×


Արշակ Սիրունյան

Արշակ Սիրունյան

Աչքերի թարթման ջազային ռիթմը Երաժշտությունն ապրելակերպ դարձրած, ջազը դասականից գերադասող ամերիկաբնակ ջազ-դաշնակահար Արշակ Սիրունյանը 2002 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում: BRAVO.am-ն հանդիպել է հանգստի նպատակով Հայաստան ժամանած երաժշտի հետ, զրուցել եւ լուսանկարել իր ուսանողական տարիների սիրելի վայրում՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում: Arshak Sirunyan - Ի՞նչը ստիպեց կոնսերվատորիայի ուսանողին ամեն ինչ թողնել ու առանց ընտանիքի մեկնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք: -Այստեղ երաժշտությունը փոքր-ինչ ճահճային վիճակում էր, երիտասարդ երաժիշտներն ամեն կերպ փորձում էին մեկնել` արտերկրում սովորելու եւ աշխատելու: Ես միանգամից երկու բաժնում էի սովորում՝  դաշնամուրային ու կոմպոզիտորական: Ինքս լինելով ջազի մեծ սիրահար՝ որոշեցի գնալ եւ ուժերս փորձել ջազի երկրում: Գիտակցում էի, որ դասական ու ջազ երաժշտությամբ Երեւանում չեմ կարողանա գումար վաստակել, կամ էլ ստիպված նվագելու էի ռեստորաններում: Այստեղ դեռ նոր են սկսում մասսայական համերգներ կազմակերպել, լսել ու տեղ տալ ջազին: -Փաստորեն “ամերիկյան երազանքիդ” ետեւից էիր գնացել… :) - Այո, բայց սկզբում շատ դժվար էր: Ամերիկացիների հետ շփվելիս չէի կարողանում նախադասություններն իրար կապել, չնայած` ինչ-որ չափով անգլերեն գիտեի: Գրքեր կարդալով, ֆիլմեր դիտելով, անընդհատ շփվելով` կարողացա սովորել ամերիկյան անգլերենը: Բախտի բերմամբ, ընկերներիցս մեկը բալետի դպրոցում էր աշխատում, իր առաջարկով ինձ ընդունեցին որպես դաշնակահար: Arshak Sirunyan - Մինչ մեկնելդ այստեղ թողարկել էիր “Հայկական ժողովրդական մեղեդիներ” ձայնասկավառակը: Այն հաջողություն ունեցա՞վ: - CD-ն կոմերցիոն նպատակով չէր արտադրվել, ավելի շատ ներքին խոհանոցի համար էր: Ընկերոջս՝ դուդուկահար Արթուր Եղիազարյանի հետ այն ուղարկեցինք ԱՊՀ մի քանի երկիր, նույնիսկ հիշում եմ՝ ֆիլմերից մեկի համար որպես երաժշտություն օգտագործվեց, բայց մեծ հաջողություն չբերեց: Պետք է նշեմ, որ ամերիկացի ծանոթներիս համար շատ հետաքրքիր էր լսել մեր ազգային երգերը, մանավանդ կլանված լսում էին դուդուկի, թավշվիի ձայնը: Հաջորդ ձայնագրություններիս համար որոշել եմ օգտագործել նաեւ թավշվիի ձայնը: -Ետ գնանք մանկություն. քո ցանկությա՞մբ ես գնացել երաժշտական դպրոց: -Չորս տարեկան էի, երբ հայրս, ով քիչ, թե շատ նվագել գիտի, ինձ սովորեցրեց մեկ ձեռքով, ապա ակորդներով ինչ-որ մեղեդիներ նվագել: Հետո սկսեցի հեռուստացույցով լսածս տարբեր մեղեդիներ լսողությամբ նվագել. ինքնաբերաբար ստացվում էր: Ծնողներս ինձ ոգեւորությամբ չեն տարել դաշնամուրի. ինքս էի ուզում սովորել, եւ առաջին դասվարիս խորհրդով ընդունեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց: Arshak Sirunyan -Պարտաճանաչ պարապում ու նվագում էիր՝ բակային խաղերն ու հաճույքները թողա՞ծ: -Հակառակը, այդ տարիքում չարաճճի էի, չէի սիրում տանը պարապել: Նույնիսկ երաժշտությունը ձայնագրում էի, միացնում, որ մերոնք մյուս սենյակից լսեն, ես էլ համակարգչային խաղերով էի տարվում:): Միայն քննություններից ու համերգներից առաջ էի ժամերով նստում ու նվագում: Պատասխանատվության զգացումից ելնելով՝ կարողանում էի լավ նվագել ու բարձր գնահատականներ ստանալ: -Հայաստանում ստացած երաժշտական կրթությունդ Միացյալ Նահանգներում որքանո՞վ է քեզ օգնել: - Շատ բախտավոր եմ, որ Երեւանում եմ սովորել. մեզ մոտ առավելությունները շատ են: Ամերիկյան երաժշտական դպրոցներում հիմնովին չեն սովորում, մանավանդ դաշնամուրի ուսումը մակերեսային մակարդակի վրա է: Երեխաներին համակարգված գիտելիքներ չեն տալիս, այսինքն՝ սոլֆեջիո, հարմոնիա, երաժշտության պատմություն համարյա չեն դասավանդում: Իսկ հետխորհրդային երկրների, նաեւ Գերմանիայի “շկոլան” այնտեղի համեմատ ավելի շատ գիտելիք է տալիս: Իսկ աշխատել Երեւանում, այո, եկամտաբեր չէ, բայց Միացյալ Նահանգներում էլ պետք է փորձառու ու պրոֆեսիոնալ լինես, որ կարողանաս փող աշխատել: Ջազում այլ է. երաժիշտները հաճախ են իրար հետ համագործակցում, համերգներ տալիս, նոր նախագծերի համար հրավիրում են աշխատելու, ի վերջո ձայնասկավառակների վաճառքը եւս եկամուտ է ապահովում: Arshak Sirunyan - Վաշինգտոնում 3 ձայնասկավառակի վրա ես աշխատել, որոնք թողարկվել են հենց ամերիկյան լսարանի համար: Ովքե՞ր են գնորդները: - Հիմնականում այն երաժշտասերները, որոնք գալիս են համերգներին, ոգեշնչվում, մյուսներն էլ, ծանոթանալով երաժշտությանը, եւս որոշում գնել: CD-ներն ամենաշատը վաճառվում են համերգներից հետո կամ նոր թողարկված ժամանակ: - Վերջին՝ 2010-ին թողարկած “Journal” ալբոմի ստեղծագործությունները գրելիս ինչի՞ց ես ոգեշնչվել, ստեղծածդ երաժշտությունն ինչի՞ հետ ես ասոցիացնում: - Շապիկի նկարն արտահայտում է ամենը. մարդկային ստվերը նայում է դեպի հեռու՝ ապագային, արեւին: Ինչ-որ տեղ ասոցիացնում եմ կարոտի հետ, երբ դու արտերկրում ես, բայց միտքդ ու հոգիդ Երեւանում է: Յոթ գործից առաջինն ու վերջինը սոլո են, մյուսները՝ տրիո: Առաջին ստեղծագործությունն անվանել եմ “11:11”. չգիտեմ ինչու՝ այս թվերը միշտ տեսնում եմ ամեն տեսակ ժամերի վրա ու մեջս հարց էր առաջանում՝ ինչու եմ անընդհատ նկատում: Մի առավոտ էլ հենց այդ ժամին որոշեցի ստեղծագործել, որից հետո ժամի վրա 11:11 էլ չէի տեսնում, բայց որոշ ժամանակ անց նորից սկսեցի նկատել: Մի փոքր միստիկ է հնչում, բայց դրանից ոգեշնչված ստեղծագործել եմ:): “Twitching Eye”-ը ստեղծվեց այն ժամանակ, երբ աչքս ջղաձգվում էր: Ես էլ ուզում էի հասկանալ՝ ինչ ռիթմ ունի թարթելը, ինչը վերածվեց երաժշտության:  “When I Go Back” ստեղծագործությունը կարոտի, սպասումներիս արդյունքն է, երբ երկար ժամանակ Հայաստանում չէի եղել. մելամաղձոտ ու երազկոտ է ստացվել: “Seven”-ը բլյուզային է, իմ մտերիմ ընկերների թիվն է խորհրդանշում: Միասին անցկացրած լավ օրերից ներշնչված գրեցի` նվիրելով ընկերներիս: “To My Beloved Stranger”-ը նվիրված է այն աղջկան, ում իրականում չէի տեսել, բայց վիրտուալ շփումով սիրահարվել էի: Ինձ համար անսպասելի էր պլատոնական սեր ասվածը, այդպես էլ չհանդիպեցի սիրելի անծանոթուհուն: “Karma”-ով՝ դրական էներգիայով ավարտում է ալբոմը: Arshak Sirunyan -Երաժշտությամբ զբաղվելն ապրելակե՞րպդ է դարձել: - Այո, երաժշտությունն իմ երջանկությունն է, հաց ու ջուրը, իմ առօրյան է, առանց որի ապրել չի ստացվում: Կարող եմ չնվագել, դադարներ տալ, բայց ինձ երաժշտությունից դուրս չեմ զգում: Մանավանդ սիրում եմ ջազի հարուստ աշխարհը, որտեղ իմպրովիզներ անելու, նորը հայտնաբերելու հնարավորություններն այնքան շատ են: Ջազի անսահմանության շնորհիվ կարող ես տարբեր երկրների մշակույթներն ու երաժշտությունը միախառնել ու քո տեսակն էլ ավելացնել: - Ջազի երկրում օտարերկրացի երաժիշտը հնարավորություն ունի՞ կայանալ, սեփական ձեռագիրը ստեղծել եւ ինչ-որ տեղ իր ասելիքով զարմացնել: - Երիտասարդ ջազ երաժիշտների մեջ շատ են տաղանդավորները, եւ մրցակցությունը շատ մեծ է: Ջազի երկրում աշխատելով` չի նշանակում միանգամից կարող ես մեծ համբավ ունենալ: Մյուս կողմից լավ է. ավելի շատ ես տեղեկացված, ապրում ես այդ մթնոլորտում, ձգտում ես նորամուծություններ անել, որ ստանդարտի մեջ չլինես: Կարծում եմ՝ երաժշտի ամենամեծ նվաճումը սեփական ձեռագրով ճանաչվելն է:): -Ամերիկաբնակ հայ ջազմենների հետ շփում ունե՞ս, համագործակցության, կապեր հաստատելու քայլեր ձեռնարկո՞ւմ ես: - Քչերին եմ ճանաչում. “Կատուներ” բենդից Արտյոմ Մանուկյանին դեռ Երեւանից գիտեմ: Կապը պահպանել ենք, ուզում եմ հաջորդ նախագծի մեջ իրեն էլ ձայնագրել: Շատ տաղանդավոր դաշնակահար է Տիգրան Համասյանը, ում ընդամենը երկու անգամ եմ հանդիպել, շատ չենք շփվել: Նաեւ գիտեմ Արմեն Հյուսնունցին, Վահագն Հայրապետյանին: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհամագործակցենք ու հենց Երեւանում համերգներ կունենանք, ուղղակի չգիտեմ համերգ տալ հայ, թե ամերիկացի երաժիշտների հետ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում եմ: Arshak Sirunyan - Իսկ Հայաստանի երգիչների, կատարողների մեջ  կա՞ մեկը, ում կատարմամբ կուզեիր լսել քո ստեղծագործությունները: - Շատ քչերին գիտեմ, դրա համար չեմ կարող ասել: Ավելի շատ պատկերացնում եմ՝ Միացյալ Նահանգներում ով լավ կերգեր: Երազում եմ, որ իմ սիրելի ջազային երգչուհիներից մեկը՝ Dee Dee Bridgewater-ը երբեւէ երգի իմ գործերից մեկը: - Չե՞ս ուզում վերադառնալ Հայաստան՝ ապրելու եւ աշխատելու: - Երբ գալիս եմ հանգստանալու տուրիստի կարգավիճակով, հասկանում եմ՝ միտքս, սիրտս, հարազատներս այստեղ են, դրանից ինձ լավ եմ զգում, բայց ԱՄՆ-ից դժգոհ չեմ. ստեղծագործում եմ, գումար եմ աշխատում, շփվում ու համագործակցում այնպիսի երաժիշտների հետ, որ առաջ անհնար կթվար: Երբ ընտանիքը կազմեմ, կուզեմ` երեխաներս ամիսներով այստեղ մնան, բակում խաղան, իրար ծեծեն ու ակտիվ մանկություն ունենան:): Arshak Sirunyan - Ընկերուհիդ հայաստանցի է, քեզ համար կարեւո՞ր է հայի հետ ամուսնանալը:): -Միայնակ դժվար կլինի երեխաներիդ հայեցի մեծացնելը:): Չեմ բացառում, որ վերջնական կվերադառնամ, բայց այժմ նոր համերգների առաջարկներ, նոր նախագծեր ունեմ, որոնք միգուցե մեծ հաջողություն բերեն: - Առաջիկա համերգդ սեպտեմբերի 28-ին է՝ Վաշինգտոնի “Blues Alley” ջազային ակումբում: Երկա՞ր ժամանակ պահանջվեց այդտեղ հասնելու համար: - Հունիսին “Clarice Smith Performing Arts Center” համերգասրահում տրիո համերգ կայացավ տաղանդավոր երաժիշտներ Cheikh NDoye-ի ու John Lamkin III-ի հետ, որոնց հետ բախտ ունեցա համագործակցելու: Մարքեթինգի, կազմակերպչական հարցերով ես էի զբաղվում: Բացի վերջին ալբոմի գործերից, հանդիսատեսին ներկայացրինք “Մարտիկի երգը”՝ ջազային նոր մշակմամբ: Այդ համերգից հետո հայտնվեցին հովանավորներ, որոնք ցանկացան մեր տրիոն տեսնել հայտնի այդ ջազ-ակումբում, որտեղ բազմաթիվ լեգենդներ են ելույթ ունենում եւ ամիսներ առաջ են կազմում համերգների հերթականությունը: Մտածում եմ՝ կարելի է եւս մեկ հայկական երգ ներկայացնել ամերիկացի երաժշտասերներին:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Արշակ Սիրունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին