Միացյալ Նահանգներում բնակվող Վիկտորյա Անանյանը ծնված օրվանից ապրում է բալետով, մանկուց սովորել է տարբեր երկրների բալետային դպրոցներում, ելույթ է ունեցել ամենատարբեր քաղաքներում, բայց իր համար դեռ չիրականացված է մնում մեկ երազանք՝ պարել Հայաստանում՝ հայ հանդիսատեսի համար:
27-ամյա պարուհին ծնվել է Երեւանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների մեծ ընտանիքում: Բնակվելով Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, այժմ էլ ԱՄՆ-ում՝ յուրացրել է ռուսական, ապա եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը, ծանոթ է դասավանդման համակարգի տարբերություններին, մեկ բան հստակ գիտի՝ բալետն իր արյան մեջ է:
BRAVO.am-ի հետ զրույցում մեր հայրենակցուհին պատմել է երեւանյան իր հիշողությունների, ապրելակերպի ու գործունեության մասին:
“Պարելով թռնում էի ու ասում՝ Միկա՛, ինձ նկարիր:)”
Մայրիկիս պատմելով՝ ծնված օրվանից խաղալով պարել եմ: Հաստատ գիտեի, որ հետո էլ պարելու եմ, չնայած` մայրս, տատիկս, որոնք պարուհիներ էին, այնքան էլ կողմ չէին: Ինքս եմ ընտրել այս ճանապարհը: Պապիկս՝ Զարեհ Մուրադյանը, հայրս՝ Էդվարդ Անանյանը, նույնպես եղել են բալետի աշխարհում. ես ու եղբայր էլ դարձանք պարողներ:
Հիշում եմ, երբ շատ փոքր էի, իմ մանկության ընկերներից Միքայել Շարաֆյանի հետ խաղում էինք. Միկան պատերին նկարում էր, ես պարելով թռնում էի ու ասում՝ Միկա՛, ինձ նկարիր:): Միկան դարձավ նկարիչ-դիզայներ, ես՝ պարուհի: Կյանքի բերումով երկուսս էլ Ամերիկայում ենք ապրում, հիմա էլ հաճախ հանդիպում ենք:
Հայաստանի հետ կապված հիշողություններիս մեջ մեկ էլ պահպանվել է, որ լույս ու ջուր չունեինք… Փոքր էի, երբ տեղափոխվեցինք Խարկով: Մայրս էր ինձ բալետ դասավանդում: Միշտ նեղանում էի, որովհետեւ ինձ հետ շատ ավելի խիստ էր, քան մյուս երեխաների: Փոքր ժամանակ չէի հասկանում, դասից հետո տանը շարունակում էի թեման, ասում էի՝ էն աղջկա հետ լավ է, իմ հետ` վատ:): Մաման մոտ հինգ տարի ինձ դաս տվեց, գլխացավ ստացավ, հետո ուղարկեց Պերմ: Այդ ժամանակ 16 տարեկան էի. մրցույթի ընթացքում էին տեսել ու հրավիրել սովորելու: Դպրոցական դասերն ու բալետը միասին նույն տեղում էի սովորում:
“Չգիտեմ էլ՝ ինչ լեզվով եմ մտածում”
Տարբեր տեղերում եմ ապրել, բայց ամենահարազատը Հայաստանն է, որովհետեւ ծնվել եմ այդտեղ: Հայերեն այդքան լավ չեմ խոսում` առաջին ու երկրորդ դասարանում եմ սովորել հայկական դպրոցում: Հայրիկս պարտադրում է` իր հետ հայերեն խոսեմ, որ չմոռանամ: Ռուսերենի ու անգլերենի հետ եմ խառնում, չգիտեմ էլ՝ ինչ լեզվով եմ մտածում. “վինեգրետ” է գլխումս, խառն եմ մտածում:):
“… որ ոտքերս չջարդեմ”
2007թվականին գնացի Ամստերդամ: Հրավիրել էին աշխատելու, մինչեւ հիմա ունեմ պայմանագիր: Շատ ներկայացումներում պարեցի, տարբեր ծանոթություններ ունեցա: Մինչ այդ շատ տարբեր քաղաքներով տուրերի գնացել էի, շուտ հարմարվեցի, սովորեցի եվրոպական բալետի ոճը, որը շատ է տարբերվում ռուսականից: Այնպիսի պայմանագիր ունեմ, որ կարող եմ միշտ` մինչեւ ծերանալս աշխատել Հոլանդիայում, այսինքն՝ բալետային կյանքում մինչեւ 38-39 տարեկանը:
Եվրոպայում բալետն ավելի մոտ է դասականին, մարմինդ ավելի նուրբ ու փափուկ է, ինչը լավ է ե՛ւ կլասիկ, ե՛ւ մոդեռն բալետի համար: Ամերիկյան բալետում սիրում են արագ ռիթմեր, կարող ես ավելի շատ տրավմաների ենթարկվել, դրա համար պարելուց առաջ միշտ լավ մտածում եմ, որ ոտքերս չջարդեմ: Բայց մեկ անգամ ոտքիս կոճի տրավմա ունեցել եմ, վիրահատությունից հետո պետք է 6 ամիս սպասեի, բայց չկարողացա. մեկ ու կես ամիս հետո պարեցի “Ժիզել”:
Սան Ֆրանցիսկոյի բալետային դպրոցը, որտեղ հիմա մենապարուհի եմ, Ամերիկայում համարվում է լավագույններից մեկը: Բայց վատն այն է, որ առանց բեմ 6 ամիս պարապում, հետո երեք ամիս պարում ենք ամբողջ ռեպերտուարը: Շատ եմ սիրում բեմում պարել, մի քիչ անհարմար է այս աշխատաոճը: Դեռ հաստատ չգիտեմ, բայց մտածում եմ Եվրոպա վերադառնալու մասին: Ուղղակի կուզենայի հետագայում այստեղ դաս տալ ու իմ նախագծերն անել:
Ամերիկայում ուսանողական համակարգ է. պրոֆեսիոնալ ես, բայց միշտ պետք է քո տնօրենին ապացուցես, իսկ Հոլանդիայում դու աշխատում ես ինքնուրույն, պարում ես հանդիսատեսի համար, ոչ թե տնօրենի: Իսկ ես ուզում էի ամեն ինչ անել, դաս տալ, մանավանդ որ ուրիշ քաղաքներից հրավիրել են մաստեր-կլաս վարելու: Ի դեպ, ես միակ հայը չեմ, Դավիթ Կարապետյանն է աշխատում այստեղ, հիմա միասին փորձերի մեջ ենք:
“Կտպագրեմ իմ պոեզիան”
Բացի բալետից շատ եմ սիրում գրականություն: Ինքս ռուսերենով գրում եմ բանաստեղծություններ ու պատմվածքներ: Երբ փոքր էի, տատիկս ինձ համար շատ էր կարդում Լերմոնտով, Պուշկին: Հիշում եմ՝ առաջին անգամ 1995-ին թուղթը վերցրի ու արագ-արագ գրեցի մտքիս եկածը, բայց ոչ ոքի ցույց չտվեցի: Հետո միշտ թուղթ ու գրիչ եմ մոտս պահել: Երբ հիմա կարդում եմ այդ ժամանակվա գրածներս, մտածում եմ՝ ինչ խոր մտքեր ունեի: Գրելու կարողությունը ժառանգել եմ պապիկիցս: Այս տարի երեւի կտպագրեմ իմ պոեզիան, հետո նաեւ կարճ պատմվածքներս:
Երբ Ամստերդամում էի ապրում, մեկ-մեկ հանդես էի գալիս որպես մոդել: Հոլանդացի ռեժիսորներից մեկն առաջարկեց իմ մասին դոկումենտալ ֆիլմ նկարել, բայց կիսատ մնաց, քանի որ եկա Միացյալ Նահանգներ, արդեն 7 ամիս է՝ այստեղ եմ: Հիմա ծնողներս ու եղբայրս ապրում են Ուկրաինայում: Մայրիկս 6 տարի ապրել ու բալետ է դասավանդել Ճապոնիայում, բայց հիմա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ ապրում են հայրս ու եղբայրս:
“Մայրիկս անհանգստանում է”
Այստեղ առանց ընտանիքի դժվար է, բայց դեռ չեմ մտածում իմ ընտանիքը ստեղծելու մասին: Ուզում եմ համոզված լինել, որ գտել եմ այն մարդուն, որի հետ կապրեմ ամբողջ կյանքս: Մեկ-մեկ մայրիկս անհանգստանում է, ասում է՝ “ինչ մարդ ես, չես հավանում ոչ ոքի”, բայց հավանելը շատ քիչ է ամուսնանալու համար: Ես մամային շունիկ նվիրեցի, որ շան հետ խաղա, ինձ չանհանգստացնի այդ թեմայով:): Մաման շանն ասում է Լոլա, պապան՝ Մաթիլդա:):
Հայերին շատ սիրում եմ, բայց հայերի մենթալիտետի մեջ շատ մազալու բաներ կան:): Մեր ազգի ամենաբնորոշ գիծը չափազանցելն է, այնքա՜ն գույներով են ամեն ինչ ներկայացնում: Վերջին անգամ 6-7 տարի առաջ եմ եղել հայրենիքում՝ եկել էի բարեկամներիս տեսնելու: Երեւանում փողոցով քայլելիս հասկանում էի, որ մարդիկ այնքան խնդիր ունեն, որ չեն ուզում արվեստի մասին մտածել: Երանի կարողանայի օգնել, ով դրա կարիքն ունի, բայց հնարավոր չէ, որովհետեւ մեկ-մեկ ինձ է պետք օգնություն:
Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայրենիքում կպարեմ: Ուզում եմ, որ հայ ազգն իմանա, որ ես կամ: Միայն հրավերի եմ սպասում Օպերայի եւ բալետի թատրոնի կողմից, նույնիսկ առանց գումարի հաճույքով կգամ ու կպարեմ հայաստանցիների համար:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյա Անանյանի անձնական արխիվից














