×


Վախթանգ Հարությունյանը ներկայացրել է “Գիշեր է, գիշեր” ձայնասկավառակը

Տիկնիկային թատրոնի բեմում երեկ “Անվերջանալի պատմություն” խորագրով համերգ-շնորհանդեսի շրջանակում միմյանց հանդիպեցին հեղինակ-կատարողներ Վախթանգ Հարությունյանի փիլիսոփայությունը, Արմինե Հայրապետյանի զգայականությունը եւ Արեգ Նազարյանի պատկերավորությունը: Բարդերը լավ գիտեն միմյանց երգերը, կատարողների խոսքերով` դրանք նույնիսկ լրացնում են իրար: Նրանց երաժշտական “զրույցները” սկսվել են ավելի քան 15 տարի առաջ ու անվերջանալի պատմության վերածվել:

Արեգ Նազարյանը, Վախթանգ Հարությունյանը եւ Արմինե Հայրապետյանը

“Մեր յուրաքանչյուր համերգի ընթացքում նորություն ունենք ներկայացնելու: Այս անգամ ուրախ ենք, որ Վախթանգը նոր ձայնասկավառակ է թողարկել, մենք էլ նոր երգեր ունենք հանդիսատեսի համար: Շատ եմ հավանել նոր ձայնասկավառակը. երգերն ինձ ուղեկից կդառնան”,- ասել է Արմինե Հայրապետյանը:

Անցյալ տարի Վախթանգը թողարկեց ռուսերեն երգերի հավաքածու, հայերենով գրված ստեղծագործություններն էլ ամփոփվել են հինգերորդ` “Գիշեր է, գիշեր” հեղինակային երգերի ձայնասկավառակում: 10 երգից բաղկացած ալբոմում երաժշտի` 1998-ին լույս տեսած առաջին CD-ից երեք երգ կա, որոնք, ինչպես նշել է, վերանայման կարիք ունեին:

Վախթանգ Հարությունյանը

Վախթանգ Հարությունյանը խոսել է նաեւ համանուն երգի մասին. “Այն իրականությունն արտացոլող հայելի է. անուրջներ գրեթե չկան: Անդրադառնալով մեր կյանքի արատավոր երեւույթներին` վերջում հիշեցնում եմ` այնուամենայնիվ, առավոտ կբացվի, մարդիկ կարթնանան ու ամենը լավ ընթացք կունենա: Թունելի վերջում միշտ հույսի լույսն է վառվում: Իմ երգերն էլ կարծես թունելներ լինեն. վերջում հույսի լույս են վառում”:

Այս ստեղծագործությունը գրվել է գիշերը. “Մի հեռուստաալիքով պաշտոնավորները ստում էին, մյուսով մշակույթի ներկայացուցիչները վեհ գաղափարներից, բարոյականության մասին էին խոսում, երբ նման իրավունք չպետք է վերապահեին իրենց, հաջորդով հատուկ համազգեստով մարդիկ էին, որոնց` բարոյականության թեմայով խոսակցությունը եւս ցավալի էր: Վեց ալիք փոխեցի, բայց իրականություն չգտա, ինչն էլ դրդեց գրել այս երգը: Շատ կուզեի, որ այն ակտուալ չլիներ”:

Արեգ Նազարյանը, Արմինե Հայրապետյանը եւ Վախթանգ Հարությունյանը

Երեկոյի ընթացքում բարդերի հետ բեմում էր նաեւ բրյուսելաբնակ Արեգ Նազարյանը. “Մեր հանդիպումը կարծես ձուկ լինի, որ դուրս է ցատկում ջրից ու շունչ քաշում: Մի բան ասեմ, այդպես էլ կարող եք գրել` Վախթանգի ոչ բոլոր երգերն եմ սիրում, բայց այս ձայնասկավառակը շատ լավն է: Վերջին անգամ ապրիլին ենք համերգ ունեցել, դրանից հետո նոր երգերը կարծես տոպրակի մեջ են հավաքվել, որն այսօր պատռվելու է”:

Վախթանգը խոստովանել է, որ երգում է իրեն հուզող թեմաներով. “Անկեղծ լինելն ամենաճիշտ վարվելաձեւն է: Եթե ես չհուզվեմ, ուրեմն չեմ կարողանա հուզել նաեւ հանդիսատեսին: Այնպես որ, համերգների ընթացքում առաջնորդվում եմ հենց այս սկզբունքով”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին