×


Վարսա Մինասյան. “Պոզիտիվ գույներով դագաղի մեջ եմ պառկել”

Վարսա բեմական անվամբ նորահայտ երգչուհին Վարսինե Մինասյանն է, որը կատարում է ջազային ու ֆանկ երգեր, իր խոսքերով՝ չի վախենում սուր կարծիքներից ու քննադատություններից. “Համարձակ եմ, կարծում եմ` շատ մարդիկ ինձ կընդունեն իմ տեսակով ու ոճով”:

Վարսան պատրաստվում է իր երկրորդ տեսահոլովակը նկարահանել


19-ամյա Վարսան հանրակրթական եւ երաժշտական դպրոցները Մոսկվայում ավարտելուց հետո 15 տարեկանում տեղափոխվել է Երեւան, այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում. “Փոքրուց երգում եմ: Տարբեր մրցույթների, համերգների եմ մասնակցել, օրինակ` Սանկտ-Պետերբուրգում իրականացվող “Ангел надежды” միջազգային նախագծի շրջանակում երկու անգամ ոսկե մեդալ եմ ստացել: Հայաստան տեղափոխվելուս պատճառն էլ այն էր, որ ուզում էի Երեւանում ապրել ու երգել”:

Երգչուհին վերջերս է ներկայացրել իր առաջին տեսահոլովակը՝  անգլալեզու՝  “I'm in Flight” ջազ-ֆանկ երգի հիման վրա. “Այս ոճի երգի համար ճիշտ տարբերակ էր անգլերեն երգելը, նոր երգերս կլինեն նաեւ հայերենով, իսկ ռուսերեն երգեր դժվար թե կատարեմ: Հստակ չեմ կարող ասել, որ գտել եմ իմ ոճը, բայց հիմա ֆանկ ոճն ինձ հարազատ է, երգում եմ այն, ինչ զգում եմ: Որոշել եմ նաեւ աշուղական երգ կատարել Օֆելյա Համբարձումյանի հետ:)”:

"Պոզիտիվ գույներով, հեքիաթային դագաղի մեջ եմ պառկել". Վարսա


Վարսայի խոսքերով՝ պրոֆեսիոնալ երաժիշտներն իրեն աջակցում են, առաջինն աշխատել է Կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հետ. “Իմ դասախոսն է եղել, միասին արդեն չորս գործ ունենք, մեկն էլ տեսահոլովակի երգն է”:

Աղջկա հավաստմամբ` գործընկերներն իրեն դրական են վերաբերվում. “Դեռ միայն լավ խոսքեր եմ լսել, իմ հանդեպ վատ վերաբերմունք չեմ զգացել, օրեր առաջ էլ մասնակցում էի “Նոր ալիք”-ի նախընտրական փուլին: Չանցա հաջորդ փուլ, բայց ժյուրիի անդամ Արթուր Գրիգորյանը լավ կարծիք հայտնեց, հաճելի էր լսել: Ուղղակի բեմական մեծ փորձ չունեմ, հուզվում ու ինձ կորցնում եմ, խիզախությունս պակասում է”:

Երգչուհի Վարսան՝ Վարսինե Մինասյանը


Լուսանկարվելը Վարսայի նախասիրություններից մեկն է. օձերի հետ լուսանկարվելուց հետո որոշել է դագաղի մեջ պառկել: Լուսանկարիչ Դավիթ Գալստյանն է երգչուհուն անմահացրել գունեղ ու ծաղկային դագաղի մեջ:):

Ֆոտոշարքի ոճով զբաղվել է Ասյա Յաղմուրյանը, դագաղի նկարչությունն արել է Արսեն Նավասարդին, աղջկա դիմահարդարումը` Ելենա Ֆրոլովան. “Մարդիկ, դագաղ տեսնելով, վատ զգացողություններ են ունենում: Պոզիտիվ գույներով, հեքիաթային դագաղի մեջ եմ պառկել, ինչը այլ տեսանկյունից է ցույց տալիս երեւույթը: Այս նկարները տեսնելուց հետո ծանոթներս հարցնում են` որ մեռնենք, այսպիսի դագաղի մեջ կթաղե՞ք:)”:

Լուսանկարվելը Վարսայի նախասիրություններից մեկն է


Վարսան մեկ անգամ ակումբային համերգ է ունեցել, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կրկին ուզում է նվագախմբի հետ փոքրիկ համերգներով հանդես գալ, առաջիկայում պատրաստվում է նաեւ նկարահանել իր երկրորդ տեսահոլովակը:
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Գալստյանի եւ Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին