×


Սոֆի Դեւոյանը՝ սերիալային նոր դերի, ընտանիքի եւ կես դար բեմում լինելու մասին

Պարի եւ հոգու թատրոնի հիմնադիր Սոֆի Դեւոյանը տեւական դադարից հետո կրկին հեռուստաէկրաններին է: Այս անգամ նա նկարահանվում է “Արմենիա”-ով հեռարձակվող “Բախտաբեր” սերիալում:

Սոֆի Դեւոյանը


Նա BRAVO.am-ին հայտնել է, որ սիրով է ընդունել նոր կերպար կերտելու առաջարկը.“Սերիալում խաղալն ինձ հաճույք է պարգեւում. եթե որեւէ աշխատանքից հաճույք չեմ ստանում, պարզապես չեմ անում: Յուրաքանչյուր գործս սիրով եմ անում, դրա համար էլ չեմ հոգնում: Ինձ հրավիրեցին, ես էլ չհրաժարվեցի: Ինձ համար կերպարս հետաքրքիր է: Նախկինում միշտ մարմնավորել եմ դրական կանանց, իսկ այս մեկը երեք զավակ ունեցող, չոր բնավորությամբ կին է, չի ընդունում իր հարսին, եւ պարզվում է` ճիշտ է անում: Ինչպես ասում են` մոր կանխազգացումը չի խաբում”:

Սոֆի Դեւոյանն` ամուսնու եւ թոռնուհու հետ


Սոֆի Դեւոյանը մեզ հետ զրույցում անկեղծացել է, որ շատ կցանկանար թատրոնի դերասանուհի լինել.“Վերջերս ինձ առաջարկեցին գլխավոր դերով բեմ բարձրանալ, բայց հրաժարվեցի: Երեւի վախեցա, թեեւ հիմա ափսոսում եմ: Թատրոնում խաղալն իմ մանկության երազանքներից մեկն է եղել: Բայց պարն ինձ համար լիարժեք է, ես իմ ողջ կյանքն եմ նվիրել պարին, եթե չսիրեի, այսօր պարի 3 դպրոց չէի ունենա: Սիրում եմ արվեստի հետ կապ ունեցող ցանկացած մասնագիտություն”:

Պարուհին նաեւ նշել է, որ նկարում է ինչպես իր, այնպես էլ Պարի եւ հոգու թատրոնի պարուհիների բեմական զգեստների էսքիզները.“Սիրում եմ ամեն ինչ իմ ձեռքով  անել, աքեսուարներն էլ ինքս եմ պատրաստում, ինչը բավական ժամանակ է խլում: Բայց առաջին տեղում ընտանիքն է. սիրում եմ տանը թոռներիս հետ լինել, նրանց առավոտյան արթնացնել ու դպրոց ճանապարհել: Նրանք կիթառի, բռնցքամարտի, պարի, անգլերենի պարապմունքների են հաճախում: Մենք տարիներ շարունակ միասին ենք ապրում: Երբ Զարուհիս հյուրաախաղերով Հայաստանում չի լինում, ավելի մեծ ուշադրությամբ եմ զբաղվում երեխաներով: Որքան շատ են գործերս, այնքան ավելի շատ բան եմ հասցնում անել”:

Սոֆի Դեւոյանի որդին, հարսը` Զարուհի Բաբայանը, եւ թոռները


Պարուհու թոռնիկը՝ կրտսեր Սոֆի Դեւոյանը, եւս պարում է. “Շուտով նրան կընդգրկեմ մեծերի խմբում` համերգային ծրագրում: Անցյալ տարի նա էլ մյուս երեխաների հետ Մոսկվայում մասնակցեց մեծ փառատոնի՝ առաջին անգամ ներկայացնելով Հայաստանը: Թոռնուհիս սիրում է պարը, ինչի համար շատ ուրախ եմ”:

65-ամյա Սոֆի Դեւոյանը շուտով կնշի իր բեմական կյանքի 50-ամյակը՝ “Սոֆի Դեւոյանը կես դար բեմում” խորագրով համերգով.“Ես նախորդ տարեդարձս չեմ տոնել, անկեղծ ասած, հոգնել եմ իմ տոները նշելուց, բայց կարծում եմ՝ այս կլոր ամյակն արժե նշել: Կարծում եմ՝ իմ բեմական գործունեությանը նվիրված համերգը կկայանա մինչեւ ամառ` Օպերային թատրոնում”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին