×


Սոնա Ռուբենյանը Յուրմալայում ծայրահեղ քայլերի չի դիմի

“Շանթ” հեռուստաընկերության “Սուպերսթար” նախագծի 5-րդ եթերաշրջանի հաղթող Սոնա Ռուբենյանը “Նոր ալիք 2014”-ում կբարձրացնի հայկական եռագույնը: Յուրմալայում կայանալիք երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական մրցույթն այս տարի հուլիսի 22-ից 27-ը կհեռարձակվի “Շանթ”-ի եթերում: 20-ամյա երգչուհին այս օրերին զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, սակայն հասցրել է լուսանկարվել BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին: Թեեւ նա փոքր-ինչ վատառողջ էր ու ջերմում էր, բարձր տրամադրությունը նկատելի էր, անգամ կատակել է, թե արտիստը տարվա ընթացքում երկու օր է առողջ լինում եւ այդ երկու օրը ելույթ չի ունենում:

Սոնա Ռուբենյանը


Այս ֆոտոշարքը շատ հավանեցի. կարճ ժամանակահատվածում ստացանք այն, ինչ ակնկալում էի: Սովորաբար, բեմական զգեստներս ես եմ ընտրում, բայց սիրում եմ դիզայներների հետ համագործակցել, նոր ոճեր ու գույներ փորձարկել: Որքան էլ զգեստը գեղեցիկ լինի, եթե զգամ ինձ համապատասխան չէ, չեմ կրի: Զգեստապահարանումս գերակշռում է սեւի եւ սպիտակի համադրությունը, բայց այսուհետեւ ավելի վառ երանգների զգեստներ էլ կկրեմ:

Վոկալի դասեր, երգերի ձայնագրություն, շուտով նաեւ պարի փորձեր… Որքան մոտենում են մրցույթի օրերը, այնքան լարվածությունս ավելանում է, բայց գիտեմ` երբ այնտեղ լինեմ, միջավայրը մաշկիս վրա լիովին զգամ, կհանդարտվեմ: Կարծում եմ` այնքան էլ վախենալու չէ, ինչքան հեռվից եմ պատկերացնում: Ի դեպ, հայ հեռուստադիտողին անակնկալ է սպասվում, քանի որ զուգերգ եմ կատարելու հայ երգիչներից մեկի հետ, իսկ Յուրմալայից օրագրերը վարելու է բոլորին քաջ հայտնի մարդ:

Սոնա Ռուբենյանը


Մրցութային 3 օրվա համար պատրաստում ենք 3 երգ, բայց “Նոր ալիք”-ի կազմակերպիչները դրանք այնքան հաճախ են փոփոխում, որ ընտրությունը դեռ հստակ չէ: Մենք ուղարկում ենք երգերը, իրենք մերժում կամ հաստատում են: Երկու օր առաջ էլ երգերից մեկը փոխեցին: “Նոր ալիք 2014” մրցույթի հայաստանյան պատվիրակության պրոդյուսերն Աննա Թադեւոսյանն է, երաժշտական պրոդյուսերը` Անդրեն, երգերի գործիքավորմամբ, ձայնագրմամբ զբաղվում է Նիկ Էգիբյանը: Նրանք ինձ ամեն հարցով աջակցում են:

Փորձը ցույց է տալիս, որ հաղթում են հուզիչ երգեր կատարող լավ վոկալիստները: Հիշվում է նա, ում երգը մարդկանց հոգուն է դիպչում: Ուզում եմ հանդիսատեսի առջեւ հոգիս բացել եւ իմ ներսում կուտակվածը փոխանցել: Բեմում մոռանում եմ ամեն ինչի մասին. իմ գերխնդիրն այդ պահին հույզեր փոխանցելն է:

Երբ երաժշտական մրցույթում երկիր ես ներկայացնում, գերնպատակը հաղթանակն է դառնում:  Կստեմ, եթե ասեմ` միայն մասնակցությունն է կարեւոր: Դա սխալ մարտավարություն է. պետք է հաղթանակի ձգտես: Նախընտրական փուլում ինձ տպավորեցին Ռուսաստանի, Ղազախստանի մասնակիցները: Այնտեղ կան մարդիկ, որոնց հետ շփվելն արդեն մեծ բավականություն է. ամեն օր չես տեսնի Ագուտինին:): Նրան շատ-շատ եմ սիրում:

Սոնա Ռուբենյանը


Նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրած մասնակիցների մեծ մասը պատվով են հանդես եկել եւ հայրենիքում էլ ավելի սիրվել: Առաջինն Էրիկն էր, որ իր փորձով կիսվեց ինձ հետ եւ երգի ընտրությանը վերաբերող խորհուրդներ տվեց: Նաեւ ասաց, որ անպայման լսեմ ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի ուղղորդումները, ինչը կօգնի ելույթիս: Մաշա Մնջոյանն ու Մհերն էլ հաջողություն մաղթեցին: Այդ ամենի միջով անցած մարդկանց խորհուրդներն ինձ հաստատ կօգնեն:

Որոշել եմ Յուրմալայում քիչ մտնել համացանց եւ չհետեւել “Նոր ալիք”-ի շուրջ ծավալվող քննարկումներին. դա կարող է խանգարել: Այնտեղ կողքիս կլինեն ընտանիքս եւ մտերիմ ընկերներս: Մրցույթի շրջանակում ցանկացած երգ կսովորեմ ու կկատարեմ, բայց իմիջային կտրուկ փոփոխությունների պատրաստ չեմ: Չեմ թողնի վարսերս կարճ կտրեն կամ վարդագույն ներկեն: Ծայրահեղ քայլերի չեմ դիմի, թեեւ, ինչպես տեսանք “Եվրատեսիլ”-ում, դրանք հանդիսատեսի կողմից բուռն են ընդունվում ու գնահատվում:

Սոնա Ռուբենյանը


Կողմ եմ առողջ ու խելամիտ ամեն տեսակի քննադատության, իսկ երբ ցանկանում են ուղղակի ցավ պատճառել, լսում եմ եւ անցնում առաջ: Եթե կողքիդ չկա մեկը, ով միշտ ճիշտը կասի, ուրեմն առաջընթաց չես ունենա: Բարեբախտաբար, իմ կողքին են ծնողներս, մատնանշում են բոլոր թերություններս, օրինակ` ելույթներիս ժամանակ եղել են աննկատ սխալներ, որոնք հոգուս խորքում ինքս ինձ չեմ խոստովանել, բայց նրանք բարձրաձայնել են: Հատկապես մայրս իմ ամենամեծ քննադատն է:

Օրեր առաջ ավարտեցի Երեւանի կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժնի բակալավրիատը: Անկեղծ ասած, ուսանողական կյանքը լիովին չեմ վայելել: Առաջին կուրսում սովորելիս մասնակցում էի “Սուպերսթար”-ին: Դասախոսներս ըմբռնումով էին մոտենում բացակայություններիս, ֆիզիկապես չէի կարողանում ներկա լինել բոլոր դասերին, բայց պետական քննությունը համակուրսեցիներիս նման հանձնել եմ եւ գլուխ չեմ պահել: Ինձ համար մի քիչ դժվար է առանձնացնել դպրոցական վերջին եւ ուսանողական առաջին տարիներս, քանի որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից հետո համադասարանցիներով դարձանք կուրսեցիներ` նույն մարդիկ, նույն առարկաներն ու երաժշտական նույն մթնոլորտը: Երկու տարի էլ կսովորեմ մագիստրատուրայում` դասական կամ ջազ վոկալի բաժնում: Դեռ պետք է ինքնակատարելագործվեմ:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Սոնայի զգեստը` դիզայներ “Teress”-ի
Նկարահանումն իրականացվել է “North Avenue” հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին