×


Վիտամինցիները, Իվետան, Հռիփսիմեն, Արսենը, Սուսաննան եւ այլք բարեգործական համերգ են տվել

6-ամյա Մարիամ Այվազյանի բժշկական հետազոտությանն ու բուժմանն աջակցելու նպատակով “ԷԽՈ” հասարակական կազմակերպությունը “Վիտամին” ակումբի հետ համատեղ մայիսի 3-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կազմակերպել էր բարեգործական միջոցառում:

Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը եւ Գարիկ Պապոյանը


Համերգի առաջին հատվածում երգել են Արսեն Գրիգորյանը, դերասան Դավիթ Սեխպեյանը, Վարդան Բադալյանը, Նառան, Տիգրան Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիդուշիկը, Արամ MP3-ը, նաեւ “Շանթ” հեռուստաընկերության երաժշտական նախագծերի հաղթողնեից եւ մասնակիցներից Սուսաննա Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գեւորգյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Վրեժ Կիրակոսյանն ու երիտասարդ այլ երգիչներ:

Դավիթ Սեխպեյանը, Արսեն Գրիգորյանը, Նառան եւ Լիդուշիկը


Երեկոյի հանդիսավար “վիտամինցի” Գարիկը նշել է, որ բարեգործական այս համերգը չի առանձնանում շքեղ լույսերով ու դեկորացիաներով, փոխարենն այդ ամենի վրա ծախսվելիք գումարը կհատկացվի փոքրիկի հետազոտությանը: Երեխայի մոտ ախտորոշված է “Կրուզոնի” համախտանիշ, անհրաժեշտ է վիրահատություն. “Մարիամն ապրում է Գյումրիում, ունի երազանք, որ պարի եւ երգի: Գումար ներդնելով` մենք հնարավորություն ունենք նրա երազանքն իրականացնել”,-նշել է Գարիկ Պապոյանը:

"ԷԽՈ" ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը


Հանդիսատեսը ոչ միայն տեսանյութ է դիտել “ԷԽՈ” ՀԿ-ի գործունեության մասին, այլեւ բուռն ծափահարել է կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանին, ով իր օրինակով աջակցում է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց.“Մայրս, միավորելով հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, 2008-ին ստեղծեց կազմակերպությունը, որի հիմնական նպատակը հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումն է: Աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ ո՛չ հաշմանդամությունից, ոչ էլ` հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող դառնալուց”:

Փոքրիկ Մարիամին փափուկ խաղալիք են նվիրել եւ շուտափույթ ապաքինում մաղթել


Ներկաների շարքում է եղել նաեւ փոքրիկ Մարիամը, որին նվիրել են փափուկ խաղալիք եւ մաղթել շուտափույթ ապաքինում:

Սոցիալական աշխատող Սուսաննա Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ շուրջ մեկ տարի “Վիտամին” ակումբն իրենց աջակցում է.“Երեխաներից մեկին ֆինանսապես աջակցելու հարցով դիմեցինք, ու այդպես մեր համագործակցությունը սկսվեց: Այս համերգից ստացված ողջ գումարը կծախսվի Մոսկվայում կատարվելիք հետազոտության վրա, քանի որ Հայաստանում համապատասխան սարքավորումներ չկան”:

Նարե Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանն ու Սուսաննա Պետրոսյանը


6-ամյա Մարիամին աջակցելու ցանկության դեպքում մեր ընթերցողները եւս կարող են գումար փոխանցել “Ինեկոբանկ”-ում գործող 205004201674 դրամային հաշվեհամարին: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք հասարակական կազմակերպության կայքը` http://ekhongoarmenia.am:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին