×


Արամ Թալալյան

Արամ Թալալյան

Դասական երաժշտության “հյուրատարափ” մեր քաղաքում 2010 թվականի հուլիսից Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բարի ավանդույթ է ձեւավորվել. յուրաքանչյուր չորեքշաբթի այնտեղ դասական երաժշտության երեկո է: :) “Արիետե” Գաֆեսճյան արվեստի կենտրոնը` դասական գծով գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանի գլխավորությամբ հրավիրում է երաժիշտներին եւ հնարավորություն տալիս ելույթ ունենալու ու ներկայանալու սեփական ծրագրերով: Կենտրոնի ղեկավարության նպատակներից մեկն է հրավիրել մեր այն հայրենակիցներին, ովքեր այս կամ այն պատճառներով երկար ժամանակ ելույթ չեն ունեցել Հայաստանում: Դեռ անցյալ տարվանից սկսած դահլիճը հյուրընկալել է թե տեղական, թե արտասահմանյան բազմաթիվ հյուրերի: Դասական երաժշտության սիրահարները արդեն հնարավորություն են ունեցել ունկնդրել Ֆրանկֆուրտի սիմֆոնիկ նվագախմբի փայլուն ջութակահարներից մեկին` Հովհաննես Մոկացյանին, Պորտուգալիայի Գյուլբենկյան նվագախմբի առաջին ալտահար, դիրիժոր Սամվել Բարսեղյանին, իր գործունեությունը Անգլիայում ծավալած թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին: Հետաքրքիր կապ է ստեղծվել նաեւ վրացի երաժիշտների հետ: Այստեղ հյուրընկալվել են Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վաժա Ազրաշվիլին, Թբիլիսիի օպերայի գլխավոր դիրիժորի տեղակալ Ալեկո Խենդրավան: Դասական երաժշտության “հյուրատարափ” մեր քաղաքում 2011 թվականին ԳաֆեսՃյանի դասական չորեքշաբթիների շրջանակներում եւս “հյուրատարափ” է սպասվում :): Եվ այսպես, մարտին Երեւան կժամանի դաշնակահար Միքայել Բալյանը: “Սիրո՞ւմ եք արդյոք դուք Բրամս”: Ուրեմն հատուկ ձեզ համար ապրիլին հայտնի ջութակահար Լեւոն Չիլինգիրյանը մեր երիտասարդ երաժիշտների հետ միասին կներկայացնի ռոմանտիկ ծրագիր` Շուման, Մենդելսոն եւ… Բրամս: Նաեւ սպասվում է 20-21-րդ դարերի լավագույն դաշնակահարներից մեկի, կիսով չափ մեր հայրենակից, նկարիչ Ժորժ Յակուլովի թոռան` Յակով Յակուլովի ելույթը, ով Երեւան կժամանի Բոստոնից: Իրանից կհյուրընկալվի հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Հուշիար Խայամը: Տեղական երաժիշտներից ելույթ կունենան Արմեն Բաբախանյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, “Սերենադ” կվարտետը, Սվետլանա Նավասարդյանը: Բայց մինչ այդ` հունվարին ու փետրվարին եւս հետաքրքիր համերգներ են սպասվում: Ստեղծվել է “Արիետե” լարային տրիո` թավջութակահար Արամ Թալալյանի, ջութակահար Լուսինե Աղաբաբյանի եւ ալտահար Լիլիթ Մխիթարյանի մասնակցությամբ: Հենց այս նորաստեղծ տրիոն ելույթ կունենա հունվարի 26-ին եւ կներկայացնի Մոցարտ, Հայդեն եւ Բեթհովեն: Ariete & Julieta Vardanyan Փոտրվարի 2-ին կարող են ունկնդրել թավջութակահար Արամ Թալալյանի  եւ  դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի “Ars Lunga” դուետը: Այն ստեղծվել է երկու տարի առաջ եւ այժմ աշխատում է “Հայկական թավջութակային եւ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա” լայնածավալ ծրագրի վրա: Դուետը կատարում եւ ձայնագրում է հայկական երաժշտության պատմության մեջ եղած բոլոր ստեղծագործությունները` գրված թավջութակի եւ դաշնամուրի համար: Սա ինքնատիպ նախագիծ է, որը կտեւի մոտ երկու տարի եւ կավարտվի ձայնագրությունների ծավալուն շարանով` 10-12 ձայնասկավառակներից բաղկացած մեծ ալբոմ, գրքույկ, որտեղ ներկայացված կլինեն կոմպոզիտորների կենսագրությունները: Ի դեպ, երիտասարդ կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը մի ստեղծագործություն է գրել հատուկ այս դուետի համար ու որպես ամանորյա նվեր ներկայացրել դուետի անդամներին: Այսպիսով, 2011 թվականի չորեքշաբթիները եւս հագեցած են լինելու դասական երաժշտությամբ, հետաքրքիր հյուրերով եւ ծափահարություններով :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Արամ Թալալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին