×


Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ինքնատիպ կտավները` հիշողության կրողներ

“ՀայԱրտ”-ում շուրջ երկու ամիս ցուցադրվել են Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի յուրահատուկ լուծումներով կտավները: Արվեստագետի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը կազմակերպել է “Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամը` նախագահ Սոնա Հարությունյանի մտահղացմամբ: Ներկայացվել է նաեւ նկարչի առաջին ծավալուն պատկերագիրքը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքներից


Մշակութային կենտրոնի առաջին հարկում նրա անցումային շրջանի աշխատանքներն են, որոնք անհատական լինելու հետ մեկտեղ կրում են մշակութային տարբեր շերտերի հիշողություններ, իսկ երկրորդ հարկում ներկայացված գործերում նկարչի վառ ընդգծված ձեռագիրն ու բանաձեւերն են:

“Ստեղծագործական շրջանի վերջին 10-15 տարվա ընթացքում Վազգենը պնդում էր, որ արվեստն իր համար անընդհատելի գործընթացի է վերածվել. նա ժխտեց այն միտքը, թե արվեստն ավարտվում է մեկ կտավով ու սկսում հաջորդով` հայտնելով, որ իր աշխատանքները մեկ ամբողջություն են կազմելու: Հենց այս պատճառով “ՀայԱրտ”-ի երկրորդ` կլոր հարկը խորհրդանշական էր ցուցադրության համար. պարզ երեւում է` աշխատանքները չունեն սկիզբ ու վերջ’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է ցուցահանդեսի համադրող, նկարիչ Նարեկ Ավետիսյանը, որն անձամբ ծանոթ է եղել նկարչի հետ:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը "ՀայԱրտ"-ում


Կոլաժի ու ասամբլյաժի միջեւ գտնվող անհատական տեխնիկայի շնորհիվ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքները չափազանց ինքնատիպ են եւ հիշվում են հենց առաջին հայացքից: Ստեղծագործելիս նկարիչն օգտագործել է ներկեր, խեցեղեն, փայտ, ապակի, ժանգոտած մեխեր...

“Խառնվածքով հիշողության մարդ էր: Իր աշխատանքներում օգտագործված բոլոր նյութերը հիշողության կրողներ են, ամեն մանրուքը պատմություն ունի: Արվեստում նրան հաջողվեց նոր բանաձեւ գտնել: Եթե դրանում երկիմաստ խորհուրդ տեսնենք, կհասկանանք, որ հիմքում ճշմարտությունն է’’,-պատմել է Նարեկ Ավետիսյանը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքներից


Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի նկարիչ դառնալը, կարծես, ի վերուստ կանխորոշված էր. հայրը` հայտնի արվեստագետ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն է, քույրերը` Լավինիա եւ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանները եւս կերպարվեստի ուղին էին ընտրել:

Տիկին Ջեմման, “Մշակույթների երկխոսություն’’ հիմնադրամը նախագահ Սոնա Հարությունյանը եւ Նարեկ Ավետիսյանը


Զրուցեցինք նաեւ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի այրու` տիկին Ջեմմայի հետ.“Շատ գոհ կլիներ, եթե տեսներ այս ցուցադրությունը: Այն ամենն, ինչ ձեռքի տակ գտնում էր, օգտագործում էր աշխատանքներում: Նա իրերը որպես առարկաներ չէր դիտարկում, այլ կերպ էր տեսնում դրանք: Աշխատանքային պրոցեսին ներկա չէի լինում, բայց ավարտից հետո միշտ զրուցում էինք, քննարկում: Ուշադիր նայում էր ստեղծագործությանն ու ասում` “Այս գործը կարող է ապրել””:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին