×


Սոնա Ռուբենյանը ճանաչվել է հինգերորդ “Հայսուպերսթար” :)

Սոնա Ռուբենյան, թե՞ Երվանդ Մաթեւոսյան. հենց այս հարցն էր տանջում “Շանթ” հեռուստաընկերության “Հայսուպերսթար 5” նախագծի հոբելյանական եթերաշրջանի բոլոր երկրպագուներին: Հաղթողի անունն արդեն հայտնի է. “Հայսուպերսթար 5” պատվավոր տիտղոսը կրում է եզրափակչում հայտնված գեղեցիկ սեռի ներկայացուցիչը` Սոնան:): 

“Հայսուպերսթար 5”-ի եզրափակչում հայտնված Սոնա Ռուբենյանն ու Երվանդ Մաթեւոսյանը


“Երբ ծանոթացա մասնակիցների հետ, շատ սիրեցի նրանց ու հավանեցի վոկալային տվյալները”,-նշել է նախագծի երաժշտական պրոդյուսերը` “EmpyRay” խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող եւ երգահան Գիսանե Պալյանն ու հավելել, որ վերջիններիս հետ ունեցած միակ խնդիրը նրանց երիտասարդ տարիքն է եղել.“Նախորդ նախագծերի ընթացքում տարիքի հաշվին, կարծում եմ, մասնակիցներն ավելի կայացած էին: Այս անգամ երեխաները շատ փոքր էին ու կյանքում բացահայտելու շատ բան ունեն”:

“Այն, որ հենց Սոնան եւ Երվանդը հայտնվեցին եզրափակչում, բավական կանխատեսելի էր ինձ համար: Մարդկանց մեջ յուրահատկությունն ու տեսակն եմ գնահատում. երկուսն էլ այդպիսին են, նաեւ ասելիք ունեն: Ով էլ հաղթող ճանաչվի, համաձայն կլինեմ հանդիսատեսի որոշման հետ”,-BRAVO.am-ի հետ զրույցում հաղթողի անունը հնչելուց մի քանի րոպե առաջ ասել է Գիսանե Պալյանը, որն, ի դեպ,  դեռեւս առաջին եթերաշրջանից  “Հայսուպերսթար”-ի կողքին է, հեղինակել է նախագծերի եզրափակչում հնչած երգերը:

Արամ MP3-ը պատրաստվում է հայտարարել “Հայսուպերսթար 5” նախագծի հաղթողի անունը


Հաղթողի անունը հայտարարելուց առաջ  “Հայսուպերսթար 5” նախագծի շրջանակում կայացել է տոնական գալա-համերգ, ելույթ են ունեցել այս եթերաշրջանի մասնակիցները, նախկին “սուպերսթարցիներ” Րաֆֆի Օհանյանը, Սուրեն Առուստամյանը, ինչպես նաեւ Անդրեն, Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը եւ այլք: Հանդիսատեսը սիրով ողջունել է բեմում հայտնված կատարողներին, բայց նաեւ անհամբեր է եղել` հաղթողի անունը լսելու:):

Երվանդ Մաթեւոսյանը երբեք չի մոռանա

Եզրափակչում հայտնված երկու մասնակցից Երվանդը խոստովանել է, որ երբեք չի մոռանա “Հայսուպերսթար”-ին մասնակցության իր պատմությունը: Ուկրաինայում բնակվող երգչի մայրիկը մեկ օր տեղեկացրել է որդուն, որ արդեն գրանցել է նրան` նախագծի լսումներին մասնակցելու համար:):

“Հայսուպերսթար 5”-ի եզրափակչում հայտնված Սոնա Ռուբենյանն ու Երվանդ Մաթեւոսյանը


21-ամյա Երվանդը երեւանյան լսումներին մասնակցել է “Սկայպ”-ով, կատարել “Կարուզոյի հիշատակին’’ երգն ու “Բումբոկս” խմբի երգացանկից “Happy End”-ը: Ժյուրիի անդամների պատասխանը դրական է եղել, ու իրականացել է Երվանդի ամենամեծ երազանքներից մեկը. “Երազում էի Հայաստան գալ: Չեմ մոռանա այն տեսարանը, երբ Ուկրաինայից Երեւան ժամանեցինք. օդանավակայանից տուն էինք գնում, տեսա Արարատն ու այնպես հուզվեցի… Մոտ 12 տարի այստեղ չէի եղել’’:

Երգչի խոսքով` եզրափակչում հայտնվելն արդեն մեծ հաղթանակ է իր համար. “Ես շարունակելու եմ այս ուղին: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանում եմ մնալու: Ես հայ եմ, այս ամենն իմն է: Շատ կկարոտեմ ամենօրյա փորձերը, համերգներից առաջ դողալն ու անհանգստանալը: Սա շատ մեծ ու դժվար ճանապարհ էր, որ մենք հաղթահարեցինք ու անցանք”:

“Հայսուպերսթար 5” տիտղոսին է արժանացել Սոնա Ռուբենյանը


Սոնա Ռուբենյան. “Հաղթանակը ոգեւորում է”

18-ամյա Սոնան  “Հայսուպերսթար 5”-ի փոխարեն պատրաստվել է մասնակցել մեկ այլ մրցույթի: Վերջին րոպեին մտափոխվելու շնորհիվ` աղջիկը հայտնվել է հենց այս նախագծի եզրափակչում: “Երբեւիցե մրցույթների չեմ մասնակցել: Բայց այնքան երջանիկ եմ, որ մասնակցեցի: Հետագայում շատ էի փոշմանելու, եթե չլացնեի մասնակցության հայտը’’,- ասել է նա ու հավելել, որ ծնողներն են շատ ցանկացել տեսնել իրեն այս նախագծում:

“Արդեն մեկ շաբաթում չորս երգ ենք սովորում: Սկզբում զարմանում էի, թե ինչպես ենք մեկ գիշերում մեկ երգ սովորում, իսկ այժմ …:): Շատ մեծ փորձ էր ինձ համար: Արդեն որոշել եմ` ապագայում նույն գործով եմ զբաղվելու: Հաղթանակը ոգեւորում է’’,-վստահեցրել է Սոնա Ռուբենյանը:

BRAVO.am-ը շնորհավորում է Սոնային` “Հայսուպերսթար” տիտղոսին արժանանալու կապակցությամբ:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին