×


“Տիգրանի մոլորակ” սերիալում Արփիի դերակատարը նշել է ծննդյան տարեդարձը :)

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ նկարահանվում է “Տիգրանի մոլորակը” հեռուստասերիալում, երեկ ժամանցի վայրերից մեկում ամուսնու, մայրիկի, եղբոր, սերիալային խաղընկերների, համակուրսեցիների ու թատրոնի գործընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը:

Տաթեւիկ Ադումյանն ընկերների հետ նշել է իր 21-ամյակը


21-ամյակը նրա համար մտերիմները վերածել են իսկական տոնի.“Միշտ ասում եմ` մեծ խնջույք չի լինի, բայց այդպես է ստացվում: Օրինակ` անցյալ տարի ռեստորանում բարեկամներիս հետ նշեցի 20-ամյակս, այս տարի էլ ընկերներիս հետ եմ զվարճանում: 21 տարեկանում արդեն դուրս ես գալիս թինեյջերական տարիքից, թույլատրվում է ալկոհոլ օգտագործել, մենք էլ բավական շատ խմել ու պարել ենք”:

Տաթեւիկ Ադումյանը


Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ դպրոցական տարիներին իր ծննդյան օրը` փետրվարի 23-ին, դասարանի աղջիկները նվեր են գնել տղաների եւ իր համար, ինչի պատճառով իրեն որոշ չափով տղա է զգացել. “Հիմա այդ զգացողությունն անցել է:): Սիրում եմ իմ ծննդյան օրը, անկախ տարիքից կինը միշտ պետք է հետաքրքիր լինի, իրեն սիրի ու հարգի եւ իր տարիքի մեջ լավը փնտրի: Պետք է վայելել ու տարիքի պատճառով սթրեսի մեջ չընկնել:)”:

Տաթեւիկ Ադումյանը եւ Ռոզի Ավետիսովան


Ստացած նվերների շարքում Տաթեւիկն առանձնացնում է ամուսնու անակնկալը.“Նրա համար առիթներ պետք չեն, հաճախ տուն է գալիս ծաղիկներով, այնպիսի անակնկալներ է անում, կարծես նոր սիրահարված լինենք: Ծնունդս եւս նա էր կազմակերպել, ինձ համար անսպասելի էր նրա նվերը` սեւ ադամանդներով շատ գեղեցիկ ականջօղեր: Իսկ ընկերուհիներիցս Նաիրա Մովսիսյանը այնքան շատ փուչիկ է բերել, որոնցով հիմա ողողված է մեր տունը: Բացի այն, որ իմ ծնունդն է, նաեւ փետրվարի 23-ն է, ես էլ ամուսնուս եմ միշտ շնորհավորում”:

Տաթեւիկ Ադումյանն ամուսնու հետ


Տաթեւիկն ու Խաչիկն ամուսնացել են 2012-ի օգոստոսի 11-ին, ամուսինը թարգմանիչ է, առաջին անգամ հանդիպել են Ջերմուկում` աշխատանքի բերումով. “Շախմատի կանանց հավաքականին նվիրված միջոցառում էր: Ես “Միմ” ստուդիայի ներակայացման մեջ եմ զբաղված: Այդ օրը շուտ էինք գնացել, որ պատրասվեինք ելույթին, նա էլ որպես անգլերենի համընթաց թարգմանիչ շուտ էր եկել, որ տեքստին ծանոթանար: Այդ ժամանակ էլ ինձ առաջին հայացքից սիրահարվել է, բայց չի մոտեցել: Երբ տեսա նրան, սառած նայում էի, չէի հասկանում` ինչ է կատարվում: Ամեն ինչ սկսվեց առաջին հանդիպումից, մենք որոշեցինք միշտ միասին լինել, այդպես էլ եղավ”:

Տաթեւիկ Ադումյանն ընկերների հետ նշել է իր 21-ամյակը


21-ամյա դերասանուհու խոսքով` բոլոր մտերիմներն իրենց մաղթել են, որ ընտանիքը համալրեն առաջնեկով. “Շատ բարեմաղթներ եմ լսել, բայց վերջում չէին մոռանում ասել` Տաթ ջան, մեկ էլ սիրուն բալիկ ունենաս: Ես էլ, ամուսինս էլ սրտանց ուզում ենք երեխա ունենալ, բայց գիտակցում ենք, որ երեխային հիմա ավելի շատ կմեծացնեն տատիկն ու պապիկը, քան` մենք: Ժամանակ է հարկավոր, որ մասնագիտությանս մեջ հմտանամ, հասունանամ, որ ես կարողանամ խնամել ու մեծացնել իմ երեխային”:

Տաթեւիկ Ադումյանն այժմ սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում, մի քանի օրից էլ պատրաստվում է իր համակուրսեցիների հետ ներկայացնել դիպլոմային աշխատանք-ներկայացումը:

"Տիգրանի մոլորակը" հեռուստասերիալի դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը


Դերասանուհին հեռուստատեսային առաջին քայլերն արել է Նարբեի եւ Աստղիկի հեղինակային ծրագրում, այնուհետեւ առաջարկ է  ստացել նկարահանվելու Հանրային հեռուստաընկերության “Հրեշտակների դպրոցը” սերիալում: Նրա խոսքով` դեռ մանկուց ուզում էր դառնալ դերասան, հատկապես, երբ դիտում էր իր տատիկի` դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի մասնակցությամբ ֆիլմերը.  “Տատիկս խաղացել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ մեջ գենետիկորեն միշտ ձգտում եղել է դեպի բեմը, մայրիկիս ազգականները հայտնի պարողներ են, հիմա Միացյալ Նահանգներում են ապրում: Դեռ մանկուց որոշել էի դերասան դառնալ, բայց Թատերական ինստիտուտ ընդունվելիս մի քիչ տխրել էի, որ կինոյի դերասանի հատուկ մասնագիտացում չկա: Ընթացքում թատրոնի հետ առնչվելիս շատ սիրեցի բեմը եւ շատ եմ ուզում աշխատել թատրոնում”:

Ռոզի Ավետիսովան, Նաիրա Մովսիսյանը, Տաթեւիկ Ադումյանը եւ Գոռ Սահակյանցը


Իսկ սերիալային աշխատանքից նա հետեւյալն է պատմել. “Կարծես, մեծ ընտանիք լինենք, բայց ոչ մեկս նույն հորից ու մորից չենք: Միմյանց խնդիրների, ուրախությունների մասին տեղյակ ենք, գիտենք բնավորությունները, ով երբ է նյարդայնանում ու բարկանում: Երբ 19-ը ժամ աշխատում ենք նկարահանման վայրում, շատ հոգնած ենք լինում, այդ ժամանակ հասկանում ենք, որ մեր համախմբված աշխատանքն օգնում է մեզ եւ առանց իրար սիրելու աշխատանքի արդյունքը լավ չի ստացվի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին