×


«Քաղաքում»-ից Մովսես Նիկողոսյանն առաջին անգամ խոսում է իր դատվածության եւ նշանդրեքի մասին

«Քաղաքում» սերիալում Կարբիտի դերակատար Մովսես Նիկողոսյանը նշանադրվել է: BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում դերասանն առաջին անգամ բարձրաձայնել է, որ դատվածություն ունի, խոսել է անազատության մեջ սիրելիի հետ շփման դժվարությունների, առաջին հանդիպման մասին, եւ ոչ միայն:

Նրա նշանածը՝ Օվսաննան, մասնագիտությամբ իրավաբան է, ծանոթացել են սոցիալական ցանցի միջոցով.«Ես եւ սերս, նրան միշտ այդպես եմ դիմում, իրար ճանաչում ենք շուրջ 4 տարի: Առաջին անգամ տեսնելով նրա լուսանկարը՝ միանգամից գրեցի, որ մենք պետք է ամուսնանանք: Այնքան համոզիչ ու բարի աչքեր ուներ, որ վստահ էի՝ իմ կյանքի ուղեկիցը պետք է դառնա: Բնականաբար, նրան զարմացել էր անծանոթի արտասովոր առաջարկը»:

Մովսես Նիկողոսյանի սիրելին՝ Օվսաննան


Ամուսնության առաջարկն Օվսաննան մերժել է, սակայն համաձայնել է շփվել. «Ամիսներ հետո նա հասկացավ, որ իմ առաջարկը կարող է իրականություն դառնալ, եթե համաձայնի: Առաջացան զգացմունքներ, այնուհետեւ սեր, ու կարող եմ ասել՝ մեծ սեր, քանի որ նրա նման հրաշքին անհնար է չսիրել»:

Մովսեսի խոսքով՝ երեք տարի շփվելուց հետո միայն առաջին անգամ հանդիպել են.«Հեռախոսով էինք զրուցում, քանի որ նա բնակվում էր Ռուսաստանում, իսկ ես կալանավայրում էի: Ազատվելուցս հետո էլ չէինք կարող հանդիպել, քանի որ իրավունք չունեի երկրից բացակայել: Նա որոշեց Հայաստան գալ. միմյանց տեսնելու մեր ցանկությունն արդեն գագաթնակետին էր հասել: Այդպես, նա իր մայրիկի հետ ժամանեց Հայաստան, եւ մենք վերջապես հանդիպեցինք: Չեմ կարող նկարագրել այդ պահը, քանի որ հուզմունքս մեծ էր այնքան, որ ոչինչ չեմ հիշում:)»:

Մովսեսի եւ Օվսաննայի նշանդրեքին


Մովսեսը պատմել է, որ Օվսաննայի ցանկությամբ նշանադրվել են իր ծննդյան օրը՝ օգոստոսի 23-ին.«Մեծ խնջույք չենք արել: Ամենակարեւորն այն էր, որ իրականացավ իմ եւ նրա երկար սպասված ցանկությունը: Չնայած մեծ դժվարություններին՝ նա իմ կողքին էր եւ իր լուսավոր ներաշխարհով օգնեց հաղթահարել ամեն խոչընդոտ: Ամեն պահ ու րոպե ինձ հետ էր, որի համար դեռ մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ նրան, եւ, առհասարակ, շնորհակալ եմ Աստծուն, որ նրան ինձ տվեց: Սերս, սիրում եմ քեզ շա՜տ»:

Անդրադառնալով տեւական ժամանակ ոլորտից բացակայելուն՝ դերասանն ասել է.«Կարծում եմ՝ կարոտն անպետք զգացմունք է, որը միայն տանջում է: Մի բան, որը կարող է տանջել, պետք է անտեսել եւ նայել ներկային իր բոլոր գույներով: Անցյալի գեղեցկությունը թող մնա անցյալում, իսկ ներկայինը չպետք է անցյալի պատճառով անտեսել եւ չգնահատել: Այժմ մտածում եմ, որ մի որոշ ժամանակ ինձ տրված էր մտածել մի այնպիսի գաղափարի շուրջ, որը պետք է իմ մասնագիտության շրջանակում ցուցադրվի հանրությանը: Կալանավայրում հասցրի գրել այն, ինչն ինձ համար էլ անակնկալ եղավ: Գիրք եմ գրել, որը նաեւ ֆիլմ պետք է դառնա, որից հետո, կարծում եմ, մեծ փոփոխություն կլինի իմ եւ շատերի կյանքում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մովսեսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport