×


Րաֆֆի. “Ես ծնվեցի ու միանգամից սկսեցի նվագել”

Հեռուստատեսությամբ եւ տարբեր համերգների ժամանակ վերջերս առիթ ենք ունենում հետեւել փոքրիկ մի տղայի՝ Ֆրանսիայում ծնված տասնամյա Րաֆֆիի ելույթներին: Նա միանգամից հիշվեց իր “փրեսլիական’’ սանրվածքով, արեւային ակնոցներով, կոստյումով կամ ռոքնռոլի թեմային համահունչ շապիկներով ու  Րաֆֆի՝ The Blues Kid անվամբ:

Րաֆֆին


Րաֆֆիի հետ հանդիպեցինք BRAVO.am-ի գրասենյակում: Պարզվեց, որ այս փոքրիկը շատ հաճելի զրուցակից է. նրա հետ ժամերով կարելի է խոսել բլյուզի, ջազի, ռոքնլոլի ստեղծման պատմությունից, քննարկել իր սիրելի Չակ Բերիի, Լիթլ Ռիչարդի, Մայքլ Ջեքսոնի, Ռեյ Չարլզի, էլվիս Փրեսլիի եւ մյուսների կենսագրությունները, խոսել երաժշտությունից ու ռետրո ոճից:

Կարծես, ճակատագիր է, որ այսքան վաղ տարիքում Րաֆֆին արդեն նվագում է: Դաշնամուրի հանդեպ սերը նրան ժառանգաբար փոխանցվել է պապիկից՝ Արտոյից. “Պապիկս շատ աղքատ էր: Անդադար պնդում էր, որ եթե դաշնամուր ունենար, շատ լավ կնվագեր: Այդպես էլ դաշնամուր չունեցավ: 2001 թվականին նա մահացավ, 2002 թվականին ես ծնվեցի ու միանգամից սկսեցի նվագել: Ի դեպ, հենց նրա պատվին ինձ Րաֆֆի-Արտո են անվանել’’:

Իսկ փոքրիկը սկսել է նվագել վեց եւ կես տարեկանում՝ ազդվելով Չակ Բերիի “Johhny B. Goode” երգից: Րաֆֆին, լսելով այս գործը, գտել է այն համացանցում եւ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաները, միանգամից նվագել է այն դաշնամուրի վրա: Տղայի համար դաշնամուրը գնել է հայրը. “Փոքրուց բլյուզ ու բուգի-բուգի եմ լսել: Հասկացա, որ երաժշտական այդ ոճերը հիմնականում ստեղնաշարային գործիքներով են նվագում ու որոշեցի սկսել դաշնամուր նվագել”:

Րաֆֆին


Րաֆֆիի հայրիկը կիթառ է նվագում: Հայր ու որդի նույնիսկ փորձել են միասին նվագել: “Բայց հետո, երբ տղաս սկսեց վարժ նվագել, մոռացավ ինձ’’,- կատակել է նա:): Ի դեպ, Րաֆֆիի հարազատ եղբայրը՝ 7-ամյա Վիգենն էլ կլարնետ է նվագում: Եղբայրները փորձել են միասին նվագել Ռեյ Չարլզի երգացանկից մի ստեղծագործություն:): Նշենք, որ բացի դաշնամուրից, Րաֆֆին նաեւ հարվածային գործիքներ նվագելու փորձեր է կատարում:

10-ամյա տղան նվագում է Չակ Բերիի, Լիթլ Ռիչարդի, Մայքլ Ջեքսոնի, Ռեյ Չարլզի, էլվիս Փրեսլիի, Բոբ Մարլիի, Սթինգի, Էլթոն Ջոնի, Մայքլ Ջեքսոնի եւ մյուսների երգացանկի ստեղծագործությունները՝ դրանք համեմելով սեփական իմպրովիզներով. “Ես խառնում եմ տարբեր երաժշտաոճեր ու ինձնով եմ անում դրանք: Նույն երգն ամեն անգամ տարբեր ձեւով եմ ներկայացնում’’: Րաֆֆին, պատմելով, որ նաեւ փորձում է ստեղծագործել, խոստովանել է հետեւյալը:). “Եթե աշխատեմ, կգրեմ, բայց ռոքնռոլի, բլյուզի աշխարհն այնքան հարուստ է, ինչո՞ւ է պետք նոր բան գրել”: Նրա հայրիկն էլ հավելել է, որ տղան փորձառություն է ձեռք բերում՝ բազմաթիվ ջեմ-սեշնների մասնակցելով:

Օրերս Սիրահարների այգում ելույթ ունեցած Րաֆֆին արդեն երրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանում. “Շատ եմ սիրում իմ երկիրը, ես հայ եմ, աշխարհի չորս կողմն էլ գնամ, հայ եմ մնալու: Առավել հաճույքով հայերի առջեւ եմ ելույթ ունենում”: Նա Երեւանում սիրված վայր էլ ունի. ինչպես ինքն է նշել՝ “մարշրուտկայով Մոնումենտ մեկնելը”:):

Րաֆֆին


Փոքրիկ երաժշտի համար առավել հիշարժան է Պատրիկ Ֆիորիի երեւանյան համերգը, որի ընթացքում էլ ելույթ է ունեցել՝ չորս կատարում ներկայացնելով հանդիսատեսին: “Պատրիկ Ֆիորին ինձ մոտեցավ ու ասաց՝  շատ լավ նվագեցի այդ օրը, ուրախ է, որ ծանոթացանք, շատ լավ երեխա եմ ու շատ մեծ մարդ եմ դառնալու: Վերջում էլ խոստացավ, որ կտեսնվենք”,-իրեն հատուկ ժպիտով հիշել է Րաֆֆին:

Նա նաեւ քիք-բոքսինգով եւ կարատեով է զբաղվում, հասցրել է հաղթանակներ գրանցել, ազատ ժամանակն էլ ընկերների հետ է անցկացնում: Բայց դե երաժշտությունը Րաֆֆի օրվա անբաժանելի մասնիկն է. օրական երեք ժամ պարապում է: Կոնսերվատորիայի ընկերների հետ եւս հաճախ նվագում են:): Շուտով Րաֆֆին նաեւ վոկալի դասերի կհաճախի, չնայած իրեն որպես ջազմեն է պատկերացնում. “Ջազի մեջ եմ խորանալու, որպեսզի ավելի հարուստ երաժշտություն  կարողանամ ներկայացնել”:

Րաֆֆին հնի, դասականի սիրահար է: Նրան ընտրած երաժշտական ոճը, հագուստը, նախասիրությունները դրա վառ ապացույցն են: Տղայի սիրելի վայրերից է Փարիզում գտնվող “Le Balajo'' հաստատությունը, որտեղ կայացել է Էդիթ Պիաֆի պսակադրությունը, որի ընթացքում ելույթ է ունեցել 20-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը: “Երբ նվագում եմ այնտեղ, կարծես 1950-ականներում լինեմ’’,-ասել է Րաֆֆին, որը նաեւ դասական ֆիլմերի սիրահար է:

Րաֆֆին


 “Իմ ներկայացրած երաժշտությունը հին է, բայց շատ լավն է: Հույս ունեմ, ինձ լսելով՝ փոքրիկները կսկսեն նվագել: Հայրիկիս հետ տաքսի էինք ուզում նստել, վարորդը ճանաչեց ինձ ու ասաց, որ իր երեխան, տեսնելով ելույթս, հաջորդ օրը որոշել է դաշնամուր նվագել: Շատ ուրախ էի’’,-նշել է տղան՝ խոստովանելով, որ չգիտի՝ ինչպես կընդունեն իրեն հասակակիցները:

Րաֆֆիին սեպտեմբերին Հոլիվուդն է սպասում, որտեղ նա կմեկնի Մարք Թորթորիչիի հրավերով: Փոքրիկ հայը պատրաստվում է մասնակցել նաեւ “X factor” հայտնի հեռուստաշոուին. “Աստղ դառնալը կարեւոր չէ: Կարեւորը, որ ճանաչված լինեմ ու մեծ մարդ դառնամ: Ուզում եմ բեմի վրա ելույթ ունենալ ու մարդկանց հաճույք պարգեւել երաժշտության միջոցով’’:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/ եւ "Modd-Events"-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին