×


Տիգրան Համասյանը, Շանթ Հովհաննիսյանն ու այլք Տաթեւում մասնակցել են “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությանը

Ապրիլի 27-ին “Տաթեւյան պրեմիերա” նախագծի շրջանակում Տաթեւի վանքի առջեւ տեղի ունեցավ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությունը, որն արդեն ներկայացվել է Հայաստանի տարբեր քաղաքներում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում:

Սյունեցիների համար Տաթեւի վանքի առջեւ բացօթյա կինոդիտում է կազմակերպվել


Գեղարվեստական ֆիլմի դիտմանը ներկա էին հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էր նաեւ 2008 թվականին մեկնարկած “Տաթեւի վերածնունդ” նախագծի նախաձեռնողներից մեկը` գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը: Բացօթյա կինոդիտման պատվավոր հյուրերի թվում էին վանական համալիրի շրջակայքում գտնվող վեց գյուղերի բնակիչները, որոնց նախապես հրավիրատոմսեր էին բաժանվել: Սյունեցիներին ողջունելու էին եկել նաեւ աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանն ու ֆիլմում երիտասարդ Գարեգին Նժդեհի կերպարը կերտած դերասան Շանթ Հովհաննիսյանը:

Տաթեւի վանքի վանահայր տեր Միքայելը հավաքվածների հետ դիտել է "Գարեգին Նժդեհ" ֆիլմը


Երեւան-Տաթեւ ճանապարհը ուղեկցվում էր լրագրողների հետ միեւնույն ավտոբուսով մեկնող “Մարաթուկ” երգի ու պարի անսամբլի ռազմահայրենասիրական երգերով ու թմբուկի խրոխտ ձայնով: Անսամբլի խմբավար Արա Ավագյանը մասնացել է ֆիլմի նկարահանումներին ու կատարում ներկայացրել. “Երբ ծանոթ ես Նժդեհի նման հզոր կերպարին, ուզում ես հնարավորինս ամենն անել, որպեսզի մասնակցես նրա հետ կապված ցանկացած միջոցառման”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց նա:

Ի զարմանս ինձ, հայկական տարազով երաժիշտը հավելեց, որ ժամանակին ռոքով է տարված եղել, սիրել է “Deep Purple” խումբն ու կիթառ նվագել: Հետագայում ռազմահայրենասիրական երգերի համը զգալով` հասկացել է` սա գենետիկական կանչ է: Մարաթուկցիները ծափահարություններով ողջունեցին մեր մուտքը Սյունիքի մարզ, որին հաջորդեց հուզիչ կատարումը` “Շատ կոտորվեցանք, բայց մենք չմեռանք, շատ հալածվեցանք, բայց մենք չկորանք”:

Կինոդիտումից առաջ սյունեցիներին ողջունել է "Մարաթուկ" անսամբլը


Երեւանից Տաթեւ հասնելու ավելի քան չորս ժամանոց ճանապարհը միանգամից կոմպենսացվեց ժենգյալով հացի համտեսով եւ “ՏաԹեւեր” ճոպանուղու “թռիչքով”: Դեպի վանական համալիր օդային ճանապարհը 11 րոպեում հաղթահարեցինք` ներքեւում  թողնելով Սատանի կամուրջը, հարակից գյուղերի կտուրները, օղակաձեւ ուղիները:

Տաթեւի վանքի առջեւ տեղադրված մեծ էկրանի առջեւ կամաց-կամաց մարդիկ էին հավաքվում: Կինոդիտումից առաջ սյունեցիներին ողջունեցին “մարաթուկցիները”: Ֆիլմի տաթեւյան պրեմիերան խորհրդանշական էր սյունեցիների համար՝  Սյունիքի մարզում նշվում էր Լեռնահայաստանի հռչակման տարեդարձը: Սյունեցիների հետ զրույցներից միանգամից ակնհայտ է դառնում` Գարեգին Նժդեհին` ուժեղ ու անկոտրում բնավորության տեր հրամանատարին, այս կողմերում առանձնահատուկ են սիրում ու հարգում: Այստեղ դեռ շարունակում են շրջել Նժդեհի մասին հյուսված լեգենդները, իսկ նորածին տղաների շարքերը շարունակում են համալրել Գարեգինները:

Սյունեցիների համար Տաթեւի վանքի առջեւ բացօթյա կինոդիտում է կազմակերպվել


Հաշված վայրկյաններ էին մնացել մինչ ֆիլմի ցուցադրությունը, երբ ներկաներին անակնկալ կերպով միացավ աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ շատ էր լսել ֆիլմի մասին, սակայն չէր հասցրել դիտել այն:“Հիանալի ու հրաշալի տպավորություններ ստացա ճոպանուղուց, նման զգացում երբեւիցե չեմ ունեցել: Բարձրությունից չեմ վախենում, վայելեցի ճոպանուղուց մինչեւ եկեղեցի տանող ճանապարհը: Տաթեւում ստացած տպավորություններս կարծես “Լոռվա գութաներգը” լինեն”, -
տպավորություններով կիսվեց երաժիշտը: Ի դեպ, Տիգրանը հայտնեց, որ սեպտեմբերին, հնարավոր է, համերգով հանդես գա Երեւանում:

Երաժիշտ Տիգրան Համասյանը


Ֆիլմը սկսվեց, երբ արդեն բավական ցուրտ էր: Էկրանի լույսը ընդգծում էր միայն իր ետեւում խոյացող Տաթեւի վանքի գմբեթի խաչը: Ֆիլմի նկարահանումների որոշ մասն ընթացել է հենց այդ գմբեթի տակ գտնվող պատերի ներքո: Լռությունը խախտում էր միայն ֆիլմի հերոսների ձայնը, ու թվում էր, թե Նժդեհը վերադարձել է, եկել է իր հարգանքի տուրքը մատուցելու իրենց հիշող ու մեծարող սյունեցիներին:

Կինոդիտմանը ֆիլմի դերասաններից ներկա Շանթ Հովհաննիսյանի համար սյունեցիներն ամենաանաչառ հանդիսատեսն են: “Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմը այստեղ հենց այս տոնական օրը: Փորձել եմ առավելագույն կերպով տրվել դերիս ու մեծ պատասխանատվությամբ եմ կերտել մեծ հայի, հայրենասերի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից:  Հուսով եմ` չեմ հիասթափեցրել հանդիսատեսին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանը:

Դերասան Շանթ Հովհաննիսյանը


Ծափահարություններ, հուզմունք, հպարտություն … Ֆիլմն ավարտված է, բայց սյունեցիներն արդեն սպասում են “Տաթեւյան պրեմիերա” նախագծի շրջանակում պլանավորված առնվազն 5 նմանատիպ միջոցառումների կայացմանը: Կազմակերպիչները խոստանում են շարունակել ներկայացնել հայազգի կինեմատոգրաֆիստների գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը:

“Տաթեւյան պրեմիերա”-ն միջոցառումների շարք է, որն իրականացվում է “Տաթեւ” հիմնադրամի եւ “ՏաԹեւեր” ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթեւ,  Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին