×


Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյան

“Ամուսինս միշտ ինձ հետ է…” Հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը, որը ծառայում է հայկական զինված ուժերում, դադարից հետո կրկին ստեղծագործում է: Նա իր նոր ասելիքն ամփոփել է  “Բարեւ” CD-ում: Armine Hayrapetyan Արմինե Հայրապետյանն օրերս “The club”-ում, որտեղ եւ պարբերաբար ելույթ է ունենում, իր նոր ձայնասկավառակն է ներկայացրել ու երգերն իր սիրելի կիթառով կատարել ներկաների համար: Իր խոսքով՝ շնորհանդեսի օրը հենց այնպես չի ընտրել. այդ օրը ծննդյան օր չէ, այլ հակառակը… 2008-ի նոյեմբերի 4-ին դժբախտ պատահարի պատճառով կյանքից հեռացել է իր ամուսինը՝ ռազմական օդաչու, կապիտան Արշակ Ներսիսյանը: “Հոգու խորհրդավոր օր է, լրացել է մահվան երրորդ տարին, բայց չեմ ուզում այս երեկոն ողբերգական դարձնել, ամուսինս միշտ ինձ հետ է…”, - խոստովանել է Արմինեն: CD Իր երգերով նա պատկերներ է նկարում, ներկապնակում գույների փոխարեն բառերն են “խոսում”: “Ձայնասկավառակում ես եւ կիթառն ենք: Որքան բառերի մեջ եմ անկեղծ, այնքան էլ ինքս եմ չափից ավելի անկեղծ: Ոչինչ փոխված չէ, կրկնակի չեմ նվագել, տեխնիկական հնարքներ չեմ օգտագործել: Սա իր թերությունն ու առավելությունն ունի. հնարավոր է՝  ինչ-որ հնչյուն լավ չհնչի, բայց անմիջականությունն ունկնդիրն անմիջապես կզգա”, - BRAVO.am-ին ասել է հեղինակ-կատարողը: Մինչ հեղինակային երգերն ունկնդրելը՝ հյուրերը դիտել են փոքրիկ տեսանյութ Արմինեի ընտանիքի՝ ամուսնու, երկու որդու մասին: Կիթառով կինը երգերը կատարելիս շփվել է հանդիսատեսի հետ, կիսվել իր մտորումներով. “Պատանեկան տարիքում ավելի հոռետես էի, հիմա դարձել եմ անհավանական լավատես: Ինձ թվում է՝ դեռ ամեն ինչ հնարավոր է. հրաշքներին հավատում եմ”: Armine and Arshak Արմինեի խոսքով՝ “Բարեւ” ձայնասկավառակի ամբողջ միտքն անկեղծությունն է. “Երգերից ամեն մեկը, կարծես, իր ճիշտ հերթականությամբ լինի: Չկա մեկ երգ, որ կցանկանայի ավելացնել, եւ չկա երգ, որ չպիտի լիներ ու կա սկավառակում: Կյանքիս այս փուլի երգերն են…”: “Բարեւ”-ը հեղինակ-կատարողի երկրորդ CD-ն է, առաջինն անվանել է “Ես ետ կգամ”, որը թողարկվել է 2005-ին. “Այդպես էլ եղավ, դադարից հետո նորից ետ եկա, նորից բեմում եմ: Առանձնապես միտք չունեի երգերս տարածելու, բայց ինքն իր հունով տարածվում էր, ձեռքից ձեռք փոխանցվում”: Ձայնասկավառակում ընդգրկված է 11 երգ` “Բարեւ”, “Ես գնում եմ հանդիպման”, “Մի նայիր աչքերիս մեջ”, “Դու գնում ես”, “Երբ ծառաները տերեր դառնան”, “Պառավ աշունը”, “Ազատ անկում”, “Օրոր” եւ այլն: “Բարեւ”-ն այժմ վաճառվում է միայն “Ակումբ”-ում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Արմինե Հայրապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին