×


Սոնա Շահգելդյանի “Հարսի շորը”

Սոնա Շահգելդյանը դեռեւս չի պատրաստվում հարսի շոր հագնել, բայց վաղուց մտադրված էր իր համանուն երգի տեսահոլովակը նկարահանել, որն իրականացրել է երկու օր առաջ: Մայրաքաղաքի կանաչ տաղավարներից մեկում մեկ ամբողջ օր նկարահանվել են ծիսական հարսանիքի բոլոր տեսարանները:

Սոնա Շահգելդյանը "Հարսի շոր" տեսահոլովակի նկարահանումներին


Մանե Հակոբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած “Հարսի շոր” երգը, Սոնայի փոխանցմամբ, հասցեատեր ունի.“Մի զույգի է նվիրված: Այն ինձ էլ է հաջողություն բերում, քանի որ հարսանիքներին երգելու հրավերներ եմ ստանում: “Հարսի շոր”-ն ավելի կսիրվի, երբ տեսահոլովակով մարդիկ հարսանեկան ծեսը տեսնեն”:

Նկարահանումների ժամանակ երգչուհին զգեստափոխվել է երեք անգամ` կրելով ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու խորհրդով եւ երիտասարդ մոդելավորողների կողմից կարված զգեստներ.“Բացի այն, որ Լուսիկ Ագուլեցին հարսանեկան պարագաներն իր ձեռքով է պատրաստել ու տրամադրել է զարդերը, նաեւ նկարահանվել է տեսահոլովակում: Նրա հետ նորից հաճույքով կհամագործակցեմ: Շատերը կարող է մտածեն` Սիրուշոյի հետ նրա համագործակցությունից եմ ազդվել, բայց վաղուց միտք ունեինք, համեմատելու իմաստ չկա, որովհետեւ տարբեր երգեր են, տարբեր թեմաներ”:

Սոնա Շահգելդյանը "Հարսի շոր" տեսահոլովակի նկարահանումներին


Սոնան BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր նոր տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել է մեծ թիմ` 40 հոգուց ավելի մարդ.“Ռեժիսորի հետ քննարկելուց հետո հասկացանք, որ պետք է հին հայկական հարսանիքի ծեսը ներկայացնենք: Երկու տարվա երգ է, վաղուց էինք պլանավորում նկարել, բայց անընդհատ հետաձգվում էր. թող ուշ լինի, նուշ լինի”:

Սոնա Շահգելդյանը


Երգչուհու խոսքով` ավանդույթներին ծանոթանալուց հետո ցանկություն ունի իր հարսանիքն էլ ավանդական տարբերակով նշել.“Ամեն ավանդույթ իր շատ հետաքրքիր պատմությունն ունի: Հիմա այդպիսի հարսանիք չեն անում, բայց կան մարդիկ, որ ազգայինը պահպանում են, վառ ապացույց` Լուսիկ Ագուլեցին”:

“Հարսի շոր”-ի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, հարսի եւ փեսայի կերպարներում հանդես են եկել Եվան ու Ռոմանը, նկարահանվել են նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի չորս պարող ու երաժիշտներ.“Ես իմ` երգչուհու դերում եմ, մյուս հերոսների միջոցով պատկերվել է հարսանիքի ծեսը, թե ինչպես են հնում անցկացրել ավանդական հարսանիքը”:

Լուսինե Մարտիրոսյանը, Լուսիկ Ագուլեցին, Եվան, Էնջլը, Ռոմանը, Սոնա Շահգելդյանը եւ Սուրեն Թադեւոսյանը


Լուսինե Մարտիրոսյանը նաեւ նկարահանել է Սոնայի “Դեպի երկինք” տեսահոլովակը, որը երգչուհին համարում է իր լավագույն տեսահոլովակներից մեկը. “Պրոֆեսիոնալ թիմով է աշխատում, այս անգամ էլ այդպես եղավ, եւ ես նկարահանումներից գոհ եմ: “Հարսի շոր”-ի տեսահոլովակի վրա շատ գումար եմ ծախսել. մինչեւ նկարելը երգելով վաստակել եմ, որ ներդնեի այս գործի մեջ”:

Տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից, իսկ մինչ այդ Սոնան մարտի 9-ին մենահամերգ կտա Գյումրու դրամատիկական թատրոնում.“Գիտեմ, որ այնտեղի հանդիսատեսը պահանջկոտ է, լավ պատրաստված եմ գնալու: Երգելու եմ տարբեր ոճերի մոտ 15 երգ, նաեւ կլինեն դուետներ Սեւակ Ամրոյանի ու Արսեն Հայրապետյանի հետ: Գարնան ընթացքում կնկարահանվի իմ ու Սեւակի դուետի տեսահոլովակը”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW