×


Քնարիկ Զաքարյան.“Մեկ-մեկ վիճում ենք, բայց…”

Քնարիկ Զաքարյանն իր մայրիկի` Կարինե Ոսկանյանի նման ընտրել է դերասանի ուղին, սակայն նրանք աշխատում են տարբեր թատրոններում. Քնարիկը՝ Մհեր Մկրտչյանի անվան, իսկ Կարինեն՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Քնարիկն այս շրջանում նաեւ նկարահանվում է, պատրաստվում է վերսկսել երգել  “Չորս տարբերակ” խմբի կազմում: Այս ամենին զուգահեռ նա խնամում է իր փոքրիկներին: Օրեր առաջ BRAVO.am-ը լուսանկարել է մայր ու դուստր դերասանուհիներին, 4-ամյա Տիգրանին ու 1,5 տարեկան Նատալիին:

Քնարիկ Զաքարյանը` մայրիկի եւ երեխաների հետ


Թեեւ օգոստոսն է, բայց աշխատանքային եռուզեռի մեջ եմ, ինչի արդյունքը մարդիկ կտեսնեն աշնան ընթացքում:
  “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում սպասվում է Ուիլյամ Շեքսպիրի “Անսանձ կնոջ սանձահարումը” գործի բեմադրության պրեմիերան: Ներկայացման մեջ ես մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհուն՝ Կատարինային: Ցավոք, այժմ դերասանի մասնագիտությունն արժեզրկվել է. մի քանի անգամ սերիալում նկարահանվելով` մարդիկ իրենց դերասան են համարում, երբեմն վիրավորական ու ծիծաղելի է, որովհետեւ շատ աշխատատար մասնագիտություն է, պարտադիր տնային աշխատանք է պահանջում, երեխաներիս քնելուց հետո կարդում ու սովորում եմ իմ դերերը:

Մեկ այլ նոր ներկայացման մեջ եմ ընդգրկված, որը, հավանաբար, կներկայացնենք Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Խաղընկերներս Սամվել Թոփալյանն ու փոքրիկ Վահագն են, որի հետ նկարահանվել եմ Հայկոյի տեսահոլովակում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործ է, անդրադարձ փրկված երեխաներին, ովքեր, օտարության մեջ ապրելով, կարողացել են հայ մնալ ու չկորցնել իրենց արմատների հետ կապը: Այդ ներկայացումը պատրաստվում ենք խաղալ նաեւ թատերական փառատոնների շրջանակում, բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է:

Քնարիկ Զաքարյանը՝ դստեր հետ


“4 տարբերակ” խմբի անդամներով աշխատանքից դուրս շատ մտերիմ ենք: Երբ առաջարկեցի նախագիծը վերականգնել, բոլորը համաձայնեցին: Ժամանակն է թողարկել մի երգ, որը թարմ ու հետաքրքիր կլինի: Առաջին երգից շատ բան է կախված. պարզ կլինի` որքանով է մեր վերադարձը տեղին ու արդարացված: Հուսամ, որ խմբի վերադարձը մեկ երգի պատմությամբ չի ավարտվի: Ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ` խանութի վաճառողուհին, ֆիտնեսի սրահում մարզվող աղջիկը, տաքսու վարորդը եւ այլք, հետաքրքրվում էին մեր խմբով: Երգելու ցանկություն իսկապես ունեմ, բեմը կախվածություն է առաջացնում, առանց դրա շունչդ կտրվում է:

Ի ուրախություն ինձ, նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում, այն էլ գլխավոր հերոսուհու կերպարում: Մեր թատրոնի ղեկավար Ալբերտ Մկրտչյանը Սոս Սարգսյանի  “Լակոտը” վիպակի հիման վրա սկսել է նկարահանել խաղարկային ֆիլմ, որում իմ խաղընկերներն են դերասաններ Արեն Վաթյանը, Արմեն Սարգսյանը եւ այլք:

Նկարահանումների առաջին մասն իրականացրել ենք Ստեփանավանում:
Հաջորդ հատվածը, հավանաբար, աշնան ընթացքում կնկարահանվի: Սյուժեն Ստալինյան ժամանակաշրջանում ապրած երեք մարդու մասին է` մեկ բակում մեծացած, նույն դպրոցը հաճախած աղջկա եւ երկու տղայի սիրային եռանկյունու ու դժբախտ ճակատագրերի մասին: Շատ նուրբ ու հուզիչ գործ է. Սոս Սարգսյանը գրքի առաջին էջում գրել է, որ այն նվիրում է իր քրոջը: Կարծում եմ` երանելի դեր է յուրաքանչյուր դերասանուհու համար. Թագուհու կերպարը շատ եմ սիրել:

Քնարիկ Զաքարյանը` երեխաների հետ


Անկեղծ կխոստովանեմ, որ նկարահանվելուց առաջ շատ էի վախենում, որովհետեւ թատրոնից հետո կինոն այլ աշխարհ է: Թատրոնում քո խաղացածը ֆիլմի համար գերխաղ է. էկրանից սուտ ու կեղծ է թվում, նույն կերպ ֆիլմի խաղը թատրոնի համար կեղծ է, որովհետեւ բեմում քո հույզերն ու ապրումները պիտի շատ լինեն, որ հանդիսատեսին հասնեն: Սկզբում անընդհատ ուզում էի ինձ կադրում տեսնել, հասկանալ` արդյոք գերխաղի մեջ չեմ, հուսամ՝ այդ խնդիրը հաղթահարեցի: Անգամ հետո թատրոնում փորձերի ժամանակ Գրիգոր Խաչատրյանը դժգոհում էր իմ խաղից, որովհետեւ ավելի ցայտուն ու գունեղ խաղ էր հարկավոր:

Աշխատանքս շատ է, բայց առաջին պլանում ընտանիքս է: Անկախ ամեն ինչից՝ երեխաների հետ մի քանի օր կհանգստանանք Հայաստանի գեղատեսիլ որեւէ վայրում: Քանի որ հանգիստն առանց ջրի չեմ պատկերացնում, կընտրենք այնպիսի հյուրանոց, որ լողավազան լինի: Տիգրանին ու Նատալիին խնամելու հարցում օգնում է դայակը, ով մեր ընտանիքին հարազատ մարդ է դարձել: Երբ ամուսինս աշխատանքի չի լինում, եւս օգնում է: Տիգրանը հաճախում է մանկապարտեզ, նաեւ ներկա է լինում թատրոնի փորձերին, արդեն գիտակցում է, որ ես բեմում այլ դերում եմ: Երբ հարցնում եմ՝ կցանկանա խաղալ, օրինակ, Բուրատինո, ծիծաղում է, հստակ չի պատասխանում, բայց զգում եմ, որ արվեստը դուր է գալիս: Արդեն ինքն է ընտրում` ուր գնալ, ասում է՝ “Մամ, ուզում եմ գնալ Կառուսիկի թատրոն, այսինքն՝ մայրիկիս մոտ”:

Քնարիկ Զաքարյանը՝ դստեր հետ


Մայրս երկար տարիներ աշխատում է Մալյանի անվան թատրոնում: Դեռ միասին բեմում չենք խաղացել, բայց ցանկություն ունենք: Սպասում ենք` որեւէ ռեժիսոր այնպիսի գործ բեմադրի, որ միասին աշխատենք, գուցե ես լինեմ նույն կերպարը երիտասարդ տարիքում, նա՝ ավելի հասուն: Մեզ հաճախ նմանեցնում ու նույնիսկ շփոթում են, անգամ մեր խաղաոճն են նմանեցնում: Ամենից շատ կարեւորում եմ մայրիկիս մասնագիտական կարծիքը, նա պարտադիր ներկա է լինում գլխավոր փորձերիս, խիստ է դատում: Մեկ-մեկ վիճում ենք, ես չեմ ուզում իր կարծիքն ընդունել, բայց գիտեմ, որ թերություններս շատ ճիշտ է նկատում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է “El Garden”-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին