×


Տաթեւ Սարգսյան.«Իզուր չէր, որ մեր պսակադրությունը հետաձգվեց»

Մի շարք սերիալներից հայտնի Տաթեւ Սարգսյանը 2016-ը սիրելիի հետ դիմավորել է Հայաստանում: Նա լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում ու հերթական անկեղծ զրույցն ունեցել` սեր խոստովանելով Երեւանին, ամփոփելով նախորդ տարին եւ անդրադառնալով այլ մի շարք թեմաների: 

Տաթեւ Սարգսյանը


Վրիպումներ, սայթաքումներ, հաջողություններ…

Իսկապես շատ եմ սիրում Երեւանը եւ այստեղից երեք ամիս բացակայելով, չէի մտածում, որ այդքան շատ կկարոտեմ: Երբ հինգ տարի առաջ եկանք Երեւան, երազում էի գնալու մասին եւ պատկերացում չունեի, որ այս քաղաքից հեռու կարող է տխրեմ: Այդ հինգ տարիները բավական բուռն էին, մի ամբողջ կյանք էր. կիսատ թողած, չսկսած ու անավարտ դեպքեր, վրիպումներ, սայթաքումներ, հաջողություններ եւ հպարտանալու առիթներ: Մարդիկ, որոնք եկան հավերժ մնալու համար, եւ մարդիկ, որոնք պատահական ու անցողիկ էին: Միանշանակ, ամենն անհրաժեշտ էր, անգամ յուրաքանչյուր անհեթեթություն, առանց դրանց գուցե ոչ մի լավ բան հնարավորություն չունենար սկսվել:

«Այնքան շատ էին ապրումներս…»

2015-ը հիշվեց շատ բուռն պահերով, բայցեւ ամենակարեւորը եղավ: Բնավորությունների, ապրումների, աշխարհների հպում, արագ սրտխփոցներն ու թրթռոցները շատ էին թե՛ վատ, թե՛ լավ առումով: Յուրաքանչյուրը յուրովի էր. հասցրի հրապուրվել, հիասթափվել, ինձ պաշտպանված զգալ ու անպաշտպան, երջանիկ ու դժբախտ: Այնքան շատ էին ապրումներս… Հասա մի զգացմունքի, որ տակնուվրա արեց ինձ, հասկացա, թե ինչ է լռությունը, երբ այն բոլոր խոսքերից վեր է ու թանկ, չասված խոսքեր, որոնք նմանվում են մարգարիտների, որոնք դեռ շատ պետք է կուտակես ու ներսդ դրանցով զարդարես: Եղան նաեւ նյարդային պահեր, մտքեր, պատկերացումներ, անհույս թվացող ցանկություններ, երազանքներ, ձգտումներ եւ բաներ, որոնք այդպես էլ չստացվեցին, ու պահեր, որոնք այդպես էլ չապրեցի:

Տաթեւ Սարգսյանը


Տարիս լի էր պայթյուններով, նաեւ դրական, չէ՞ որ կյանքը հակադրություններով է: Վերջերս կարդացի՝ կյանքը վախն է եւ ուրախությունը. վախ, որ կընկնես գնացքի տակ եւ ուրախություն, որ չընկար: Մի քիչ փորփրելով այս միտքը` հասկացա, որ ամենաշատը վախենում եմ անվախ լինելուց եւ ուրախանում, որ երբեք այդպիսին չեմ լինի: Ժամանակն անցավ, լացեցի ծիծաղիս համար եւ հակառակը՝ ծիծաղեցի լացիս համար:

«Երբ մեն-մենակ ես…»

Նախորդ տարի ինքս ինձ տված խոստումները շատ էին, շատ էին ասածս միշտ ու երբեք բառերը, ոչ մի կերպ չկարողացա դրանցից ազատվել, մի ուրիշ գերհզոր ուժով կապվել են կամ հենց ինքս եմ կապել, ու թե կարծել եմ` օգնում են, հիմա հասկանում եմ, որ քայքայում են: Ու սովորաբար, դրանց մասին մտածում ես միայն օրվա վերջում, ամբողջ օրվա քաոսից հետո, երբ մեն-մենակ ես:

«Փայլուն է ստացվում ինձ մխիթարելը»

Գործնական հաջողություններից այս տարի միայն Լեւոն Հարությունյանի առաջարկն էր. մոնոներկայացման թարգմանություն ռուսերենից հայերեն: Փոքրիկ առաջարկ, մեծ հպարտություն ինձ համար: Եվ առաջարկներ, որոնք ձախողվեցին. երեւի իմ ճանապարհը չէին այն տարբերակները, որոնք կարող էին տեղ գտնել իմ կյանքում: Փայլուն է ստացվում ինքս ինձ մխիթարելը:): Ինձ հետաքրքիր է, որ երկու տարի էկրաններին չերեւալուց հետո դեռ հարցազրույցի առաջարկներ եմ ստանում ու փողոցում արձագանքներ լսում, որ իմ կերտած վառ կերպարների կարիքն ունեն:

Տաթեւ Սարգսյանը


«Գուցե երեխաս նույնպես Կապիկի տարում ծնվի»

Ես էլ, նշանածս էլ Կապիկի տարում ենք ծնվել, եւ բառիս բուն իմաստով իզուր չէր, որ մեր պսակադրությունը հետաձգվեց, եւ ո՞վ գիտի, գուցե ապագա երեխաս նույնպես Կապիկի տարում ծնվի: Հետո էլ ասում են` երեք երնեկ մի տեղում չի լինում:):

«Միշտ տուժում եմ այդ պնդաճակատ սկզբունքիս համար»


Կապիկը սեփական նախասիրությունների եւ զգացողությունների վրա է հիմնվում, իմ դեպքում էլ դա բացառություն չէ: Եթե հստակ ձեւավորված կարծիք ունեմ  կամ տպավորություն որեւէ բանի վերաբերյալ, ապա այն հնարավոր չէ փոխել: Սիրում եմ ինքս ճանաչել մարդկանց ու միշտ տուժում եմ այդ պնդաճակատ սկզբունքիս համար. մինչեւ ինքս չհիասթափվեմ, չեմ կարողանում երես թեքել: Կապիկը զգայուն է, շատ հեշտ է նրան խոցել, ուղղակի, երբ նրա մեջ արթնանում է խոր քնած ցինիկը, միեւնույն է դառնում յուրաքանչյուր հարված: Եվ այդ դեպքում զինվեք ինչով կարող եք: Օրինակ` եթե ընկերոջից հրաժարվում եմ, ուրեմն նա ամեն բան արել է դրա համար: Ներելու հարցում թերանում եմ եւ ընկերություն բառին փոխարինող մի բառի կարիք ունեմ, բառ, որ կնշանակի ժամանակավոր ելք ու մուտք, եւ երբ մեկը հերթական դաշույնը խրի մեջքդ, ստիպված չլինես բերանդ պղտորել ինչ-ինչ բառերով եւ ասես ընկերս ինձ դավաճանեց: Կապիկները որքան հավատարիմ են, նույնքան էլ քարի, սառույցի կտորի կարող են վերածվել ու այնպես արհամարհել, որ մարդ իր գոյությունը կասկածի: Կապիկները կենսուրախ եւ պոզիտիվ մարդիկ են, որոնք սիրում են կյանքը: Նաեւ սիրում են իրենց սեփական տարածքը, որտեղ պետք է նրանց միայնակ թողնես:

Տաթեւ Սարգսյանը


Նոր տարին` սիրելիի հետ

Առաջին տարին է, որ զգում եմ` այնքան եմ մեծացել, որ հեքիաթային հոգեվիճակը փոխվել է «այս մեկը գնեմ, այն ինչը մոռացա»-ի: Վազքի մեջ չես հասցնում ապրել ու պահերը վայելել, չես նկատում, թե որքան բաների վրա կարելի էր ուշադրություն դարձնել: Հիշում եմ Վինի Թուխի խոսքերը` մեծ սրտի ունակությունն է ուրախանալ փոքր բաների համար: Կփորձեմ հետ բերել այդ ունակությունս, որն իմ այցեքարտն էր: Այս տարվա մաղթանքս մեկն է, որ անկեղծ սրտից բխող յուրաքանչյուր աղոթք հասնի տիրոջը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Հագուստը` Faina-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին