնելու:

-Ի՞նչ մասնագիտություն ունեք եւ ինչպե՞ս է դասավորվել Ձեր կյանքն օվկիանոսից այն կողմ:

-Ամերիկյան շոու-բիզնեսում եմ աշխատում: Երբ սովորում էի UCLA-ում (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան), որոշել էի հեռուստատեսային պրոդյուսեր դառնալ, բայց այդ ճանապարհը տարավ ինձ նաեւ դեպի հաղորդավարություն, դերասանություն, մոդելային գործունեություն: Որպես պրոդյուսեր բազմաթիվ գործառույթներ ունեմ ՝ երբեմն ստեղծում եմ հեռուստատեսային շոուներ, երբեմն կապ հաստատում հայտնի մարդկանց հետ` շոուին հրավիրելու համար, որոշում եմ մոնտաժային հարցերը, նաեւ թե որ ցանցերում ծրագիրը կարող է տեղադրվել եւ այլն:

Ես իսկապես հաճույք եմ ստանում նկարահանվելուց, բայց առավել գնահատում եմ աշխատանքս որպես պրոդյուսեր, որովհետեւ այն ինձ ստեղծագործական վերահսկողության հնարավորություն եւ այս մրցակցային ոլորտում հարգանքի այլ մակարդակ է տալիս:

-Ո՞րն եք համարում Ձեր կարիերայի սկիզբը, ինչպե՞ս մուտք գործեցիք հեռուստատեսություն:

-Հավանաբար, ինձ համար սկիզբն այն էր, երբ դերասան, կատակերգու Էդի Գրիֆինի եւ «Գրեմմի» մրցանակի հավակնորդ Ալ Վալսերի մասնակցությամբ շոուն ստեղծեցի: Առաջին անգամ էի աշխատում նման պրոֆեսիոնալ թիմի հետ եւ հասկացա` մտքերս ու ստեղծագործական շնորհներս իսկապես գնահատվում են:

Սոնա Հովհաննիսյանը` ծնողների հետ


-Կհիշե՞ք` ինչպես է անցել Ձեր առաջին եթերը:

-Առաջին անգամ եթեր մտա 2012 թվականի սեպտեմբերին` «Travel Channel» ալիքն էր: Մի պրոդյուսեր, ում տարիներ առաջ էի հանդիպել, առաջարկեց ինձ հոլիվուդյան հայտնիների հետ հարցազրույցների շարք վարել: Ասացի` հաղորդավարական որեւէ փորձ չունեմ, բայց նա պնդեց, որ հենց ես եմ լավագույն տարբերակն այս շոուի համար, նաեւ ասաց, որ երկու պրոդյուսեր Նյու Յորքից գալու են Լոս Անջելես, որ փորձնական նկարահանումներ իրականացնեն ինձ հետ: Ի զարմանս ինձ, մի շաբաթ հետո զանգահարեցին ու ասացին, որ ստացել եմ աշխատանքն ու հանդես եմ գալու որպես հեռուստաշոուի հաղորդավարուհի: Անհանգիստ էի, բայց ամեն ինչ շատ լավ ու զվարճալի ստացվեց, եւ մի շարք հեղինակավոր ամսագրեր գրեցին հաղորդման իմ հատվածի մասին:

-Կարիերայի սկզբում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել: Առհասարակ, դժվարությունները վախեցնո՞ւմ են, թե՞ հակառակը, պայքարելու ուժ են տալիս:

-Գործունեությանս ընթացքում անհամար դժվարությունների եմ հանդիպել: Նախ` շոու-բիզնեսը հայտնի է իր մրցակցային բնույթով: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Լոս Անջելես միեւնույն նպատակով` հաջողակ դառնալ Հոլիվուդում: Իհարկե, դժվարությունների հարցում մեծ դեր ուներ նաեւ տարիքս: Առաջին շոուի շրջանակում աշխատելիս դեռ շատ երիտասարդ էի, պրոդյուսինգի բավարար փորձառություն չունեի, ոչ էլ այդ ոլորտում ծանոթներ, դրա համար էլ ստիպված էի իսկապես քրտնաջան աշխատել, որ արդեն հաստատված ու հաջողակ պրոֆեսիոնալներն ինձ լուրջ ընդունեին: Մի հայտնի պրոդյուսեր կար, ով փորձում էր ինձ սեփական նախագծիցս դուրս հանել` այն շոուից, որն ինքս էի ստեղծել, գրել էի սցենարը, մոնտաժել էի պիլոտային հաղորդումը ու ընդհանրապես, ներառված էի նախագծի հետ կապված բոլոր աշխատանքներում: Այդ պրոդյուսերը փորձում էր դիտմամբ ինձ դուրս թողնել կարեւոր հանդիպումներից, անում էր ամեն ինչ, որ այդ փորձն ինձ համար տհաճ դառնա ու ինքս հեռանամ: Բայց նման իրադրությունների շնորհիվ սովորեցի պայքարել այն հարցերի համար, որոնք առաջնային եմ համարում:

-Մինչ այս ունեցած Ձեր ամենամեծ նվաճումն ու բացթողումը գործնական կյանքում:

-Վստահ չեմ, թե որն է ինձ համար մեծագույն նվաճումը, բայց միանշանակ ամենահիշարժան պահերից էր, երբ աշխատեցի «The Beatles» խմբից Ռինգո Սթարի հետ: Մի քանի պատճառ կա. նախ` անկախ նրանից, թե քանի տարեկան ենք, մեր հոգու խորքում ապրում է այն փոքրիկը, ով ուզում է, որ իր ծնողները հպարտանան իրենով: Ծնողներիս շնորհիվ կյանքի մեծ փորձառություն եմ ստացել, որովհետեւ ինձ միշտ համերգների են տարել, այցելել ենք շատ թանգարաններ, ճանապարհորդել ենք: Ռինգո Սթարը ծնողներիս ամենասիրած երաժիշտներից է, եւ շատ հաճելի էր իրենց նրա հետ ծանոթացնել եւ միասին հիանալի ժամանակ անցկացնել: Հաջորդ պատճառն այն է, որ տարօրինակ զգացողություն է, երբ դու մեկի երկրպագուն ես եղել մեծանալիս, իսկ հետո հայտնվում ես մի իրադրությունում, երբ սկսում ես շփվել նրա հետ ոչ թե որպես երկրպագու, այլ որպես գործընկեր, նա էլ հարցեր է տալիս քեզ, հետաքրքրվում է քո կյանքով:

Կարծում եմ` դեռեւս մեծ բացթողումներ չեմ ունեցել: Սովորաբար, աշխատանքի մեջ շատ ուշադիր եմ եւ երբ հետաքրքիր հնարավորություններ են ստեղծվում, փորձում եմ բաց չթողնել:

Սոնա Հովհաննիսյանը` Ռինգո Սթարի հետ


-Ձեզ ի՞նչ է տվել հայտնիությունը:

-Ես ինձ հայտնի չեմ համարում: Բայց գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հետեւում են, թե ինչով եմ զբաղվում: Կարծում եմ` դա մեծ հնարավորություն է տարածելու այն արժեքները, որոնք շատ կարեւոր են ինձ համար ՝ բարությունը, կարեկցանքը, անհատականությունը եւ ազատ մտածելու ունակությունը:

-Նկատել եմ, որ սոցիալական ցանցերում բավական ակտիվ շփվում եք օտարերկրացի գործընկերների հետ եւ ոչ միայն: Ովքե՞ր են Ձեր հայտնի ընկերները:

-Իմ աշխատանքը հայտնի մարդկանց հետ շփում է ենթադրում, այնպես որ նրանցից շատերը տարիների ընթացքում վերածվում են ընկերների:

-Հայ հայտնիներից շատերն են բնակվում  Միացյալ Նահանգներում, նրանց հետ շփում կա՞, մտերիմներ ունե՞ք:

-Ես շատերի հայտնիության աստիճանը չգիտեմ, բայց այստեղ իսկապես հայկական մեծ համայնք կա, որտեղ շատ են տարբեր ոլորտների տաղանդավոր մարդիկ` երաժիշտներից մինչեւ դերասաններ ու նկարիչներ, եւ նրանցից շատերը մեր ընկերներն են:

-Առաջիկայում նորություններ սպասվո՞ւմ են:

-Իրականում շատ լավ նորություններ կան: Դրանցից մեկն այն է, որ հրավիրվել եմ աշխատելու լեգենդար Լարի Քինգի հետ իր նոր շոուի շրջանակում: Աշխատում եմ նաեւ մի այլ շոուի վրա, որի ստեղծողն եմ եւ հաղորդավարը:

-Երկա՞ր ժամանակով եք Միացյալ Նահանգներում, թե՞ ժամանակավոր:

-Ես Լոս Անջելեսում եմ ապրում: Ամբողջ գործունեությունս հենց այնտեղ եմ կառուցել, դժվար է պատկերացնել, որ այլ տեղ կտեղափոխվեմ, չնայած` շատ եմ սիրում ճանապարհորդել:

Սոնա Հովհաննիսյանը եւ Լարի Քինգը


-Միշտ նշում եք, որ ժամանակավոր եք Հայաստանում, չե՞ք հարմարվում այստեղի կյանքին:

-Անչափ սիրում եմ գալ Երեւան, սիրում եմ այն քաղաքը, որտեղ ծնվել եմ: Բայց ինձ նման մարդուն, ում համար այդքան կարեւոր է կարիերան ու աշխատանքային արդյունավետությունը, դժվար է ապրել Լոս Անջելեսից բացի որեւէ այլ քաղաքում:

-Կցանկանայի՞ք հայաստանյան հեռուստատեսություններից մեկում աշխատել:

- Աշխատանքի հետ կապված որոշումներս կախված են նրանից, թե որքանով հետաքրքրական է նախագիծը: 

-Կհամեմատե՞ք հայաստանյան եւ ամերիկյան կյանքերը: 

-Ամեն անգամ, երբ վերադառնում եմ, փոփոխություններ ու զարգացումներ եմ նկատում: Շատ եմ ուրախանում Հայաստանի մշակութային կյանքում տեղի ունեցող փոփոխություններով, նաեւ «Թումո»-ի նման կենտրոնների բացմամբ կամ, օրինակ, նրանով, ինչ անում է Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի քոլեջում եւ այլն:

-Ամուսնությունից հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Այն փաստը, որ նման մարդ կա, ու որ իրականում գոյություն ունի այն սերը, որը մենք զգում ենք, ստիպում է ինձ հավատալ հրաշքներին: Սա ասելով` նկատի ունեմ, որ դադարեցի ամեն ինչին «իրական» դիտանկյունից նայել, իսկ մինչ ամուսնանալը հենց այդպես էի անում: Եթե երազում եմ ինչ-որ բանի մասին, հավատում եմ, որ այն կարող է կատարվել: Սա ասես Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը» գրքից մի արտահայտություն լինի` «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:

Սոնա Հովհաննիսյանը եւ Միշոն


-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ամուսնու աշխատանքին, ի՞նչ կասեք նրա լսարանի եւ երկրպագուների մասին:

-Հպարտանում եմ իր արած աշխատանքով: Բացի այն, որ հիասքանչ երաժշտություն է ստեղծում, կարծում եմ, որ շատ խիզախ քայլ էր սկսել գործունեություն ծավալել բոլորովին նոր ժանրում: Միշոն շատ խոհուն անձնավորություն է, հետեւաբար, նրա գրած խոսքերն էլ այնքան իմաստալից են, նրա մտքերը հրահրող են, եւ նա անդրադառնում է կարեւոր բազմաթիվ սոցիալական խնդիրների: Ես տեսնում եմ` ինչպես է իր անհատականություն լինելը ոգեշնչում երիտասարդներին համարձակություն ունենալ տարբերվելու ամբոխից, ու դա ինձ շատ է դուր գալիս: Մի անգամ հարցրի նրան, թե ինչու այլեւս իր նոր տեսահոլովակները չի ներկայացնում հեռուստատեսությամբ, նա էլ պատասխանեց, որ նրանք, ովքեր հետեւում են իր երաժշտությանը, համացանցում էլ կգտնեն այդ երգերը: Ասացի նրան, որ կարծում եմ` մեր մշակութային կյանքի համար շատ կարեւոր է, որ իր նոր տեսահոլովակները հեռուստատեսությունում հայտնվեն, որովհետեւ նա լավ օրինակ է շատերի համար, եւ մեր երիտասարդության համար կարեւոր է տեսնել բազմազանություն ամեն բնագավառում: Կարեւոր չէ` համաձայնում ես իր աշխարհայացքի հետ, թե՝ ոչ, կարեւորն այն է, որ միտքը հրահրում է շատերին` առաջացնելով երկխոսության հնարավորություն: Նրա երգերը մարդկանց ստիպում են մտածել, թե ինչին են հավատում, եւ հետո, վերջին հաշվով, նրանք անում են սեփական եզրակացությունները: Միշոն բազմաթիվ հիասքանչ երկրպագուներ ունի, ովքեր գնահատում են իրեն, ինչպես ես:

-Իսկ ի՞նչը կարող է վեճի թեմա լինել Ձեզ համար:

-Հավանաբար, միայն մեր մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները կհավատան ասածիս, բայց մենք երբեւէ չենք կռվում: Կարծում եմ, որովհետեւ միեւնույն արժեքներն ունենք ու ինչ էլ լինի, մենք երբեք միմյանց դեմ չենք, մենք միշտ նույն թիմից ենք: Կարծում եմ` նորմալ է, որ ամեն հարցում չէ, որ համակարծիք ենք, բայց կարեւորն այն է, որ տարաձայնությունները լինում են միայն հարգանքի ու միմյանց մասին հոգ տանելու մոտեցմամբ: Երկուսիս համար էլ առաջնահերթ են միմյանց զգացմունքները, մնացած ամեն ինչ երկրորդական է:

-Գեղեցիկ ու հմայիչ կին եք, երբեւէ եղե՞լ է, որ Միշոն արգելի Ձեզ այս կամ այն հագուստը հագնել, առանց իրեն որեւէ տեղ գնալ:

-Երբեւէ չենք փորձել միմյանց մեջ ինչ-որ բան փոխել: Մենք հարգում ենք միմյանց ճաշակները ու նման հարց երբեւէ չի ծագել մեր դեպքում:

-Ինչպիսի՞ ամուսին է Միշոն:

-Ինձ համար նա կատարյալ է: Ունի այն բոլոր որակները, որոնք փնտրել եմ: Ու ամենակարեւորն այն է, որ նա իմ լավագույն ընկերն է:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին