×


Տաթեւիկ Ադումյանն` իր նոր ֆոտոշարքի, ամուսնուց ոգեշնչման եւ առողջ ապրելակերպի մասին

BRAVO.am-ը ներկայացնում է Տաթեւիկ Ադումյանի նոր ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Արգինե Մինասյանն է: 22-ամյա դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է իր կերպարի, առօրյայի եւ այլ նորությունների մասին:

Տաթեւիկ Ադումյանը


“Իրականում քաղցրասեր չեմ”

Արգինեն առաջին անգամ ինձ լուսանկարել է սեւազգեստ հարսի կերպարում, եւ սա մեր երկրորդ համագործակցությունն է: Նա առաջին հերթին պոզիտիվ մարդ է, իսկ դրական մարդկանց հետ միշտ հաճելի է աշխատելը: Լուսանկարչի եւ դիզայների գաղափարով ներկայանում եմ քաղցրակեր աղջկա կերպարում: Իրականում ընդհանրապես քաղցր չեմ սիրում, նույնիսկ տարեդարձիս տորթերը չեմ համտեսում, միայն պաղպաղակ եմ սիրում:

Ամուսինը` ոգեշնչման աղբյուր

Սերիալում նկարահանվելուց բացի, տարբեր հետաքրքրություններ ունեմ. երկար ժամանակ է` անգլերեն եմ պարապում, արդեն կարողանում եմ այդ լեզվով շփվել: Սկսել եմ զրոյից, քանի որ դպրոցում որպես օտար լեզու սովորել ենք ֆրանսերեն: Ամուսինս, լինելով համընթաց թարգմանիչ, ինձ ոգեւորում է եւ իր սեփական օրինակով ստիպում, որ անընդհատ աշխատեմ ու կատարելագործվեմ: Եթե նա չլիներ, դժվար թե զրոյից անգլերեն սովորեի: Առհասարակ, նա ինձ ամեն հարցում է ոգեւորում ու աջակցում: Ուզում եմ ոչ միայն աշխատանքում, այլեւ կենցաղում հասնել ավելիին, նրա համար միշտ նոր ուտեստներ պատրաստել ու զարմացնել:):

Տաթեւիկ Ադումյանը


Առողջ ապրելակերպի մասին

Մոտ երեք տարի հաճախում եմ մարզադահլիճ, կստեմ, եթե ասեմ ամեն օր, բայց շաբաթական երկու-երեք անգամ գնում եմ մարզվելու. մասնակցում եմ լողի, ֆիտնեսի, յոգայի դասընթացներին: Չեմ ընդունում, երբ սննդակարգերի են հետեւում, եթե մարդ կարող է իր օրգանիզմը տանջել, ուրեմն կարող է ֆիզիկական վարժություններ էլ կատարել: Մարզադահլիճ գնալը պարտադիր չէ, կարելի է տանը պարապել եւ հաճախ քայլել:

Գիրք կարդալու մասին

Տանը կենցաղային գործերով եմ զբաղվում, ազատ լինելու դեպքում երբեմն գիրք եմ կարդում: Այն մարդկանցից եմ, որ էլեկտրոնայինի փոխարեն սիրում են գիրքը թերթելով կարդալ, օրինակ` հիմա ընթերցում եմ Բերնհարդ Շլինկի “Ընթերցողը” վեպը, որի հիման վրա նկարահանվել է համանուն հայտնի ֆիլմը, գլխավոր դերակատար Քեյթ Ուինսլեյթն էլ արժանացել է “Օսկար” մրցանակի: Շատ ուժեղ եւ հետաքրքիր պատմություն է, ֆիլմը դիտելուց հետո որոշեցի կարդալ, բայց այդպես լավ չէ, որովհետեւ հերոսներին ենթագիտակցորեն պատկերացնում եմ ըստ ֆիլմի դերասանների:

Տաթեւիկ Ադումյանը

   
Երկու նպատակ

Այս տարի ուզում եմ իրականություն դարձնել երկու կարեւոր նպատակ. մեկն անձնական է, մյուսը` գործնական: Պլանավորում եմ սերիալի ավարտից հետո մի փոքր այլ բանով զբաղվել, բայց նորից իմ մասնագիտության շրջանակում: Նպատակներիս մասին կբարձրաձայնեմ իրականացնելուց հետո:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/
Հագուստի հեղինակ` Լուսինե Տարախչյան
Դիմահարդար`Արփինե Խաչատրյան,
Վարսահարդար` Լիանա Հովհաննիսյան
Լուսանկարահանումն իրականացվել է “Check in” սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին