×


Սոսո Պավլիաշվիլիի կենացն ու երեւանյան համերգի հետաքրքիր մյուս դրվագները :)

Երեւանի Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում մայիսի 2-ին հանդիսատեսը ներկա է եղել Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի եւ Նարի Հարությունյանի համատեղ համերգին, որի առաջին հատվածում ելույթ են ունեցել երգչուհիները` կատարելով իրենց երգացանկից հնգական երգ, նաեւ “Պահապան հրեշտակ” զուգերգը:

Սոսո Պավլիաշվիլին


Երեկոյի պարային հատվածն ապահովել է տարբեր ոճերի 3 պարախումբ: Անչոկը BRAVO.am-ին հայտնել է, որ երկար են պատրաստվել համերգին.“Քանի որ Սոսոն Մոսկվայում էր, մենք առանձին ենք փորձերն արել: Առաջին հայացքից դժվար էր, բայց մեր երաժիշտներն այնքան պրոֆեսիոնալ են, որ բեմում զգում էի` ամուր մեջք ունեմ”:

Շուրջ երեք ժամ տեւողությամբ համերգին վրացի երգիչը կատարել է 20-ից ավելի երգ, այդ թվում` “Слеза дождя”, “Тост”, “Свобода”, “Только моя”, “Небо на ладони” ու այլ հիթեր: Նա կենաց է խմել` շնորհակալություն հայտնելով իր հավատարիմ հանդիսատեսին, սրտեր միացնող երաժշտությանը, իր գործընկերներին եւ այլոց: Հանդիսականները ոչ միայն ունկնդրել են նրա կատարումները, այլեւ միասին պարել ու լուսանկարվել: Երգիչն իր հերթական կատարումից առաջ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան համերգին


Հետնաբեմում Նարի Հարությունյանը նշել է, որ Սոսոյի հետ աշխատելն ու շփվելը միշտ հաճելի է.“Նա ինչպես բեմում, այնպես էլ կյանքում անկեղծ, հումորով ու զգացմունքային մարդ է: Առաջին հանդիպումից հետո տպավորություն ունեի, որ արդեն տասը տարի միմյանց ճանաչում ենք: Միշտ հայի ու վրացու մասին անեկդոտներ ենք պատմում ու ծիծաղում: Արդեն զուգերգի գաղափար ունենք, որն իմ հեղինակային երգը կլինի”:

Ի դեպ, Նարին BRAVO.am-ի ընթերցողների համար բացել է փակագծերն ու հայտնել, որ Սոսո Պավլիաշվիլին իր եւ Անչոկի հիմնադրած “Շանսոն” ակումբի բաժնետեր է դարձել. այժմ նրանք ունեն ընդհանուր բիզնես.“Նախորդ տարի Սոսոյի ընտանիքի անդամներն այնքան էին այցելում մեր ակումբ, որ նա արդեն մտածում էր, թե ինչու են հենց այդտեղ գալիս: Այնքան հետաքրքրվեց, որ սեպտեմբերին դարձավ մեր գործընկերը:)”:

Նունե Եսայանը եւ Սոսո Պավլիաշվիլին


Համերգի անակնկալը Նունե Եսայանի եւ Սոսո Պավլիաշվիլիի “Сильнее чем прежде” կոչվող նոր զուգերգն էր, որը նրանք կատարել են առաջին անգամ: Զուգերգի գաղափարը երգչուհունն է, իսկ երգի հեղինակը Սոսոն է.“Ի զարմանս ինձ` նա ծանոթ էր իմ երգացանկին եւ գիտեր իմ գործունեության մասին: Այս երգը տխուր սիրո մասին է, բայց ռիթմիկ երաժշտությամբ: Տեսահոլովակի համար համերգից երկու օր առաջ երգը Մոսկվայում ձայնագրեցինք եւ նույն օրը վերադարձանք Երեւան: Հոլովակում կընդգրկենք նաեւ համերգային կադրեր, իսկ պրեմիերան նախատեսում ենք այս ամիս”,-մեզ հետ զրույցում պատմել է Նունե Եսայանը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին