×


Այլընտրանքային արվեստ

Այլընտրանքային արվեստ

Ցուցահանդեսը, ռոքը, թատրոնը, գրականությունը` մեկ փառատոնում:) ՆՓԱԿ-ում` Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, ապրիլի 8-ին բացվել է Այլընտրանքային արվեստի 15-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը մեկնարկեց ցուցահանդեսով, որի մասնակիցները ներկայացնում են ամենատարբեր թեմաներով լուսանկարներ, ինստալացիաներ, կոլաժներ, գեղանկարներ, ռոբոտներ եւ այլն: Ցուցասրահներից մեկում քար էին ջարդում ու տաշում` հիշեցնելով Ջուղայի, Նախիջեւանի խաչքարերի պահպանման խնդրի մասին, մյուսում պատերից կախված լուսանկարներ էին, կար նաեւ լեգոյով պատրաստված ինստալացիա: Exibition Փառատոնի համադրող Արփա Հակոբյանը ասաց, որ հայտերի ընդունման հիմնական պայմանը եղել է նոր գործեր ներկայացնելը` առանց թեմատիկ սահմանափակման. “Այս տարի ծրագրում ունենք ալտերնատիվ երաժշտություն, գրականություն, թատրոն: Գրողները ծանոթ կլինեն սոցիալական ցանցերից ու բլոգոսֆերայից` ԳարՍու, Օֆելի Մինասյան, Սարգիս Լեփեջյան, Տաիշա Աբելար, Նարե Աթոյան: Նրանց գործերը նախապես դրել ենք կայքում, որ քննարկման եկողները կարդան այդ ծավալուն ստեղծագործությունները կամ էլ զրույցին մասնակցեն, հետո գնան ու կարդան”: Արփա Հակոբյանը նշեց` նախորդ տարվա աշխատանքները չեն ցուցադրվում, կան մասնակիցներ, որ նորից ընդգրկված են, բայց նոր գործերով. “Կերպարվեստի բաժնում ներկայացվել է 45 հայտ, որոնցից ոչ մեկը չի մերժվել: Մասնակիցները մեզ թելադրեցին, թե ինչպես են ուզում ներկայանալ: Ցուցահանդեսն առանց կոնցեպտի է, քանի որ այդքան տարբեր ու հետաքրքիր մասնակիցներին չի կարող համադրողը ուղղվածություն տալ: Փառատոնն իր բովանդակությամբ, գործերի քանակությամբ ու տեսակով այլընտրանքային է”: Փառատոնի մասնակից Մասնակիցներից Աշխեն Դավթյանը “36 կադր” խորագրով լուսանկարների մի ամբողջ շարքով էր ներկայացել  ցուցահանդեսին: Ֆոտոժապավենի վրա փակցրել էր 46 լուսանկար: Ասում է` չի սիրում լուսանկարելիս բեմադրել, ֆիքսում է այն, ինչն իր աչքն է որսում. “Դասախոսս` Հրաչյա Աշուղյանը, ինձ միշտ ասում էր, որ իմ լուսանկարների ցուցահանդեսն անեմ: Ինձ համար լավ առիթ է փառատոնի շրջանակներում ներկայանալ, տեսնել մյուսների աշխատանքները, համեմատել ու համեմատվել: Ինձ համար շատ այլընտրանքային, լավ իմաստով աննորմալ գործեր կան, այսպես ցուցադրվելն ավելի հետաքրքիր է”: Ազգությամբ իրանցի Ալի Անսարին նկարիչ-դիզայներ է, նաեւ թատրոնի դերասան ու գրաֆիտիի մասնագետ: ՆՓԱԿ-ի ցուցահանդեսներին ու փառատոներին ներկայանում է ամենատարբեր աշխատանքներով: Այս անգամ ներկայացրել է մի ինստալացիա, որը վերնագրել է “Էկոնոմիկայի հեղափոխությունը”. “Թելերից կախված ծակ գդալներն ու ծռմռված պատառաքաղները չեն հասնում հացին, այս նույն իրավիճակը մեր կյանքում է: Շատ թանկարժեք բաներ կան աշխարհում, թեկուզ ոսկի ու արծաթ, որ չենք օգտագործում ու չունենք: Աղքատության մասին է խոսքը, ինչը չի ճանաչում ոչ ազգ, ոչ երկիր, ոչ էլ կրոն: Գդալները ոսկեզօծ են, բայց ծակ են, օգտագործման համար պիտանի չեն”: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի ուսանող Արմեն Տիրատուրյանը մի քանի աշխատանք է ներկայացրել` ռոբոտ, լուսամփոփ ու գրաֆիկ գործեր: “Ռոբոտը Գյումրին է խորհրդանշում. իրար վրա հենված, բայց անկայուն հիմքով է, ամեն րոպե կարող է փլվել: Լուսամփոփն էլ բոլոր կողմերից մոխրագույն է, միայն լույսի ներքո հստակ երեւում է պատկերը, հենց այդ լույսի շնորհիվ ենք ապրում”, - այսպես մեկնաբանեց իր աշխատանքները Արմենը: Լուսանկարիչ Հերբերտ Քոսոյանը իր տարբեր տարիների լուսանկարներից կալաժներ էր  հավաքել. ““Արվեստների խաչմերուկում” կոլաժով արվետի ամենատարբեր ճյուղերը համադրել եմ: Կոլաժի ֆոտոներից մեկը հաղթել է մրցույթում: Պարբերաբար մասնակցում եմ այլընտրանքային փառատոնին, բայց ամեն տարի ներկա չեմ լինում: Երբ ասելիք եմ ունենում, ցուցահանդեսը լավ առիթ է, որ դատարկեմ մեջս կուտակվածը, դեռ շատ նկարներ ունեմ, կարծում եմ` նորից կմասնակցեմ”: Herbert Qosoyan Համադրող Արփա Հակոբյանը նկատել է, որ այցելուներն ավելի շատ միջին ու բարձր տարիքի մարդիկ են, քան դեռահասներն ու երիտասարդները. “Ի դեպ, այդ տարիքի այցելուներն այս արվեստի մեջ չեն, ուղղակի հետաքրքրվում են, երեւի ազատ ժամանակ շատ ունեն, ուզում են նոր բան տեսնել: Այս փառատոնն արել ենք հենց այն մարդկանց համար, ովքեր արվեստի բնագավառից չեն. նրանց կարծիքը շատ կարեւոր է”: Փառատոնի շրջանակում ապրիլի 13-ին ՆՓԱԿ-ում Հայաստանի ռոբոտնեի բաց առաջնություւնն է, ապրիլի 15-ը գրականության զրույցի օրն է, ապրիլի 16-ին ռոք ու ավանգարդ երաժշտություն է հնչելու: Մասնակցում են “Ճիճու”, “Warm Rain”, “Colors of music”, “Miq's Art project” եւ այլ նորաստեղծ խմբեր ու անհատ կատարողներ: «Մեր երաժշիտները հայտնի անուններ չեն, ուզում ենք նրանց արտահայտվելու, երգելու հարթակ տրամադրել: Հետաքրքիր է, որ մասնակցելու համար մեզ դիմել են հիմնականում ռոք խմբերը: Ուզում էինք, որ բազմազան երաժշտություն հնչի, բայց այս տարի ռոքային է ստացվել», - հայտնեց Արփա Հակոբյանը: Փառատոնը բաժանված է որոշակի ենթաբաժիների` կերպարվեստ, թատրոն ու կինո, ավանգարդ ու ռոք երաժշտություն, գրականություն, արվեստաբանություն: Այն կտեւի մինչեւ ապրիլի 23-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին