×


Սոնա Ռուբենյանի, Էլվինա Մակարյանի եւ Վարդուհի Վարդանյանի մեծ գաղտնիքը

5-րդ “հայսուպերսթար” Սոնա Ռուբենյանը գրանցել է իր երկրորդ հաղթանակը: “Շանթ”-ի “Պրեմիերա” երաժշտական նախագծում լավագույն է ճանաչվել նրա կատարմամբ “Աշնան սերենադ”-ը, իսկ մրցանակը դրա տեսահոլովակի նկարահանումն է: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է հեռուստաշոուի, Էլվինա Մակարյանի եւ Վարդուհի Վարդանյանի հետ հանդիպման արդյունքում նվեր ստացած երգի մասին եւ ոչ միայն:

Սոնա Ռուբենյանը


“Նախագծի ընթացքում այնքան էլ մրցակցային մթնոլորտ չէր. մասնակիցներն ինձ մտերիմ մարդիկ էին: Բոլոր երգերը լսելով` ընտրեցի հենց այս մեկը, երեւի թե ներքին զգացում ունեի, որ հաջողված է լինելու, իմ խորհրդատու Անդրեն եւս այս երգն էր հավանել: Միասին ձեւափոխեցինք եւ ստացանք վերջնական տարբերակը: Մարդկանց կարծիքներից, նամակներից, ջերմ խոսքերից հասկացա` սիրվել է, շատ հաճելի է”,-նշել է նա` հավելելով, որ “Աշնան սերենադ”-ի երաժշտության հեղինակը Վազգեն Քոլոյանն է, խոսքերը գրել է Էլիտա Հարությունյանը:

9-ամյա Սոնա Ռուբենյանն` Էլվինա Մակարյանի եւ Կարեն Մարգարյանի հետ


Սոնայի խոսքով` “Պրեմիերա”-ի եզրափակչում իր անունը լսելիս հուզվել է, բայց “Հայսուպերսթար” դառնալու պահին ավելի հուզիչ ու հեքիաթային զգացողություն է ունեցել.“Առաջին անգամը միշտ ուրիշ է, իսկ այս հաղթանակին հոգեպես ավելի պատրաստ էի, բայց չէի սպասում, որ միանգամից այդքան մրցանակ կստանամ: Պարգեւներ ունեմ նաեւ “Ռադիո Վան”-ից եւ “Դար 21”-ից, որոնք կհեռարձակեն  հաղթող երգն ու տեսահոլովակը”: 

19-ամյա երգչուհին պրոդյուսեր չունի, այժմ պայմանագիր ունի “Շանթ”-ի հետ.“Ինձ շատ հարցերում հովանավորում եւ օգնում է հայրս: Դեռ տեսահոլովակ չունեմ, կարծում եմ` “Շանթ”-ն “Աշնան սերենադ”-ին համահունչ  գեղեցիկ տեսահոլովակ կնկարահանի: Հոլովակներ ներկայացնելուն այդքան կարեւորություն չեմ տալիս, փոխարենը բազմաթիվ համերգների եմ մասնակցել Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում”:

Վարդուհի Վարդանյանը եւ Սոնա Ռուբենյանը


Իսկ նրա առաջին մենահամերգը, հավանաբար, կկայանա հաջորդ տարվա գարնանը: Սոնա Ռուբենյանը BRAVO.am-ի հետ զրույցում գաղտնիք է բացել` տեղեկացնելով, որ այդ օրը կկատարի 2003 թվականին հայտնի երգչուհի Էլվինա Մակարյանի նվիրած երգը, որը երբեւէ չի հնչել: “9 տարեկան էի, երբ Երգի թատրոնի կազմով Լոս-Անջելեսում ներկայացրինք  “Սերունդներ” մյուզիքլը: Երգում էին Վարդուհի Վարդանյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արսեն Գրիգորյանը, Էմմա Ասատրյանը, Մարտան, ամենափոքրը ես էի: Ներկա լինելով մեր համերգին` Էլվինա Մակարյանը Վարդուհի Վարդանյանին խնդրել էր, որ ինձ բերի իր տուն: Հիշում եմ` ասաց, որ իր մանկությանը շատ նման եմ, միասին նկարվեցինք, նաեւ իր մանկական լուսանկարը ձեռքիս նկարվեցի: Նվիրեց “Հեքիաթում” երգը, որի բառերն իր ձեռագրով էին ու ստորագրված: Շատ հպարտ եմ, որ այդ երգը նա գրել էր ինձ համար”:

Երգի թատրոնը 2003 թվականին ելույթ է ունեցել Լոս-Անջելսում


Ավարտելով Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը եւ Չայկովսկու անվան 10-ամյա դպրոցը` Սոնան ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այժմ սովորում է ջազ-դաշնամուրային բաժնի չորրորդ կուրսում.“Ընդամենը երկու հոգով ենք այս բաժնում, այդ պատճառով դասի հաճախում ենք ջազ-վոկալ բաժնի ուսանողների հետ եւ մեր դասաժամերը տխուր չեն անցնում:)”:

Սոնան նաեւ պատմել է իր նախասիրություններից մեկի մասին. ազատ ժամանակ բիժուտերիա է պատրաստում եւ հացի խմորից վարդեր.“Մեկ ամիս առաջ տատիկս սովորեցրեց թելերով գործել, այդպես սկսեցի ինձ համար զարդեր պատրաստել:)”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Robert Wong-ի, “Շանթ” հեռուստաընկերության եւ Սոնա Ռուբենյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին