×


Վաղը կմեկնարկի “Yerevan Jazz Fest 2015”-ը

Սեպտեմբերը մեր մայրաքաղաքում ջազային է. վաղը պաշտոնապես կմեկնարկի երեւանյան ջազ փառատոնը՝ “Yerevan Jazz Fest 2015”-ը: Սեպտեմբերի 17-ին, 18-ին եւ 19-ին Մարզահամերգային համալիրում ելույթ կունենան հայ եւ այլազգի ջազ երաժիշտներ:

Ռիչարդ Բոնան


Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Արցախի ջազ նվագախումբը, Նինո Կատամաձեն իր “Insight” խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Խմբի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաեւ կատարումներով հանդես կգան Մարիամ ու Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Վազգեն Ասատրյանը, Էռնա Յուզբաշյանը եւ Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):

BRAVO.am-ը զրուցել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ, “Մեցցո” ակումբի հիմնադիր Կամո Մովսեսյանի հետ, ով մի շարք մանրամասներ է պատմել միջազգային փառատոնի եւ նորաստեղծ ասոցիացիայի մասին:

Կամո Մովսեսյանը


Կազմակերպչական աշխատանքներով բավական մեծ թիմ է զբաղվում, գլխավոր կազմակերպիչը “Մեցցո Փրոդաքշն” ընկերությունն է: Լայնամասշտաբ փառատոն ենք ունենալու: Մասնակիցները ժամանում են տարբեր երկրներից, յուրաքանչյուրի հետ առանձնահատուկ մոտեցմամբ ենք աշխատում: Մեր ընկերությունն իր ողջ ներուժով եւ կարողությամբ անում է ամեն ինչ, որ որեւէ խնդիր չլինի՝ սկսած հյուրանոցներում տեղավորումից մինչեւ տեխնիկական մանր խնդիրներ: Բոլոր երաժիշտների մասնակցությունը մեզ համար ձեռքբերում է, յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի: Ի ուրախություն մեզ, հայ ջազմենները շատ են, բոլորին մեկ փառատոնում չենք ընդգրկել, մյուս տարի հանդիսատեսը կտեսնի հայտնի մյուս ջազմեններին:

Ջազի հայկական ասոցիացիայի ստեղծումը կապում եմ հայկական ջազի ամբողջ պատմության  հետ: Արմատները խոր են եւ հանդիսանում են ասոցիացիայի ստեղծման հիմքը: Հիմնադիրները վեց հոգի են՝ Լեւոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Վազգեն Ասատրյանը, “Mezzo Production” ընկերության տնօրեն Անի Սաղոյանը, իրավաբանական եւ ֆինանսական հարցերով զբաղվող Արթուր Բարսեղյանը եւ ես:

Մեր առաջնային նպատակը “Հայկական ջազ” անունը միջազգային շուկա հանելն է: Արտերկրում ճանաչելի է հայկական ջազը, ուստի ցանկանում ենք վերականգնել մեր ունեցած ջազային ավանդույթը եւ զարգացնելով քայլել դեպի առաջ: Հույս ունենք, որ արտերկրից ժամանած պրոդյուսերները հետաքրքիր առաջարկներ կանեն հայ երաժիշտներին:

Վահագն Հայրապետյանը


Փառատոնի առանձնահատկություններից մեկն Արցախի ջազ բենդի ներկայությունն է, որոնց հրավիրել ենք Լեւոն Մալխասյանի առաջարկով: Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը մի փոքր քաղաքականություն է. հատուկ ցանկանում էինք նրանց ներկայությունը: Երբ միջազգային արտիստների համերգներ ենք կազմակերպում, նրանց առաջարկում ենք ելույթ ունենալ նաեւ Արցախում: Ինչպես գիտեք, այդպես նրանք հայտնվում են Ադրբեջանի “սեւ ցուցակում”, որն ի վնաս է աշխատում հենց Ադրբեջանին: Վերջերս Ստեփանակերտում կազմակերպեցինք Պլասիդո Դոմինգոյի որդու համերգը, նա հայտնվեց այդ ցուցակում, ինչի համար նա հպարտ էր:

Մեծ ցանկություն ու գաղափար ունենք նաեւ Արցախում կազմակերպել ջազ փառատոն, սակայն ֆինանսական հարցերը դեռ թույլ չեն տալիս իրականացնել: Միշտ մտածել եմ, որ Շուշին հրաշալի քաղաք է հենց ջազ փառատոնի համար, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, քանի որ եվրոպական երկրներում էլ ջազ փառատոններն անցնում են ոչ թե մայրաքաղաքներում, այլ կոլորիտային փոքր քաղաքներում: Շուշիում կազմակերպելը Հայաստանի համար ռազմավարական քայլ կլինի. աշխարհահռչակ երաժիշտները կժամանեն եւ ելույթ կունենան Արցախում:

“Yerevan Jazz Fest 2015”-ը կլուսաբանվի միջազգային հայտնիություն վայելող “Mezzo TV”-ով: Հեռուստաընկերությունը հաշվի է առել “Մեցցո փրոդաքշն”-ի տարիների փորձը եւ համաձայնել է համագործակցել: Հայաստանում  կազմակերպվող միջոցառումն առաջին անգամ է լուսաբանվելու ֆրանսիական այս ալիքով: Տասն օր շարունակ նրանք կիրականացնեն Հայաստանի եւ հայկական ջազ փառատոնի գովազդային արշավը: “Mezzo TV”-ն այժմ համարվում է մշակութային եւ ջազ ուղղվածության առաջին միջազգային հեռուստաալիքը: Մեր լուսաբանվելը մեկ ամսվա բանակցությունների արդյունք է: Մեզ համար շատ կարեւոր հաջողություն է` փառատոնի ձեռքբերումներից մեկը: Լուսաբանումն անվճար չէ, բայց մեզ որոշակի զեղչ են արել: Սա այն դեպքն է, որ չնայած ֆինանսական մեծ ռեսուրսներ չունենք, բայց արժեր վճարել: Ըստ մեր պայմանավորվածության՝ ոչ թե իրենք կգան նկարահանելու, այլ մենք նյութեր կուղարկենք: Հաջորդ տարվա համար արդեն բանակցություններ ենք վարում, որ հեռուստաընկերության թիմը ժամանի նկարահանելու:

Արմեն եւ Մարիամ Մերաբովները


Բոլոր համերգները սկսվելու են ուղիղ ժամը 19:00-ին, խնդրում ենք հանդիսատեսին ուշադիր լինել եւ ճիշտ ժամանակին գալ համերգասրահ: Փորձում ենք համերգները ճիշտ ժամանակին սկսելու մշակույթը պահպանել. անկախ ամեն ինչից մենք սկսելու ենք նշված ժամին: Այս փառատոնը կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ: Առանց հովանավորների հնարավոր չէր լինի իրականացնել: 

“Ջազի հայկական ասոցիացիան” հաջորդ փառատոնը կկազմակերպի ապրիլին,
որին կմասնակցեն երիտասարդ սերնդի երաժիշտները: Այս անգամ հայ երիտասարդ կատարողներ գրեթե չկան, քանի որ միջազգային հյուրերի թիվը մեծ է, բացի այդ երիտասարդները պետք է այնպես իրենց դրսեւորեն, որ պրոֆեսիոնալների կողքին վստահորեն բեմ բարձրանան: “Junior Jazz Fest”-ն իր տեսակով կլինի մրցութային, կհայտնաբերենք լավագույն սաքսոֆոնահարներին, թմբկահարներին, վոկալիստներին եւ այլն: Ըստ նախնական գաղափարի՝ գալա համերգը կկայանա ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները տրամադրել է “Mezzo Production”-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW