×


Վիգեն Մնոյան. “Օրինակ կարող եմ բերել Նազենի Հովհաննիսյանին ”

Վիգեն Մնոյանն արդեն 16 տարի է` զբաղվում է լուսանկարչությամբ` յուրաքանչյուր ֆոտոսեսիայի ժամանակ կրկնելով “ինձ նայիր, մի լարվիր” արտահայտությունները: Ֆեշն,  նյու ոճերում աշխատող եւ  բնապատկերներ նկարող  լուսանկարիչն  իր աշխատանքի ու ֆոտոխցիկի առջեւ “կանգնողի” մասին խոսել է BRAVO.am-ի հետ:

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը


“Ֆոտոսեսիային լավ եմ պատրաստվում, բայց հատուկ ոչինչ չեմ անում: Բնապատկերներից բացի նախընտրում եմ տաղավարային նկարահանումները, քանի որ արհեստական լույսի հետ աշխատանքն ինձ դուր է գալիս ”,-նշել է լուսանկարիչը:

Սեւի ու սպիտակի առկայությունն իր նկարներում եւ դրանց նախապատվությունը Վիգենը բացատրում է նշված գույների  ավելի անկեղծ ու ավելի ազնիվ լինելով. “Սեւի ու սպիտակի մեջ գունային ողջ գամման է ”:

Արաքս Մանսուրյանը


Խոսելով ֆոտոխցիկի առջեւ բարդույթավորվող մարդկանցից`մեր զրուցակիցն ասել է, որ դա ազգության հետ կապ չունի. “Հայ աղջիկներն  ունեն այն կոմպլեքսները, որոնք ունեն նաեւ այլ ազգերի ներկայացուցիչները` ոչ ավել, ոչ պակաս: Հայ աղջիկներն ունեն նաեւ այն կիրքն ու գրավչությունը, որ կա արտասահմանցի մոդելների մեջ, ուղղակի լավ մոդել լինելու համար դա բավարար չէ. փորձ եւ ուսում է պետք”:

Լուսանկարիչը նաեւ հետեւյալն է հավելել. “Ֆոտոխցիկի առջեւ կանգնող հայ աղջիկներին խորհուրդ կտամ` ազատ եւ անկեղծ լինեն, սիրեն իրենց` վերջինս չշփոթելով ինքնասիրահարվածության հետ: Մեզ մոտ էլ, իհարկե, կան մարդիկ, որոնք ինձ լավ են հասկանում, ես էլ` իրենց: Հայկական շոու-բիզնեսից օրինակ կարող եմ բերել Նազենի Հովհաննիսյանին”:

Նազենի Հովհաննիսյանը


Վիգեն Մնոյանը նախընտրում է նկարել դիմանկարներ եւ սոցիալական բնույթ կրող նախագծերով հանդես գալ, իրեն համարում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ` այդ հասկացության մեջ տեղավորելով մասնագետի, որը ստացել է համապատասխան կրթություն եւ չնայած այս կամ այն տրամադրությանը` որակյալ աշխատանք է կատարում:

Նա պատրաստվում է ապրիլ ամսին Մոսկվայում կայանալիք 2 ցուցահանդեսի, որտեղ կներկայացվեն ռուս դերասանների նկարներ ու բնապատկերներ: Ի դեպ, Վիգենը նաեւ նյու ոճի լուսանկարների շարք ունի, որին առանձին կանդրադառնանք:
 
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի
 

Կարդալ ավելին

Quality Sign BW