×


“Vitamin”-ի տղաները, Արսենը, Գոռը, Ամիրյանները եւ ուրիշներ` “Lost and Found in Armenia”-ի պրեմիերային

“Lost and Found in Armenia” հայ-ամերիկյան ֆիլմի երեւանյան առաջին ցուցադրությունը երեկ էր` նոյեմբերի 22-ին` “Մոսկվա” կինոթատրոնում: Պրեմիերան ամերիկյան մոտիվներով էր. կարմիր գորգ, ասուլիս, հյուրասիրություն:):

“Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմի պրոդյուսեր Մարալ Ջերեջյանը եւ բեմադրող ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը



“Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմի ստեղծողները` բեմադրիչ-ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, պրոդյուսերներ Մարալ Ջերեջյանը եւ Վալերի Մաքքեֆրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել են ռոմանտիկ կատակերգության ստեղծման աշխատանքների մասին եւ նշել, որ պրեմիերայի օրը հատուկ չի ընտրվել. ամերիկյան ամենահայտնի տոներից մեկի` Գոհունակության օրվա (Thanksgiving Day)  հետ համընկնումը պատահական է:

“Հայկական ֆիլմերն օտարները չեն հասկանում, եւ մեր նպատակն այնպիսի ֆիլմ նկարելն էր, որ Միացյալ Նահանգներում հետաքրքրվեն ու գնեն: Մեր երազանքը կատարվեց, քանի որ այն վաճառեցինք ամերիկացիներին, եւ առաջին անգամ հայերեն լեզվով ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում: Նաեւ գնել են Ռուսաստանից, այնտեղ էլ մեծ էկրաններին կցուցադրվի”,-նշել է Մարալ Ջերեջյանն ու ավելացրել, որ իրենց աջակցել են հայ գործարարներ. “Առաջին անգամ է, որ ֆիլմի ներդրողները Հայաստանից են, միշտ հակառակն է լինում: Ես ու Վալերին եկանք Հայաստանում գումար գտանք, իհարկե, դժվար պայմաններում, բայց մեզ հաջողվեց”:

Արամ MP3-ը եւ Վաչեն


Ռոմանտիկ կատակերգության գլխավոր հերոսը` ամերիկացի Բիլը, որին լքել է ընկերուհին, ընկերների հետ գնում է Թուրքիա` հանգստանալու: Ի դեպ, այդ տեսարանները նկարահանվել են ոչ թե Թուրքիայում, այլ` Միացյալ Նահանգներում: Ծովափնյա հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է զբաղվել էքստրեմալ ժամանցով ու թռչել օդապարիկով, պարանը պոկվում է ջրային մոտոցիկլետից, օդում փաթաթվում ինքնաթիռին, արդյունքում նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում, որտեղ հայ գյուղացիները, տեսնելով օդապարիկի թուրքական դրոշն ու լսելով նրա արտաբերած թուրքերեն բառերը, նրան թուրք լրտեսի տեղ են դնում ու փորձում որոշել` ինչպես վարվել:

“Lost and Found in Armenia”-ում հոլիվուդյան դերասաններ Ջեյմի Քենեդիի, Դեյլ Շերիդանի հետ նկարահանվել են հայ դերասաններ Անժելա Սարաֆյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վաչիկ Մանգասարյանը, Արսեն Գրիգորյանը, Լեւոն Հարությունյանը, Վաչե Թովմասյանը, Դավիթ Թովմասյանը, Ջուլիետա Բաբայանը, Ալլա Սահակյանը եւ այլք: Հայկական հումորով համեմված սցենարի հեղինակներն են` Նարեկ Ղափլանյանը, Քրիստ Մանարյանը եւ Գոռ Կիրակոսյանը, իսկ զգեստների դիզայները` Միքայել Շարաֆյանը:

“Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին


“Նկարահանման խմբից ամերիկացիները շատ էին սիրել Հայաստանը, նրանցից մի քանի հոգի որպես հիշատակ հայերեն տառերով դաջվածք արեցին:): Ուրախ եմ, որ հայ դերասաններին էլ կտեսնեն օտարազգի մարդիկ”,- ասել է Վալերի Մաքքեֆրին:

“Վիտամին” ակումբից Վաչե Թովմասյանը մարմնավորել է գյուղապետի տղայի ընկերոջ կերպարը, որի անունն է Բլդո. “Ես շատ եմ եղել տարբեր ֆիլմերի նկարահանման պրոցեսներում, բայց սա առանձնանում էր պրոֆեսիոնալ թիմով, լրջորեն էին վերաբերվում գործին: Շատ բան կարելի էր տեղում սովորել, հաճելի էր նրանց հետ աշխատելը, հատկապես ֆիլմի սցենարի սուպերվայզեր Մերլինի հետ, որը, ցավոք, վերջերս մահացավ, այդ պատճառով ցուցադրումը նվիրվեց նրա հիշատակին: Շատ լավ կին էր, ինքն էլ էր ուզում հայերեն տառերով դաջվածք անել, շատ էր հավանել հայերին”:

“Lost and Found in Armenia” ֆիլմում նկարահանված դերասաններից Ջուլիետա Բաբայանը


Դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, որը նաեւ նկարահանվել է Գոռ Կիրակոսյանի “Մեծ պատմություն փոքր քաղաքում” ֆիլմում, ռոմանտիկ կատակերգությունը դիտելուց հետո մեզ հետ զրույցում նշել է, որ իր սպասելիքներն արդարացվել են. “Սցենարը կարդալիս չէի պատկերացնում, որ հրաշալի արդյունք կլինի: Մուղնի գյուղում նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում: Իմ տեսարաններից մեկում պետք է Նիվա մակնիշի մեքենա նստեի ու դուրս գայի. ծիծաղելի էր, մի քանի դուբլում ինձ հրում էին, հետո փորձում դուրս հանել:): Կոմեդիկ կադրեր են ստացել”:

Վալերի Մաքքեֆրին, Գոռ Կիրակոսյանը եւ Մարալ Ջերեջյանը


Երեւանյան պրեմիերային ներկա չեն եղել գլխավոր դերակատարները` Անժելա Սարաֆյանը, Ջեյմի Քենեդին, Հրանտ Թոխատյանը: Գոռ Կիրակոսյանի փոխանցմամբ` նրանք չեն կարողացել գալ ԱՄՆ-ում զբաղվածության պատճառով: Ռեժիսորը նշել է, որ Ջեյմիին զարմացրել է հայկական գյուղերում ինտերնետի բացակայությունը, բայց հաճույքով է նկարահանվել ու հավանել է հայկական դոլման:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին