×


Սուսաննա Պետրոսյան.«Իմ եւ սիրելիիս առաջին հանդիպումը պատահականություն չէր»

Առաջին «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանը վերջերս է վերադարձել Ռումինիայից, որտեղ հայկական փառատոնի շրջանակում երկու համերգ է ունեցել: BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է հյուրախաղերի, ստեղծագործական ներկա փուլի, սիրելիի հետ հարաբերությունների եւ այլնի մասին:

Սուսաննա Պետրոսյանը` սիրելիի հետ


«Սա մեր երրորդ համագործակցությունն էր: Այս անգամ իմ պնդմամբ մեկնել էի շատ լավ երաժիշտների` ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանի, բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի եւ հարվածային  գործիքներ նվագող Հակոբ Օրդակյանի հետ, որպեսզի կենդանի նվագակցությամբ ելույթ ունենայի»,- պատմել է նա:

Սուսաննայի մենահամերգը տեղի է ունեցել Բուխարեստի Հայկական փողոցում (Strada Armeneasca).«Մոտ մեկուկես ժամ շատ լավ ելույթ ունեցա` կատարելով ջազ, բլյուզ եւ ռեգգի ոճի երգեր: Համերգիս կարող էին հետեւել նաեւ առցանց: Իսկ հաջորդ օրը 40 րոպեանոց համերգ ունեցա, որի ընթացքում միայն հայկական ժողովրդական երգեր կատարեցի: Մթնոլորտը շատ հաճելի էր. մի կողմում հանդիսատեսն էր, մյուս կողմում` հայկական եկեղեցին»:

Սուսաննա Պետրոսյանը` սիրելիի հետ


Նրա խոսքով` այժմ էլ շարունակում է աշխատել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ նոր ուսումնական տարվանից դասավանդում է նաեւ Երեւանի էստրադային եւ ջազ արվեստի քոլեջում.«Ժամանակս հիմնականում աշխատանքիս եմ տրամադրում, թեեւ չեմ հասցրել հանգստանալ, հաճույքով եմ անում գործս, հատկապես, երբ տեսնում է արդյունքը»:

Հենց զբաղվածությունն էլ խանգարում է երգչուհուն ավարտին հասցնել նոր` «Իմ» երգի տեսահոլովակի աշխատանքները.«Այն գրեթե պատրաստ է. մի քանի կադր է մնացել, որ նկարահանենք: Չեմ ուզում ուղղակի անփույթ մի բան անել, ուզում եմ դադարից հետո պատշաճ ձեւով ներկայանալ»:

Սուսաննա Պետրոսյանը` Բուլղարիայում


Երգչուհու հետ խոսել ենք նաեւ սիրելիի հետ հարաբերությունների ներկա փուլի մասին: Մոտ մեկ տարի է` Սուսաննան ընկերություն է անում մասնագիտությամբ բժիշկ, կենսաքիմիկ Գեորգ Գասպարյանի հետ.«Հանդիպել ենք շատ պատահական ու հետաքրքիր ձեւով, բայց հետագայում, երբ հիշել ենք այդ դրվագը, հասկացել ենք, որ ամենեւին էլ պատահականություն չէր»:

Նրանից հետաքրքրվել ենք, թե Գեորգն ինչպես է վերաբերվում երգչուհու իր կարիերային.«Ինքն այդքան էլ չի սիրում շոուբիզնես ասվածը, բայց քանի որ ինքս էլ շատ չեմ խորանում դրա մեջ, նրա կողմից արգելքներ չեն լինում. ժամանակ առ ժամանակ համերգների եմ մասնակցում, որոնց նորմալ է վերաբերվում»:

Սիրահարները որքան էլ զբաղված առօրյա են ունենում, այնուամենայնիվ, փորձում են օրվա մեջ ժամանակ հատկացնել իրենց հանդիպմանը.«Երկուսս էլ հանդարտ միջավայր ենք սիրում, հաճախ ենք երեկոյան զբոսնում ու լիցքաթափվում հագեցած օրվանից հետո»,-ասել է Սուսաննան եւ հավելել, որ արդեն ծանոթ է նաեւ ընտրյալի ընտանիքի անդամների հետ, սակայն հարաբերությունների օրինականացման պլանների մասին դեռ չի ցանկանում խոսել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սուսաննա Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին