×


Տիգրան Biface-ի նոր ֆոտոշարքն` անմիջապես Գերմանիայից :)

Մասնագիտությամբ երկրաբան Տիգրան Biface Լորսաբյանն առաջին անգամ լուսանկարել է մոտ տասը տարի առաջ, այն էլ` ժապավենով: Հենց “սովետական” ֆոտոխցիկի օգնությամբ էլ նա ծանոթացել է լուսանկարչության գաղտնիքներին եւ ընդամենը մի քանի տարի առաջ անցել թվային լուսանկարչության:

Տիգրան Biface Լորսաբյանը


Բնապատկերների, ճարտարապետական լուսանկարների հեղինակ Տիգրանի պորտֆոլիոյում վերջերս ավելացել են նաեւ դիմանկարները, իսկ իր նոր ֆոտոշարքը նա ներկայացնում է Գերմանիայի հայտնի Նոյշվանշտայն ամրոցի տարածքից:

 BRAVO.am-ի հետ զրույցում Տիգրան Biface-ը նշել է, որ ֆոտոշարքն արվել է մեկ օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով էլ վերջնականապես չի հասել իր ուզած արդյունքին. “Տարածքը շատ մեծ է, մեկ օրը բավարար չէ այդ տեսարանները լուսանկարելու համար: Հնարավորության դեպքում կրկին կայցելեմ այնտեղ` ֆոտոշարքն ընդլայնելու նպատակով”:

Նոյշվանշտայն ամրոցը` Տիգրան Biface Լորսաբյանի ֆոտոօբյեկտիվից


Նրա կարծիքով, բնապատկերներ լուսանկարող ցանկացած լուսանկարչի նպատակն ու երազանքն ամբողջ աշխարհով շրջագայելն ու ընթացքում բացառիկ տեսարաններ լուսանկարելն է, եւ ինքն էլ բացառություն չէ. “Շատ կուզեմ լինել Հիմալայներում, Անդերում եւ լեռնային այլ վայրերում”:

Տիգրանի խոսքերով` սերը լուսանկարչության հանդեպ իրեն փոխանցվել է իր հայրիկից, որը զբաղվել է սիրողական լուսանկարչությամբ. “Հետաքրքրությունս ֆոտոարվեստի նկատմամբ ծնվել է դեռ շատ վաղ հասակում` հայրիկիս կողմից արված մեր ընտանեկան լուսանկարները տեսնելուն պես”:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտն այսօր ժամանակավոր բնակություն է հաստատել Գերմանիայում, որտեղ զբաղվում է իր թեկնածուական թեզի պատրաստմամբ, բայց նաեւ ժամանակ է գտնում անբաժան ուղեկցի` ֆոտոխցիկի հետ երկար զբոսնելու, հետաքրքիր ֆոտոշարքեր պատրաստելու ու ներկայացնելու հասարակության դատին: Ի դեպ, Տիգրանը չի վախենում քննադատություններից, եթե, իհարկե, դրանք արվում են տեղին:):

Լուսանկարչի վերջին ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ իր լուսանկարն ընդգրկվել է “Städte im Wandel” ցուցահանդեսում, որի շրջանակում էլ ցուցադրվելու է Գերմանիայի տարբեր քաղաքներում. այժմ այն գտնվում է Բոննում, իսկ մոտ ապագայում ցուցադրվելու է մայրաքաղաք Բեռլինում:

Տիգրան Biface Լորսաբյանի աշխատանքներից


Հ.Գ. Biface-ը Տիգրանի կեղծանունն է: Այն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է նախամարդու` երկկողմանի մշակված աշխատանքային գործիք: Բազմիցս մասնակցելով հայ-ռուսական հնէաբանական արշավախմբի պեղումներին եւ անձամբ գտնելով նման “biface”-ներ` Տիգրանը որոշել է հանդես գալ հենց այդ կեղծանվամբ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին