×


Քարդաշյանները` իրենց երազանքի երկրում գտնվելու եւ հայերեն լեզուն սովորելու մասին:)

Քիմ եւ Քլոե Քարդաշյանների երեւանյան առաջին զբոսանքի մասին արդեն պատմել ենք: Հանրահայտ քույրերն առավոտյան այցելել են “Մայր Հայաստան” հուշահամալիր, այնուհետեւ ուսումնասիրել են Կասկադի ճարտարապետությունը եւ Գաֆեսճյան քանդակների պարտեզում ներկայացված արվեստի նմուշները, նաեւ լուսանկարվել եւ ինքնագրեր են բաժանել համալիրում հավաքված երկրպագուներին:

Քիմ Քարդաշյանը` Երեւանում


Ռեալիթի-շոուների հայազգի աստղին այսօր ընդունել է նաեւ ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, կարեւորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը: Նա ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես եւ աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները եւ պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Քարդաշյաններին ընդունել է ՀՀ վարչապետը


Քարդաշյաններն էլ իրենց հերթին նշել են, որ տպավորված են Հայաստանով եւ մարդկանց ջերմ վերաբերմունքով: Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով` պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով:

Քլոե Քարդաշյանը` Երեւանում


Քույրերի խոսքով`  իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին եւ երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար եւ նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ եւս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ կարեւորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/, gov.am-ի եւ Splash News-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW