×


Սոնա Ռուբենյանը, Վլադիմիր Բարխոյանը, Նարեկ Բավեյանը եւ ուրիշներ` “Սիրո կամրջին”:)

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում դեկտեմբերի 4-ին եւ 5-ին հանդիսատեսի դատին է հանձնվել “Սիրո կամուրջ” մյուզիքլը: Մերօրյա երիտասարդների մասին երաժշտական ներկայացումը նվիրված է Սայաթ-Նովայի 300-ամյակին, եւ սյուժեի հիմքում աշուղի սիրո պատմությունն է:

"Սիրո կամուրջ" մյուզիքլի պրեմիերային

"Սիրո կամուրջ" մյուզիքլի պրեմիերային


Մյուզիքլի գլխավոր հերոսը` Հարություն Սայադյանը, որը կրում է Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանունը, երաժիշտ է եւ ցանկանում է իր “Նռան գույնը” խմբի հետ մասնակցել Հայաստանում անցկացվող “Նոյյան Տապան” միջազգային երաժշտական մրցույթին: Նա սիրահարված է բանկի կառավարչի աղջկան` Աննային, սակայն նրանց միությանը փորձում են խոչընդոտել: Հուսահատ հերոսը սիրո կամրջի վրա հանդիպում է թափառական աշուղի, որն էլ նրան քաջալերում է պայքարել հանուն սիրո եւ հաղթանակի: Վարպետը Հարությունին ծանոթացնում է աշուղական երաժշտության նրբություններին, ինչի շնորհիվ հերոսը նորովի հայացքով է նայում իր արվեստին եւ, իհարկե, խմբի հետ հաղթում մրցույթում:):

Մեկ եւ կես ժամ տեւողությամբ մյուզիքլում միախառնված են երգը, պարային շոուն եւ թատերական խաղը: Օգտագործվել են մոնումենտալ դեկորներ, վիզուալ եւ ձայնային էֆեկտներ, որոնք ավելի ամբողջական են դարձնում ներկայացումը: Երաժշտական առումով “Սիրո կամուրջ”-ը  բազմաժանր է` երգիչ-դերասանները կատարում են փոփ երգեր, “The Beautified Project” խմբի կատարմամբ հնչում է ռոք, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի երգերի մեղեդիներ, իսկ ավարտին հերոսները կատարում են “Չկա քիզի նման” երգը:

"Սիրո կամուրջ" մյուզիքլի պրեմիերային


Գլխավոր հերոս Հարությունին մարմնավորում է Վլադիմիր Բարխոյանը, իսկ նրա սիրելի աղջկա` Աննայի կերպարը երկու դերակատար ունի. պարբերաբար հանդես կգան Սոնա Ռուբենյանը կամ Մարտա Կիրակոսյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Նարեկ Բավեյանը, Անի Լուպեն, Ռադիկ Գաբրիելյանը, Հակոբ Խալաթյանը, Սուրեն Առուստամյանը, Ֆրեդ Դավթյանը, Արման Մարգարյանը եւ այլք:

Մյուզիքլի բեմադրող ռեժիսորը Վահան Բադալյանն է, սցենարի հեղինակները` Հակոբ Ռուբինյանն ու Վահրամ Սահակյանը, բեմադրող պարուսույցը` Ռուսաստանից հրավիրված Վալերի Արխիպովը, երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Էմմա Ասատրյանը, Քրիստ Մանարյանը եւ Արա Թորոսյանը` Մուրզոն:

"Սիրո կամուրջ" մյուզիքլի պրեմիերային


Ներկայացման ավարտից հետո BRAVO.am-ը հետնաբեմում զրուցել է գլխավոր դերակատարների հետ: Վլադիմիր Բարխոյանը մեզ հայտնել է, որ ներկայացման երգերը ձայնագրվել են, բայց բեմում միշտ կենդանի ձայնով են կատարելու. “Երեկոյան թեյ էի խմում, երբ զանգեցին ու առաջարկեցին փորձերին մասնակցել: Նախնական քասթինգն անցնելուց հետո հաստատեցին դերս, ինչի համար շատ ուրախ եմ: Անձնակազմի հետ հասցրել եմ ընկերանալ, փորձերը հետաքրքիր էին անցնում, շատ տեսարաններ փոխվել ու հղկվել են, կարծում եմ` հանդիսատեսը կհավանի արդյունքը”:

Չունենալով դերասանական կրթություն` երգիչը փորձերի ընթացքում հասցրել է որոշ դժվարություններ հաղթահարել, օրինակ` արտիստիկ պարել:).“Սա ինձ համար նորություն էր: Պարուսույցի, պարողների շնորհիվ սովորեցի բեմում պարել, ուզում եմ հետագայում էլ պարի դասերի հաճախել”:

"Սիրո կամուրջ" մյուզիքլի պրեմիերային


Ինչպես Վլադիմիրը, այնպես էլ Սոնա Ռուբենյանն առաջին անգամ է թատրոնի բեմում բացի երգելուց, նաեւ պարում ու դերասանական վարպետություն ցուցադրում:  Սոնայի խոսքով` որպես դերասանուհի հանդես գալու առաջին փորձն է եւ իրեն շատ լավ է զգում սիրային պատմության գլխավոր հերոսուհու կերպարում.“Չէի պատկերացնում, որ թատերական այս ժանրը այսքան կհավանեմ: Երբ դեռ փորձերին չէի մասնակցում, պարերն էի նայում, պատկերացնում էի, թե ամբողջական ներկայացումն ինչ հետաքրքիր կլինի, այդպես էլ եղավ: Ուրախ եմ, որ աշխատում եմ Վահան Բադալյանի եւ նման անձնակազմի հետ` սկսած հնչյունային ռեժիսորներից մինչեւ զգեստների նկարիչ: Կարծում եմ` Հայաստանում նման պարային երաժշտական նախագիծ չի եղել, բազմաժանր ու բազմագույն է, սեղմ ժամանակահատվածում հնարավորինս փորձել ենք ամեն մանրուքի վրա աշխատել”,-հայտնել է 5-րդ “Հայսուպերսթար”-ի հաղթողը:

Նշենք, որ նախագիծն իրականացրել են “Արտ թիմ” ընկերությունը եւ “Շարմ հոլդինգ”-ը:

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/ եւ “Շարմ հոլդինգ”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին