Ջազի հայ թագուհին Հայաստանում է, եւ BRAVO.am-ին առիթ է ընձեռվել հանդիպել սիրելի երգչուհուն ու հետաքրքիր զրույց ունենալ: Տաթեւիկ Հովհաննիսյանը հայրենիք վերջին այցից շուրջ 6 տարի անց կրկին այստեղ է մենահամերգներով. նրա հոգեթով ձայնը կհնչի Գյումրիում, Արցախում եւ, իհարկե, քաղաքամայր Երեւանում:
Տաթեւիկ Հովհաննիսյանը
-Ծնվել եք երաժշտական ընտանիքում, Ձեր երաժշտական ուղին սկսվել է 11 տարեկանից: Արդյո՞ք ճակատագիր էր, թե՞ գիտակցված ընտրություն:
-Կարող է եւ երաժշտական ընտանիքում էլ մեծացած չլինեի ու ընտրեի այս ուղին, սա ճակատագրական հարց էր, այսպես էլ պետք է լիներ: Ես ծնվել եմ երաժշտությամբ, երգով, արվեստով, երգչուհի դառնալու համար:
-Փաստորեն հավատում եք ճակատագրի ուժին:
-Օ՜, այո, շատ…
-Երբեւէ չեք հայտնվել Ձեր հայտնի մայրիկի, կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի շողքում: Ինչպե՞ս է հաջողվել պահել անհատականությունը, դառնալ «Խորհրդային ջազ վոկալի թագուհի»:
-Դա էլ ճակատագրական մի պատմություն է: Եղբայրս` ջութակահար, հայրս` երաժիշտ. ամբողջ ընտանիքով երաժիշտ ենք: Փոքրիկ էի եւ լսում էի մեր տանը հնչող երաժշտությունը՝ դասական, հայկական ժողովրդական, ջազ: Այդ տարիքում սիրեցի ջազն ու գրավվեցի դրանով: Բնավորությամբ դժվարություն փնտրող եմ, եւ Ճանապարհն ինձ տարավ այնպես, ինչպես նախանշված էր:
Տաթեւիկ Հովհաննիսյանը
-Շատ երկար է հայտնիների ցուցակը, որոնց հետ երբեւէ համագործակցել եք: Կա՞ արդյոք մեկը, ով «անհասանելի» արտիստ է Ձեզ համար եւ նրա հետ համագործակցելը երազի պես մի բան է:
-Անհասանելին մահացել է: Դաշնակահար Օսկար Փիթերոսնն էր, շա՜տ կուզեի, բայց նա մահացել է: Բոլոր երաժիշտներն անկրկնելի են, յուրահատուկ գանձեր են:
-Հանդես եք եկել աշխարհի ամենահայտնի բեմերում` օտարերկրյա հանդիսատեսի առջեւ: Տարբերվում են արդյո՞ք հայ հանդիսատեսը եւ մայրաքաղաքի բեմը մյուսներից:
- Մենք՝ հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք. ե՛ւ փնովում ենք մեզ, ե՛ւ ուտում ենք իրար, ե՛ւ կռիվ ենք անում, բայց մի լավ բառ կա, որը հայերեն էլ չի, բայց տեղին է, որ ասեմ՝ թասիբ ունենք: Ես էլ եմ այդպիսին. եթե օտարազգի մեկը համարձակվի իմ ազգին քննադատել, կխեղդեմ: Մեր երաժշտությունը դրսի հանդիսատեսը չի կարող մեզ նման զգալ, բայց այն հրաշալի ընդունվում է ամբողջ աշխարհում:
Տաթեւիկ Հովհաննիսյանը
-Աշխարհը ճանաչում է Ձեզ որպես «Էլլան Հայաստանից»: Որքանո՞վ է դժվար պահել այդ անունն այսքան տարիների ընթացքում:
-Բոլորովին չեմ ձգտում պահպանել այդ կոչումը, որ ստացա դեռեւս այն ժամանակ, երբ այստեղ սկսեցի երգել ջազ: Բնականաբար, ուսուցիչներ չկային, եւ պետք է սովորեի այդ մեծություններից, որոնցից մեկն էլ Էլլա Ֆիցջերալդն էր:
-Երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, արդեն իսկ «խորհրդային ջազ վոկալի թագուհին» էիք, սակայն հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սովորելու ցանկություն ունեիք: Ի՞նչ փորձությունների միջով անցաք, ի՞նչ սովորեցիք:
-Ջազն անծայրածիր է, մինչ օրս էլ սովորելու նյութ կա: Այս երաժշտությունն այնպիսի պատմություն, խորություն եւ տեխնիկա ունի, որ անընդհատ սովորում եմ: Չասեմ, թե դարձել եմ այնպիսին, ինչպիսին կուզեի… Փորձում եմ եւ այսօրվա դրությամբ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ, այո՛, կցանկանայի Օսկար Փիթերսոնի հետ էլ երգել:
-Դուք նաեւ հայտնի եք որպես ուսուցիչ: Ի՞նչ կարծիքի եք, այսօր Էլլաներ ծնվո՞ւմ են:
-Ո՛չ, չի ծնվել եւ չի ծնվի: Գուցե ծնվի Լայզա կամ Ռոզա, բայց ոչ Էլլա կամ Մայլս Դեւիս: Նրանք աստվածաշնորհ եւ յուրահատուկ մարդիկ էին:
Տաթեւիկ Հովհաննիսյանը
-Համերգն ավարտվում է, եւ Դուք գնում եք հանդերձասենյակ… Ինչպիսի՞ն է Տաթեւը, երբ ոչ ոք նրան չի տեսնում:
-Կապ ունի այն, թե ինչպես է անցել ելույթը: Իմ կարծիքն եմ ունենում, թե ինչ կատարվեց, ինչպես ելույթ ունեցանք, ուղղելու ինչքան բան կա: Միտքս միշտ զբաղված է, միշտ դժգոհ եմ, միշտ ձգտում եմ էլ ավելի լավին: Իմ առաջին քննադատը ես եմ:
-Անթիվ դժվարություններ եք հաղթահարել եւ դեռ հաղթահարում եք: Վստահ եմ, որ հուսահատության պահեր էլ եք ունենում: Ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել եւ ոտքի կանգնել:
-Երաժշտության հանդեպ սերը շատ մեծ ուժ ունի: Այնպես ուժգին եմ սիրում երաժշտությունը, որ կարողանում եմ հաղթահարել:
Տաթեւիկ Հովհաննիսյանը
-Իսկ երաժշտությունից բացի, ինչի՞ հանդեպ կիրք կամ ի՞նչ թուլություններ ունեք:
-Կենդանասեր եմ եւ անչափ կապված եմ բնության հետ: Բանջարեղեն եմ ցանում, այստեղից էլ լոլիկի, վարունգի եւ ռեհանի սերմեր եմ տանելու: Շատ լավ հարեւաններ ունեմ, երբ համերգներով բացակայում եմ, իրենք են խնամում այգիս: Իտալացի հարեւանիս վստահում եմ անգամ իմ տան բանալիները. վարդերս է ջրում…
-Հանրահայտ մարդիկ սովորաբար դժվարությամբ են համատեղում ընտանիքը եւ կարիերան: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում ներդաշնակություն պահպանել:
-Որովհետեւ կարիերիստ չեմ. ինձ համար շատ ավելի կարեւոր բաներ գոյություն ունեն: Ես նույնչափ սիրով զբաղվում եմ հողագործությամբ, կարող եմ հաճույքով հայկական կերակուր պատրաստել եւ հպարտությամբ մատուցել հյուրերիս: Կարիերան ինձ համար կյանքի նպատակ չի եղել եւ չի լինի: Դրա համար չէ, որ երգում եմ: Ես երգում եմ, որովհետեւ հոգիս է երգում, ուրիշ ճար չկա…
Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/


×
10,040







