17 Փետրվար 17
Օրգազմի խնդիր
 
 
0

Կանանց սեքսուալ հաճույքի բացակայության առիթով ամենահայտնի, սիրողական մակարդակի արտահայտությունը, թերեւս, հետեւյալն է՝ «կնոջ անօրգազմիայի մասին լուրերը տարածում են այն տղամարդիկ, ովքեր ի վիճակի չեն օրգազմ ապահովել»: Այստեղ կա ճշմարտության հատիկ, բայց, կարծում եմ, անարդարացի է ողջ պատասխանատվությունը տղամարդկանց վրա բարդելը: Անօրգազմիան, իրականում, սեքսուալ բնույթի տարածված խանգարում է, որն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Խանգարման հիմքում ընկած է սեքսուալ հաճույքի գագաթնակետին, նույն ինքը՝ օրգազմին, հասնելու անկարողությունը: Ընդ որում, օրգազմի բացակայություն կարող է լինել թե՛ զուգընկերոջ հետ սեքսի, թե՛ մաստուրբացիայի (ինքնաբավարարման) փորձերի դեպքում:  


Ըստ սեքսոլոգների՝ ամենատարբեր պատճառներ կարող են լինել`


*հոգեսեքսուալ ու պուբերտատային(սեռահասունացման)հապաղում,


*սեքսում ընտրված սխալ դիրքեր,


*կնոջ հոգեէրոտիկ տրամադրվածության ոչ բավարար նախապատրաստում,


*փեթինգի բացակայություն,


*զուգընկերոջ վաղաժամ սերմնաժայթքում,


*սեռօրգանների զարգացման անոմալիա,


*ընդհատված սեռական ակտ,


*սեքսուալ բնույթի բարդույթներ, ամոթի զգացում, կարծրատիպեր եւ այլն:


Ամենավատն այսքանում այն է, որ սեքս-զուգընկերները հաճախ չեն բարձրաձայնում այս ամենի մասին, չեն քննարկում դրանց՝ խնդրի պատճառ լինելու հավանականությունը, էլ չեմ ասում, որ կանայք տարիներ շարունակ չեն բարձրաձայնում օրգազմի բացակայության մասին, չեն դիտարկում դա՝ որպես խնդիր սեքսուալ կյանքում:  


Երկրորդային պատճառներ էլ կան, որոնք կարող են բերել անօրգազմիայի՝


*դեպրեսիվ հոգեվիճակ եւ նեւրոզներ,


*սթրեսային հոգեվիճակ,


*սոմատիկ հիվանդություններ,


*հորմոնալ խանգարումներ,


*զուգընկերոջ սեքսուալ խանգարում,


*զուգընկերոջ հետ հոգեէմոցիոնալ կապի խանգարում եւ այլն:


Կարելի է խոսել անօրգազմիայի մասին, եթե՝


*սեռական ակտի ընթացքում կինը հաճելի զգացողություններ ունի, բայց օրգազմը չի կայանում,


*սեքսի ընթացքում կնոջ մոտ տհաճ զգացումներ են նկատվում, եւ օրգազմ չի ստացվում,


*կինը բացարձակապես անտարբեր է սեքսի նկատմամբ:


Ըստ սեքսոլոգների՝ նշված իրավիճակները կարող են զուգակցվել ամենատարբեր համադրություններով, ուժգնություններով ու չափաբաժիններով: Դրանցից յուրաքանչյուրն էլ անօրգազմիայի առկայության նշան է: 


Կնոջ անօրգազմիայի արդյունքում կարող է ստեղծվել հուսահատության հոգեվիճակ: Սա իր հերթին կարող է բերել նյարդային խանգարման, դեպրեսիայի, լիբիդոյի նվազման ու սեքսի ընթացքում տհաճ զգացողությունների: Եթե այս ամենը երկար տեւի, կինը կարող է առհասարակ հրաժարվել սեքսից ու սեռական կյանքից:   


Բժիշկ սեքսոլոգ Վահե Ասրյանը նշում է.«Հայաստանում արված հետազոտություններ ու վիճակագրական թվեր չկան, բայց ըստ իմ մասնագիտական փորձի՝ անօրգազմիան շատ տարածված է երկրում: Կանանց մեծ մաս հենց այս խնդրով է դիմում: Միջին տարիքը՝ 30-ից բարձր»: 


Ի՞նչ անել, ու՞մ դիմել


Կարեւոր է հստակ իմանալ, որ անօրգազմիայի դեպքում պետք չէ դիմել գինեկոլոգի, նյարդաբանի, հոգեբանի. այցելել պետք է սեքսոլոգի, ով անհրաժեշտության դեպքում կուղղորդի այլ մասնագետների մոտ ու կհամագործակցի նրանց հետ: Այս խնդրի նկատմամբ կոմպլեքս մոտեցում պետք է լինի, անհատական զննմամբ՝ հաշվի առնելով բարդության աստիճանն ու պարզելով առաջացման իրական պատճառները: 


«Անօրգազմիան չբուժելու հետեւանքները կախված են այն բանից, թե օրգազմն ինչ նշանակություն ունի կնոջ կյանքում, ու դրա բացակայությունը որքանով է անհանգստացնում նրան: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր մեծ հիասթափություն են ապրում սերմնաժայթքման ու օրգազմի բացակայությունից, որոշ կանանց օրգազմի բացակայությունն ընդհանրապես չի մտահոգում»,-նշում է սեքսոլոգ Ասրյանը:


Սեքսոլոգը թվել է անօրգազմիայի հետ կապված ամենամեծ թյուրիմացությունները.


*«Հաճախ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում է ունենում, որի արդյունքում սեռական ակտը կարճ է տեւում, ու կինն օրգազմի չի հասնում: Բայց զույգը որոշակի գիտելիքի չտիրապետելու պատճառով անտեսում է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրն ու ենթադրում, որ կնոջ մոտ կա անօրգազմիա, որը բուժել է պետք»:


*«Որոշ կանայք չգիտեն ու չեն պատկերացնում՝ որն է օրգազմը ու դա նույնացնում են սեքսուալ ցանկության կամ պարզապես գրգռվելու հետ»:


*«Լինում են դեպքեր, երբ կանայք չգիտեն, որ մաստուրբացիայի արդյունքում ստացած օրգազմը նույնպես օրգազմ է, ու պնդում են, թե երբեւէ օրգազմ չեն ունեցել»:


Անօրգազմիայի բուժման մեջ կարող են ներառվել՝


*կնոջ զգայունության վերականգնում,


*զուգընկերոջ սեքսուալ խանգարման վերացում,


*աշխատանք հոգեթերապեւտի հետ, ինչը կօգնի կնոջը հաղթահարել հոգեբանական բնույթի բարդույթները, վախերը, վերադարձնել սեքսուալ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը,


*դեղորայքային միջամտություն (հակադեպրեսանտներ, հորմոնալ պրեպարատներ, վիտամիններ),


*ֆիզիոթերապիա (հիդրոթերապիա),


*էլեկտրախթանում,


*վիբրոմերսում,


*օպերատիվ ու ինվազիվ միջամտություն՝ անատոմիական դեֆեկտների դեպքում:


Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
24750 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: